Քննիչին ասել եմ՝ բարձրանանք, զանգեմ, 5 րոպե հետո անուններով, հեռախոսի համարներով ասեմ. Արա Ռոստոմյան
«Երկու ամսվա մեջ, փաստորեն, իրենք դեռ չեն կարողացել նույնականացնել ոստիկաններին, երբ որ նկարներով կան: Ասում եմ՝ իրար հետ բարձրանանք քո կաբինետ, զանգահարենք, նկարները ուղարկենք, 5 րոպեի մեջ անուն-ազգանուններն իմանանք»,- Եռաբլուրում տեղի ունեցած բռնությունների գործով քննության ընթացքը ձգձգելու համար այսօր ՔԿ-ի մոտ ակցիա իրականացնելուց հետո գործով քննիչի ու վարչության պետի հետ զրույցի բովանդակությունը փոխանցեց զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:
Նրա խոսքով՝ երկու ամսվա ընթացքում դեռ որևէ ոստիկանի չեն կանչել հարցաքննության:
«Հարցնում ենք՝ իսկ գոնե իմացե՞լ եք՝ գրավոր հրաման՝ սեպտեմբերի 21-ին մեզ Եռաբլուրից բերման ենթարկելու, եղե՞լ է, թե՞ ոչ, դա էլ են դեռ ճշտում: Երկու ամսվա մեջ փաստորեն որևէ բան չեն արել»,- ասաց Արա Ռոստոմյանը:
Ըստ նրա՝ իրենց համար բարդ պրոցես է կարմիրբերետավորներին նույնականացնելը, բայց երբ իրենք են հունից դուրս գալիս, ու ասենք իրավապահների հետ խոսակցությունը լավ ընթացք չի ունենում, կես ժամ անց գալիս են իրենց հետևից:
«Վերջին դեպքերը, որ Կապանում եղան, մեր ծնողներին մեղադրեցին ոստիկանի համազգեստի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, երկու ժամ հետո եկան, տնից տարան: Միանգամից անուն-ազգանունով, բանով իմացան: Մեզ ասում են՝ բերեք, տվեք անունները: Բա դուք ինչի՞ համար եք, որ էլի ծնողները պիտի անեն ձեր գործը: Եթե այդպես է, թողեք, ռադներդ քաշեք, մենք հետաքննությունը կանենք»,- ասաց Արա Ռոստոմյանը:
Նրա խոսքով՝ իրենց խոստացել են խելամիտ ժամանակահատվածում գործին ընթացք տալ, բայց թե որքան է խելամիտ ժամանակահատվածը, չեն ասել:
«Մենք որքան հասկացանք, հրահանգ կա՝ ձգձգել: Այնպես չէ, որ քննիչներին կամ նույն վարչության պետին կարող ենք որևէ բան ասել: Երևում էր, որ սրտացավություն կա, բայց կաշկանդվածությունը երևաց: Քանի այս իշխանությունն է, որևէ հարց չի լուծվելու»,- ասաց Արա Ռոստոմյանը: