«Բեկորը Նարեկիս սրտի մեջ է մտել, ինքն ուրիշ վիրավորում չուներ»․ Արցախում զոհված Նարեկ Մանուկյանի զորացրվելուն 100 օր էր մնացել

«Դժվար ծնունդ է եղել Նարեկս, դրա համար էլ անունը Նարեկ ենք կնքել, որպեսզի Սուրբը պահապան լիներ իրեն․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Մանուկյանի մայրը՝ Մարինե Հովասափյանը։

Նարեկը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 21-ին՝ Երևանում՝ դիզայների ընտանիքում։ Ունի իրենից 2 տարով փոքր եղբայր․ 5 տարի առաջ հայրը հանկարծամահ է եղել․․․ Մայրը պատմում է, որ դեռ մանկուց որդին աչքի է ընկել իր ճարպկությամբ, քաջությամբ, սովորելու ընդունակությամբ և անսահման բարությամբ․

«Ինքը մեր պարծանքն էր, շատ խելացի էր, ամեն ինչը հաշվարկված, մտածված էր անում, ահավոր զգույշ, ահավոր բարի, բարության մարմնացում։ Այնքան բարի, որ ես մեկ-մեկ ջղայնանում էի, ասում էի՝ էդքան բարի մի եղիր, էդքան ներող մի եղիր, մարդիկ առիթից օգտվում են»։

Երբ Նարեկը դպրոց գնաց, շատ քիչ էին 2000 թվականին ծնված երեխաները, ամբողջ դպրոցում ընդամենը մեկ՝ 15 հոգանոց դասարան էր ձևավորվել։

«Դպրոցում Նարեկս աղջիկների պահապանն էր․․․ 9-րդ դասարանն ավարտելուց հետո, տեղափոխվեց Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոց, 3 տարի էլ այնտեղ սովորեց՝ արդեն մասնագիտականով։ Ինքն ութերորդ դասարանից արդեն հստակ որոշել էր, թե ուր պետք է ընդունվեր, ու դա անբեկուն որոշում էր։ Նարեկիս ճանաչողներն ասում էին՝ շատ բարեխիղճ է, լավ բժիշկ կարող է դառնալ, բայց ես չէի կարող իր որոշման վրա ազդել, ինքը միանշանակ որոշել էր, որ պետք է դիզայներ դառնար, իր պապայի գիծը շարունակի, բայց ավելի շատ՝ վեբ դիզայն։ Ընդունվեց Ճարտարապետաշինարարականի դիզայնի բաժինը, մի կիսամյակ սովորեց ու զորակոչվեց»,- պատմեց զոհված զինվորի մայրը։

Առողջական խնդիրները Նարեկին չէին խանգարել, որպեսզի զորակոչվեր, ինքնուրույն որոշել և մեկնել էր ծառայության:

«2019 թվականի հունվարի 31-ին՝ զորակոչի վերջին օրը, որոշեց, որ պետք է գնա ծառայի։ Առողջական խնդիրներ ուներ, որ կարող էր ազատվել, բայց ինքը տղամարդավարի որոշեց, ասաց՝ ես անպայման պետք է ծառայեմ, ես ոչ մեկից առավել չեմ, ես իմ տղամարդկությունը պետք է ցույց տամ, այս կյանքում ես ոչ թե ուրիշներին, այլ ինքս ինձ ապացուցելու բան ունեմ․․․ Մինչև այդ ինքն իր բոլոր դասընկերներին զինկոմիսարիատից ճանապարհեց բանակ, վերջում մնաց ինքը մենակ, ինքն իրեն ճանապարհեց։ Լացելով ճանապարհել եմ․․․»,- հիշեց զինվորի մայրը։

Նարեկը ծառայության էր անցել Կապանում, 3 ամիս անց՝ զինվորական երդում տալուց հետո, նրանց գունդը տեղափոխվել էր Սանասար (Կուբաթլու)։

«Այնտեղ ծառայեց մինչև վերջ․․․ շատ սրտացավորեն այդ չաստը նորոգել էին, ավելի ուշ, որ իմացավ՝ Կուբաթլուն հանձնվել է՝ ահավոր ծանր տարավ, շատ էր նեղվել, ասաց՝ մամ, մեր չաստը չկա էլ։ Թշնամին Կուբաթլուն մի անգամ վերցրել էր, հետո նորից մերոնք հետ էին վերցրել, բայց նորից ադրբեջանցիները վերցրեցին․․․ Սեպտեմբերի 25-ին Նարեկիս գունդը համար 1 տագնապով Կուբաթլուից տեղափոխել են Ջրական (Ջաբրայիլ), հետո նորից հետ են գնացել։ Սեպտեմբերի 27-ի ցերեկը՝ ժամը 1-ին, զանգեց, ասաց՝ մամ ջան, ամեն ինչ նորմալ է, մենակ դու քեզ լավ պահի․․․ Ինքը շատ ջերմ էր նաև խոսքերի, բառերի մեջ, ասաց՝ ցավդ տանեմ, դու քեզ լավ պահի, մեռնեմ կյանքիդ, մամ ջան․․․ ասաց՝ մեզ տանում են այնտեղ, որտեղ միշտ տանում են։ Ես այդ պահին չհասկացա, բայց հետո, որ վերլուծեցի, նոր գլխի ընկա, որ Ջաբրայիլ էին տանում․․․, իր ծառայության ընթացքում 5 անգամ իրենց Ջաբրայիլ էին տարել՝ զորավարժությունների, խրամատ փորելու, պատրաստվածության բերելու․ 40 օրով տանում էին։ Պատերազմը սկսվելուց 10 օր առաջ էին երեխեքը հետ եկել զորավարժությունից՝ քրքրված շորերով, ասաց՝ մամ, շորերս լրիվ վարի է, կարո՞ղ եմ իմ համար շոր առնել, ասացի՝ հա, Նար ջան, դու վերցրու, ես գումարը կուղարկեմ, նոր շորեր էր առել, սիրում էր լավ հագնվել, մաքուր, կոկիկ․․․։ Առողջական խնդիրների պատճառով երբեմն ցավեր էր ունենում, բայց հաղթահարել էր, այնքան էր կայացել, որ իր լավ ծառայության համար կրտսեր սերժանտի կոչում էր շնորհվել, ջոկի հրամանատար էր, զինվորներին էլ ինքն էր ընտրել․․․»,- պատմեց զինվորի մայրը։

 

Պատերազմի 4-րդ օրն էր, Նարեկից ոչ մի զանգ, ոչ մի հաղորդագրություն չկար։ Տիկին Մարինեն պատմեց, որ հազարավոր ծնողների նման ինքն էլ հեռուստացույցի դիմաց գամված, շունչը պահած կարդում էր զոհվածների անունները՝ հույսով, որ որդու անունն այնտեղ չի գտնելու․

«Անընդհատ հայտարարում էին՝ հարավային ուղղությամբ թեժ մարտեր են, մենք չէինք հասկանում, հարավային ուղղությունը ո՞րն է, այնքան շոկային վիճակ էր մեր՝ ծնողներիս մոտ, որ չէինք հասկանում, թե ինչ է կատարվում։ Ոչ մի կերպ չէինք կարող միջամտել, գնալն անհնար էր, բոլորս էլ ուզում էինք մեր երեխեքի կողքին լինել, մատից փուշ հանել, բայց անհնար էր այնտեղ հասնելը, մեր հույսը միայն այն էր, որ նստեինք սպասեինք մի հատ զանգի, որը մեզ կյանք, ապրելու հույս կտար։ Ամբողջ օրը հեռուստացույցի առաջ գամված, վախենալով, դողալով՝ մեր զոհերի անուններն էինք կարդում, որքան էլ որ ցավալի էին մեր զոհերը, բայց ոնց որ ամեն մեկս մեր երեխու անունն էինք փնտրում՝ չուզենալով այն կարդալ․․․ 4 օր զանգ չէր եղել ընդհանրապես, հետո զանգեց․․․ ասաց՝ ամեն ինչ շատ լավ է, մամ ջան, դուխներդ չգցեք, տղեդ թագավորի պես կանգնած է, իրեն միշտ թագավոր էին ասում, իր զինակից ընկերներն են պատմում, որ բոլորի համար թագավոր ախպեր, մեծ ախպեր է եղել, իրեն այդպես են կոչել, որովհետև ինքը բոլորի համար ավելի հոգատար է եղել, քան իրենք իրենց նկատմամբ։

Տիկին Մարինեն պատմեց, որ առաջնագծի թեժ կետերում 1 ամիս կռվելուց հետո՝ հոկտեմբերի 10-15-ին, որդին իր ծառայակիցների հետ տեղափոխվել էր Գորիս․

«Նարեկս ինքնակամ է որոշել, որ պետք է իր ջոկով Գորիսի դիրքերը պահեն, սակայն այնտեղից տարել են Խնձորեսկ, այսինքն՝ իրենք եղել են Խնձորեսկի և Կուբաթլուի մեջտեղում, իրենք իրենց ձեռքով փորել, դիրքեր են սարքել ու հոկտեմբերի 18-ից այնտեղ են եղել, հոկտեմբերի 22-ի լույս առավոտյան կասետային ռումբ են գցել, ու բեկորը Նարեկիս սրտի մեջ է մտել, ինքն ուրիշ վիրավորում չուներ, արյան զեղում է տվել, իրեն օգնության են հասել, բայց վիրավորումը մահացու է եղել, հագին զրահաբաճկոն եղել է, բայց բեկորը կողքից է մտել․․․ Ինքը միշտ հույս էր տալիս, ասում էր՝ մամ, դու միշտ հիշիր, որ տղեդ լավ ա, եթե մի քանի օր չզանգեմ, դու մի անհանգստացիր, միշտ իմացիր, որ լավ եմ։ Ասում էի՝ գամ քեզ տեսնեմ, էլ կարոտին չեմ դիմանում, ասում էր՝ չէ, դու նստի տանը, ու սպասի, ես կգամ, ես իմ ոտքով կգամ․․․ Միշտ ասում էր՝ բունկերում ենք, ապահով ենք, երրորդ գծում ենք, «գրանատամյոտչիկ» էր ու շատ լավ տիրապետել է զենքին․․․»։

Նարեկի և տիկին Մարինեի այս հեռախոսազրույցը հոկտեմբերի 21-ի երեկոյան էր․․․ Հոկտեմբերի  22-ն էր, Նարեկը չէր զանգում, տիկին Մարինեն հերթով զանգել է այն հեռախոսահամարներով, որոնցով որդին իր հետ կապ էր հաստատում, փորձել էր ծառայակից ընկերներից որդու մասին տեղեկություն ստանալ, սակայն տղերքը չէին կարողացել մորն այդ մասին հայտնել և տարբեր պատճառաբանություններ էին բերել, թե իրենք այդ պահին Նարեկի մոտ չեն։

«Հոկտեմբերի 21-ի երեկոյան, որ զանգահարել էր, խնդրեց՝ հարազատ մարդկանց հեռախոսահամարները փոխանցեմ, հերթով գրանցեց․ իրենց բոլոր իրերը, այդ թվում՝ հեռախոսը, մնացել էին ԲՄՊ-ի մեջ․ ոնց որ մի բան զգացել էր, հերթով զանգել էր ցտեսություն անելու, այդպես վերլուծեցինք։ Համացանցում տարածվող տեսանյութերը, որ նայում էի, թե ոնց են վայրի խոզերը մարդկանց մարմինները հոշոտում, ասում էի՝ բալես, զգույշ կլինես, հանկարծ բոլորով չքնեք, միշտ մեկդ, երկուսդ թող արթուն մնա, որ պաշտպանի մյուսներին, ասում էր՝ մամ ջան, էդ վայրի խոզերն էնքան դիակներ են կերել, որ մեր վրա չեն էլ նայում․․․ սարսափելի բան էր․․․ Հոկտեմբերի 21-ի գիշերը բոլոր ընկերներին օգնել, խրամատները փորել էր, ամենավերջում նոր որոշել էր իրենը փորի, միշտ այդպես էր, բոլորի մասին մտածում էր, նոր՝ իր մասին, բոլորի համար պապա էր, բոլորի համար հոգ էր տանում։ Լուսադեմին էլ ընկերը քնած է եղել, հանել է, ասել՝ վեր կաց, խրամատդ մի քիչ էլ խորացրու, աչքիս առավոտ մի բան լինելու է։ Առավոտյան առաջինն ինքն է նկատել, որ թշնամու ԱԹՍ-ն իրենց նկարում է, ու զգուշացրել է բոլորին։ Այդ օրն իր ջոկի զինվորներից մեկի ծնունդն է եղել, իր խրամատից այդ զինվորի ծնունդն է շնորհավորել, ասել է՝ ծնունդդ շնորհավոր, հետո ասել է՝ բա ինձ չե՞ք շնորհավորում, էսօր իմ «стодневка»-ն է։ Ինքն այդ օրը մտել էր 100 օրվա մեջ, շատ երկար էր այդ օրվան սպասում, արդեն հետհաշվարկ էր գնալու այդ օրվանից, ու հենց այդ պահին էլ հարվածը եղել է, հենց այդ խոսքի վրա։ Ուղիղ 100 օր էր մնում․․․։

  

Ես իր ասած խոսքերին հավատալով, հետո, որ գիտեի՝ դեպի Գորիս են եկել, ասում էի՝ լավ, գոնե մի փոքր ապահով տեղ է, այդքան առաջնային գծերում լինելուց հետո։ 2 օր հեռուստացույց չէի նայել ու 23-ին, փաստորեն, զոհերի ցուցակում առաջինը հենց իմ երեխու անունն է գրված եղել։ Ինձ միշտ զանգում, Նարեկիցս հարցնում էին, բայց այդ օրը մի քիչ ուրիշ էին հարցերը, ասում էին՝ ի՞նչ կա Նարեկից, հաստա՞տ զանգել է։ Անհանգստացա, զանգեցի ընկերներին, մեկն ասում էր՝ մի քիչ հեռու ենք, մեկն ասաց՝ հոսպիտալ են տանում, ինչ-որ խառը բաներ, բայց էլի չհավատացի, որ ինչ-որ բան էր տեղի ունեցել, բայց փաստորեն ամեն մեկը մի բան ասել էր՝ խուսափելով առաջինը հայտնել գույժը․․․»։

 

Տիկին Մարինեն հավատալով որդու խոսքերին, զոհվածների անուններով հրապարակվող ցուցակներն այլևս չէր կարդում, սպասում էր Նարեկի տուն գալուն․

«Հետո, որ գիտեի՝ դեպի Գորիս են եկել, ասում էի՝ լավ է, գոնե մի փոքր ապահով տեղ է, այդքան առաջնային գծերում կռվելուց հետո․․․ 2 օր հեռուստացույց չէի նայել, ու հոկտեմբերի 23-ին փաստորեն զոհերի ցուցակում առաջինը հենց իմ երեխու անունն է գրված եղել։ Ինձ միշտ զանգում Նարեկիցս հարցնում էին, բայց այդ օրը մի քիչ ուրիշ էին հարցերը, ասում էին՝ ի՞նչ կա Նարեկից, հաստա՞տ զանգել է․ Հոկտեմբերի 24-ի առավոտյան փոքր տղաս, որը ևս ծառայության մեջ էր՝ Լուսակերտի զորամասում, sms գրեց՝ մամ, ինձ զորքից դուրս հանեցին ու հարազատներիս հեռախոսահամարներն էին ուզում, չգիտեմ՝ ինչ է կատարվում, ասել են՝ քեռի, հոպար, ո՞ւմ համարն ունես, տուր․․․ Արդեն անհանգստություն մտավ մեջս, որ Նարեկիցս էլ զանգ չկար, սկսեցի միայն վատը մտածել, հետո փոքր որդիս գրեց՝ ինձ բերում են տուն, էդ որ կարդացի, արդեն իմ մեջ համոզվեցի, որ անգամ վիրավորված լինելու հարց չի կարող լինել․․․ Եկավ տուն փոքր տղես, ու արդեն մարդիկ սկսեցին գալ, բայց էլի չգիտեի, որ անունը զոհվածների ցուցակում հրապարակվել է, խաբում ասում էին՝ վիրավոր է, հոսպիտալում է․․․

Սկսեցինք փնտրել հիվանդանոցներում, որ բոլոր հիվանդանոցներում հերքվեց, սկսեցինք մորգերում ման գալ, Մեծամորի մորգում գտանք․․․

Նարեկ Հրաչյայի Մանուկյանը հուղարկավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Նա հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Տեսանյութեր

Լրահոս