Տարածաշրջանի ամենաժողովրդավարական ուսը

Հայաստանում վերջին չորսուկես տարիներին ժողովրդավարությունը ենթարկվել է հետևողական, մեթոդական դեգրադացիայի։ Հեղափոխական, այսինքն՝ գոնե մակերեսային ընկալմամբ՝ ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հաշված տարիների ընթացքում դարձել է ավտորիտար ղեկավար՝ դրան բնորոշ բոլոր հատկանիշներով։ Նախ, նա հատ-հատ իրականացրել է բոլոր այն քայլերը, որոնց համար տասնամյակներ շարունակ քննադատում էր նախկին իշխանություններին, և մեծ հաշվով դրա շնորհիվ էլ եկավ իշխանության։

«Պադավատապետությունը» ծաղրող Նիկոլ Փաշինյանի այսօրվա շարասյունը հաշվվում է տասնյակին հասնող մեքենաներով, նրա իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները հաճույքով օգտվում են ծառայողական ոչ էժանագին ավտոմեքենաներից։ «Ախրաննիկներին» նվաստացնող Փաշինյանն այսօր շրջում է մի քանի տասնյակ թիկնապահներով, իսկ հարկատուները նրա թիկնազորի համար վճարում են ամեն տարի մեծ աճ արձանագրող աշխատավարձեր։

Կոռուպցիան ու թալանը քննադատող Նիկոլ Փաշինյանի մերձավոր ու ոչ մերձավոր շրջապատն այսօր անարգել մսխում է պետական միջոցները, մեկ անձից գնումներն ու միլիոնավոր դոլարների հասնող պետպատվերները դարձել են սովորական երևույթ, իսկ «համակարգային կոռուպցիան» դրոշակ դարձրածներն այսօր վայելում են «համակարգային պարգևավճարները»։ Երբեմնի օլիգարխները դարձել են «խոշոր գործարարներ» ու տասնյակ-միլիոնավոր դրամների արտոնություններ են ստանում կառավարության որոշմամբ…

 Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը՝ անձամբ, իսկ նրա իշխանությունը՝ հավաքականորեն, այսօր ամբողջությամբ կրում է բոլոր այն հատկանիշները, որոնց հղում կատարելով՝ նա ինքը տասնամյակներ շարունակ Հայաստանի իշխանությունը որակում էր՝ որպես ավտորիտար, բռնատիրական, կոռումպացված, թալանչի և այդպես շարունակ։ Բայց Նիկոլ Փաշինյանի ավտորիտար հակումները դրանով չեն սահմանափակվում։

Կարդացեք նաև

Նա հուշիկ քայլերով իրեն նույնացնում է պետության հետ և պետությունն օգտագործում է սեփական կամայականությունները բավարարելու նպատակով։ Նա արգելում է իրեն քննադատող օտարերկրացիների ու սփյուռքահայերի մուտքը Հայաստան, իսկ ՀՀ քաղաքացիություն ունեցող ընդդիմախոսների առաջ փակում է Հայաստանի ելքը։ Պատկերն ամբողջական է դառնում, երբ հիշում ենք, որ բոլոր այդ որոշումները կայացվում են պետական աշխատասենյակներում, որտեղ կախված են Նիկոլ Փաշինյանի լուսանկարները։

Որպես շարքային խորամանկ ու մանիպուլյատոր՝ Նիկոլ Փաշինյանն ավտորիտար բոլոր այս քայլերն անում է «օրենքի», «իրավականության», «ժողովրդավարության» փաթեթավորումներով, որոնցից հալվում են Հայաստանում գործող արևմտյան դեսպանները և նույնքան հալեցնող զեկուցագրեր են ուղարկում իրենց կառավարություններին։ Նրանք էլ՝ կրկին ցույց տալով, թե հալվում են «հայկական ժողովրդավարության նվաճումներից», դեմոկրատական թփթփոցներ են հասցնում Նիկոլ Փաշինյանի ուսին։

Փաշինյանին թվում է, թե իր ուսն իսկապես ամենաժողովրդավարականն է տարածաշրջանում, բայց ավելի հավանական է, որ խորամանկությունը բավականացնում է՝ հասկանալու համար, որ թփթփոցի նպատակը ոչ թե իր ուսի դեմոկրատական արժանիքների գնահատանքն է, այլ շոյողների աշխարհաքաղաքական շահերը։ Իսկ նրանց համար միևնույն է ուսի դեմոկրատիզացիայի մակարդակը, որովհետև նրանք սովոր են թփթփացնել նաև մաքուր բռնապետական բազուկներ՝ պայմանով, որ վերջինները բավարարում են իրենց երկրների գեոպոլիտիկ շահը։

Ահա այդպես էլ՝ աշխարհին դեմ արած սեփական ուսը՝ Նիկոլ Փաշինյանը զարգացնում է հայկական ավտորիտարիզմը՝ ի հաշիվ Հայաստանի շահերի, ի հաշիվ իրական ժողովրդավարության, բայց կարևորը՝ ի պետս սեփական իշխանության ամրապնդման։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս