«Լրագրողների նկատմամբ որոշակի քամահրանք կա, պատգամավորը նման կերպ չպետք է լրագրողների հետ շփվի, էթիկական խնդիրներ կան». Արա Ղազարյան
Խորհրդարանական աշխատանքները լուսաբանող լրագրողները մշտապես թիրախավորվում են իշխանական պատգամավորների կողմից, մի քանի պատգամավորի մոտ այդ պահվածքն ավելի ընդգծված է, նրանցից մեկը Անդրանիկ Քոչարյանն է։
Նախորդ քառօրյայի ժամանակ, երբ լրագրողները Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարց էին ուղղել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն խոսակցությունները, որ թշնամին Ջերմուկի ճանապարհային հատվածներում բունկերներ է կառուցում, Սուրեն Պապիկյանը հրաժարվել էր պատասխանել հարցին: Փոխարենը՝ նյարդայնացել էր Անդրանիկ Քոչարյանը, որը, որպես «չինական պատ»՝ պաշտպանելով նախարարին լրագրողներից ու նրանց հնչեցրած հարցերից, նախ ասել էր, թե ինչ են անում, նկատի ուներ հարցեր տալը, այնուհետև հավելել էր. «Այսպես որ առաջնագծում ծառայեք, այնքան լավ կլինի»։
Դրան հաջորդող օրը ԱԺ ամբիոնից Անդրանիկ Քոչարյանը դժգոհեց, թե լրագրողները և օպերատորներն ԱԺ միջանցքում իր և Սուրեն Պապիկյանի դեմ «չինական պատ» էին կազմել, հավելելով. «Եռամսյա վարժանքներին փոխարինելու են 25-օրյա ուսումնական հավաքները, որին մասնակից են դառնալու բոլորը, այդ բոլորի մեջ արդեն չինական պատերը կվերանան»։
Միջազգային իրավունքի փորձագետ, իրավաբան Արա Ղազարյանի խոսքով՝ այստեղ հարցին այլ տեսանկյունից պետք է մոտենալ, քանի որ կա արդեն էթիկական խնդիր։
«Պատգամավորի էթիկական խնդիր կա, որ նման վարվելակերպը հասարակության աչքում ԱԺ ինստիտուտի հեղինակության վնասում է։ Պարզ է, հռետորաբանական հարցադրումներ է անում Անդրանիկ Քոչարյանը, նաև լրագրողների նկատմամբ որոշակի քամահրանք կա։ ԱԺ պատգամավորը նման կերպ չպետք է լրագրողների հետ շփվի, կարելի է այստեղ մտածել ուղղակի, որ վարքի հետ կապված, էթիկական խնդիրներ կան։ Բայց այստեղ կարելի է նման հարցադրում անել տվյալ իրավիճակում լրագրողներին։ Ըստ էության քննադատություն է, թե դուք լավ չեք տիրապետում իրավիճակին կամ ձեր հարցերը տեղին չեն, և այլն, սա հասկանալի է, բայց հիմնականում էթիկական խնդիրներ են առաջանում ոչ թե բովանդակության, այլ ձևի մեջ։ Կարծում եմ՝ սա անհարիր է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արա Ղազարյան։
Ըստ նրա, լրագրողները կարող են հեշտությամբ դիմել էթիկայի հանձնաժողով՝ պատգամավորի վարքը քննելու համար։
«Էթիկայի մշտական հանձնաժողով չկա, տվյալ իրավիճակում, ցանկացած անձ, այդ թվում՝ լրագրողը կամ լրագրողական որևէ միություն, կարող են դիմել՝ էթիկայի հանձնաժողով ձևավորելու համար, կարծեմ՝ ԱԺ նախագահին են դիմում, մնացածը կորոշի հանձնաժողովը։
Կառաջարկեի այդ ուղղությամբ գնալ, որովհետև սա այն դեպքն է, երբ դատարան չեն դիմի՝ վիրավորանք, զրպարտություն չէ, դա ավելի ցածր մակարդակի խոսք է։ Սա էթիկական խնդիր է»,- եզրափակեց Արա Ղազարյանը։