«Պաշտոնյաներին փող ենք տալիս՝ չեն աշխատում, հիմա ուզում ենք մարդկանց ձրի աշխատեցնել». Աշոտ Խուրշուդյան
Այսօր խորհրդարանում ֆիզիկական անձանց համընդհանուր եկամուտների հայտարարագրման նախագծի վերաբերյալ քննարկման ընթացքում տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն ասաց, որ սովորաբար ռազմավարությունը, ռազմավարական նպատակները որոշում են և հետո, որպեսզի արդյունավետ իրականացնեն՝ պրոցեդուրաներ են մշակում, որոնք, տնտեսագետի խոսքով՝ կարևոր են։
«Հետո ռազմավարական նպատակը մոռանում են, այս պրոցեդուրաներն են դառնում նպատակ, հետո գալիս է մի պահ, որ առհասարակ մոռանում են, թե ինչո՞ւ են այդ պրոցեդուրաները գրել։ Տեխնիկական գիտության մեջ դա կա, քանի որ թվայնացման մասին ենք խոսում, կոչվում է տեխնոլոգիական պարտք, կա նաև բյուրոկրատական պարտք և իմ ասած պրոցեդուրալ պարտքը։ Սա այն պարտքն է, որ աշխարհը զարգանում, առաջ է գնում, բայց այդ պարտքը վրադ բեռ է նստած, դու պետք է հրաժարվես այդ պարտքից ու նորը գրես։ Ուղղակի, երբ դա անում ես առանց ռազմավարական նպատակի, դառնում է ինքնանպատակ։ Այստեղ ես այդ ռազմավարական նպատակն ընդհանրապես չեմ տեսնում՝ սա է խնդիրների խնդիրը»,- նշեց Աշոտ Խուրշուդյանը։
Շարունակելով միտքը՝ տնտեսագետը նաև ասաց, որ ամեն ինչից խոսեցին՝ սոցիալական հարցերից, կրթությունից, մշակույթից և այլն, սակայն հարկային հարցերի մասին չխոսեցին։ Ըստ այդմ, Աշոտ Խուրշուդյանը հարց ուղղեց նախագիծը ներկայացնող Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին։
«Ի՞նչ կլինի, եթե սա առհասարակ չընդունենք, ասացեք այն կորուստները, որ երկիրը կկրի, եթե այս փաթեթը չընդունենք։ Ուզում եմ տեսնեմ՝ այդ ի՞նչ ռիսկի առաջ ենք կանգնած, որ անպայման ուզում ենք այս փաթեթն ընդունենք։
Ի դեպ, որպես փաստ՝ ավելացնեմ, որ վերջին տարիներին եկամտահարկի գծով՝ ամենալավը բյուջեում շատ լավ առաջ է գնում, կարծես թե խնդիր չունենք։
Բեռը միայն ֆիսկալ բեռ չէ, մենք մարդկանց ձրի աշխատեցնում ենք՝ միլիոնավոր մարդկանց։ Մենք այստեղ պետական պաշտոնյաներին փող ենք տալիս, իսկի փողով չեն աշխատում, ձրի ուզում ենք միլիոն մարդկանց աշխատեցնել։ Արդյո՞ք հարկային փոփոխություն է լինելու այդ ինտերֆեյսի մեջ։ Օրինակ, հարկային գործակալ հասկացությունը վերանալո՞ւ է, թե՞ չէ, որովհետև կրկնակի, եռակի ու քառակի աշխատանք է լինում։ Ես որ միայն աշխատավարձ եմ ստանում, հարկային գործակալս ներկայացնում է, մի հատ էլ ե՞ս պետք է լրացնեմ, թե՞ չէ, և սա բեռ է, որովհետև վարչական և այլ հետևանքներ է թողնում։
Երրորդ հարցն էլ տամ՝ հարկային չեմ հիշում որերորդ օրենսդրությամբ, ես ապշեցի, որ դա տեսա, գույքը որպես պարտավորություն է նաև սահմանած։ Մենք ըստ էության ֆիզիկական անձանց վրա դնում ենք իրենց ամբողջ բալանսը ներկայացնելու պարտավորություն, երբ պետությունը դա այսօր չի անում, Ֆինանսների նախարարությունը մինչև հիմա չի կարողանում միջազգային ստանդարտում նորմալ բալանս տա։ Եթե մենք գնում ենք մշակույթի փոփոխության, առաջինը մենք մեզանից պետք է սկսենք»,- ընդգծեց տնտեսագետը։
Աշոտ Խուրշուդյանը նաև շեշտեց՝ 21 տարի կողմ է եղել հայտարարագրմանը, կարող է գովել ու լավ բաներ ասել, սակայն մտահոգությունն այն է, որ նպատակները լրիվ ցրված են, ուրիշ են, «մեգա» են։
«Ես մշտապես վախենում եմ «կախարդական փայտիկ» ներկայացվող ցանկացած փաթեթից, դա վախենալու է։ Հիշեցնեմ՝ դիկտատուրական երկրներում օֆշոր ստեղծվել է, որպեսզի մարդիկ կարողանան իրենց եկամուտները թաքցնեն, ի սկզբանե այն որպես լավ բան է ստեղծվել։ Մենք չգիտենք, թե վաղը-մյուս օրը Հայաստանն ինչ պետություն է լինելու, դա քաղաքական վիճակից է դրդված, դրա համար դնել ինստրումենտ, որը կարող է մեգա հնարավորություններ տալ՝ պիտի «գցենք-բռնենք» էլի»,- հավելեց տնտեսագետը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում