Հայաստանում սահմանադրական կարգը ոչնչացվել է, երկրում անձնիշխանություն է. ո՞ւր է նախագահը. Պողոսյան

ՀՀ սահմանադրության առաջին հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ երկրորդ հոդվածը, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այսինքն, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների և հանրաքվեների միջոցով:

«Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» թեմայով քննարկմանը միջազգային իրավունքի մասնագետ, սահմանադրա-միջազգային իրավունքի մասնագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը նկատեց, որ այս ամենն այսօրվա Հայաստանում խաթարված է, չկա, ուստի հիմա իրենք քննարկում են սահմանադրական կարգի վերականգնման հարցը:

«Եթե խոսում ենք կոնկրետ այսօրվա մասին, ապա առաջին մեխանիզմն ընտրություններն են: Այս տարի պետք է տեղի ունենան հերթական ընտրությունները, կարող են նաև արտահերթ, բայց, ամենայն հավանականությամբ, սա բացառված է, թեպետ իրավաբանորեն հնարավոր է: Ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունն ամենակարևոր մեխանիզմն է: Կա նաև երկրորդ տարբերակը՝ մինչև ընտրությունը պառլամենտի միջոցով իշխանության փոփոխությունը, բայց դրա հավանականությունը գնահատում եմ զրոյական: Այսօր մենք ունենք պառլամենտական մի այնպիսի գերհսկա մեծամասնություն, որը լուռումունջ հետևում է իր առաջնորդի ցանկացած անբնական, անտրամաբանական քայլին: Հետևաբար, ԱԺ-ի կողմից Փաշինյանին անվստահություն հայտնելու տարբերակն առաջիկա ժամանակահատվածում գնահատում եմ զրոյական»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ գործող սահմանադրական կարգը չի նախատեսում իշխանության կենտրոնացում մեկ անձի ձեռքում:

Այսօր, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի ձեռքում է գործադիր, օրենսդիր և, ինչո՞ւ չէ՝ դե ֆակտո դատական իշխանությունը: Ինչպես է դա հնարավոր:

Կարդացեք նաև

Սահմանադրագետի խոսքով, երբ անձն ունենում է սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում, և այնպիսի մեծամասնությունը, որը որևէ ձևով չի ցանկանում հակաճառել իր քաղաքական լիդերին, այստեղ Սահմանադրությունը, ըստ էության, անզոր է, քանի որ այն աշխատում է մարդկանց միջոցով:

«Երբ մենք համեմատում ենք մեր ունեցած կառավարման մոդելները, որևէ տարբերություն այդ առումով չկա: Ավելին, պառլամենտական համակարգում ավելի մեծ է հավանականությունը, որ կարող ես փոխել անձնիշխան ղեկավարին, որն իր ձեռքում կենտրոնացրել է ամբողջ իշխանությունը, եթե պառլամենտում կարողանում ես նման մեծամասնություն հավաքել: Եթե դու ունես նման մեծամասնություն, քո նկատմամբ միակ ռեալ վերահսկողությունն անկախ դատական իշխանությունն է»,- նշեց Վարդան Պողոսյանը՝ վստահեցնելով, որ 2015 թվականին սահմանադրական փոփոխություններով նախատեսել են բազմաթիվ մեխանիզմներ, որ դատական իշխանությունը հնարավորինս ձերբազատվի գործադիրի ազդեցությունից:

«Հիմա մենք տեսնում ենք, որ դատական իշխանությունը, և առաջին հերթին՝ Սահմանադրական դատարանը, հակասահմանադրական սահմանադրական փոփոխություններից հետո, ամբողջությամբ դարձել է վարչապետի կամակատարը՝ գործեր չի ընդունում քննության, ժամկետներն է ձգում տարիներով: Մինչդեռ Սահմանադրական դատարանը ստեղծվել է այսօրվա իշխանության և վարչապետի թելադրանքով, և բոլոր այն դատավորները, որոնք 2020 թվականի հակասահմանադրական սահմանադրական փոփոխություններից հետո են դարձել ՍԴ դատավոր, իրենք պարտավոր են իրենց պաշտոնով այդ անձնավորությանը և ծառայում են իրեն»,- շեշտեց սահմանադրագետը՝ կրկնելով, որ ՀՀ-ում սահմանադրական կարգն առնվազն 2020 թվականի հունիսից ոչնչացվել է, և իրավիճակն առավել է խորացել հետո, և այսօր մենք ունենք անձնիշխանություն:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս