«Գիշերն օգնել է, որ իմ խրամատը խորացնենք, առավոտ ռմբակոծության տակ ընկանք»․ 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Մանուկյանը 20 տարեկան չկար
44-օրյա պատերազմում նահատակված Նարեկ Մանուկյանը երեկ՝ նոյեմբերի 21-ին, կդառնար 22 տարեկան։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ նրա շիրիմին, հիշատակի ու հարգանքի տուրք մատուցելու էին եկել ընտանիքի անդամները, հարազատները, մարտական ընկերները։
Սա Նարեկի երրորդ ծնունդն է, որ հարազատները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են նշում։
«Նարեկս ֆիզիկապես մեզ հետ չի, բայց հոգեպես մեր սրտերում է։ Մոր համար զավակի կորուստն ուղղակի անընդունելի է, ոչ մի կերպ չես կարող համակերպվել այդ մտքի հետ։ Նարեկս 2020 թվականի հոկտեմբերի 22-ին է զոհվել, մեկ ամիս անց՝ նոյեմբերի 21-ին, ծնունդն էր՝ 20-ամյակը։ Ես շատ մեծ խանդավառությամբ պատրաստվել էի, որ պետք է տղայիս 20-ամյակը տանը նշեմ՝ ջերմ միջավայրում, բայց այդ օրը «Եռաբլուրում» եղանք։
Որոշել եմ, որ ամեն տարի պարտադիր պետք է նշեմ, ու աշխատում եմ չլացեմ այս օրը, որովհետև Նարեկս չէր սիրում ինձ լացելուց տեսնել, իր համար դա շատ ցավալի էր, կարծում եմ՝ յուրաքանչյուր որդու համար մոր արցունքները թանկ են։ Փորձում եմ այսօր ինձ ձիգ պահել հանուն իրեն․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մայրը՝ Մարինե Հովասափյանը։
Նարեկ Մանուկյանի մարտական ըներներից Բագրատ Ղարիբջանյանը ևս «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր։ Մեզ հետ զրույցում նա հիշեց պատերազմի օրերը, ասաց՝ Նարեկի կայացրած որոշումների շնորհիվ է, որ ինքը և էլի շատ տղաներ այսօր ողջ են.
«Նարեկը ավագի դերում էր, շատ որոշումներ հենց ինքն էր կայացնում, մենք էլ միշտ լսում էինք նրան, որովհետև ինքն ավելի հասուն ու ճկուն մտածելակերպ ուներ, և դա շատ անգամ օգնել է մեզ պատերազմի ժամանակ։ Լիքը դեպքերում իր կայացրած որոշումների շնորհիվ կարողացել ենք ողջ մնալ։ Վերջին անգամ իր զոհվելու օրն ենք տեսել իրար, գիշերն ինձ օգնել է, որ իմ խրամատը խորացնենք, առավոտ ռմբակոծության տակ ենք ընկել․․․»։
Հերոս Նարեկ Մանուկյանի ծննդյան օրը «Գոյապայքար» հասարակական կազմակերպությունը նրան հետմահու պարգևատրեց «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, այն հանձնեց ՀԿ-ի նախագահ Ռուբեն Այվազյանը․
«Հայաստանի Հանարապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության և ազատագրման մարտական գործողություններին մասնակցած, զոհված, դասակի հրամանատար կրտսեր սերժանտ Նարեկ Հրաչյայի Մանուկյանին հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, քանի որ ինքնուրույն ծրագրելով հարձակողական իր պաշտպանական մարտավարության ծրագիրը, իր նախաձեռնողականության և բանիմացության շնորհիվ փրկել է իր զինակից ընկերների մեկ տասնյակից ավելի կյանքեր, ինչպես նաև ջախջախել է հակառակորդի բազմաթիվ կենդանի ուժեր»։
Ավելի վաղ 168.am-ն անդրադարձել էր 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Մանուկյանի կյանքին և պատերազմի ժամանակ ցուցաբերած արիությանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում