«ՄԱԿ-ի 4 բանաձևերի հիշատակումը լսելիս, չգիտեի՝ Փաշինյանի՞ն եմ լսում, թե՞ Ալիևին». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ այն գործընթացները, որոնք այս պահին ծավալվում են Հայաստանի ու Արցախի շուրջ, ամենայն հավանականությամբ, իրար բացառող գործընթացներ չեն։
«Մենք թույլ չենք տա, որպեսզի հակահայկական այս կամ այն զարգացումը կանխելու համար իրացնելու գործիքներ չունենանք։ Ուստի, խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, երբեք չի դադարեցրել խորհրդարանական աշխատանքը, նույնիսկ ամենաթեժ ցույցերի պահերին այս կամ այն պատգամավորները միջազգային ֆորմատներում աշխատում էին խորհրդարանում։ Խոսքը վերաբերում է լիագումար նիստերի դահլիճ մուտք գործելուն, որը, չեմ կարծում, թե մեր գործելաոճում էական փոփոխություն է ծավալում։ Կարծում եմ՝ ռադիկալ ընդդիմություն լինելը՝ ասելով չէ, ուստի որքան էլ հիմա ասեմ, որ մենք շարունակում ենք մնալ ռադիկալ ընդդիմություն, վստահ եմ, որ մեր քաղաքացիները կգնահատեն մեր գործողությունները, որոնք սպասեցնել չեն տա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը։
Ըստ նրա, ընդդիմության օրակարգով ԱԺ վերադառնալը վերաբերում է ընդհանուր աշխատանքին։ Իսկ օրակարգը հետևյալն է՝ եթե խորհրդարանական ընդդիմությունը չիրականացնի խորհրդարանական այս կամ այն աշխատանքը, ապա միջազգային հանդիպումների ժամանակ, միջազգային գործընկերները կարող են լսել, օրինակ, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ խնդիր չունեն, բացի Լեռնային Ղարաբաղի հարցից, կամ անհրաժեշտ են համարում Արցախից բոլոր զորքերի դուրսբերումը։
«Նմանօրինակ հակապետական ու հակահայկական հայտարարությունները կմնան անպատասխան, այսինքն՝ մեր միջազգային գործընկերները չեն լսի, որ նշած երկու դրույթները, մեղմ ասած, աղերս չունեն իրականության հետ և չեն լսի, որ Հայաստանի ընդդիմությունը և ժողովուրդն անընդունելի ու ճակատագրական են համարում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների զատումն արցախյան հակամարտությունից։
Բերեցի հստակ օրինակ, թե ինչ տեղի կունենա, եթե խորհրդարանական ընդդիմություն չլինի»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ 30 տարի շարունակ բանակցային գործընթացում երբևէ Ադրբեջանի կողմից՝ որպես կռվան, չի ներկայացվել Ալմա Աթայի համաձայնագիրը, Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական մանիպուլյացիաներ իրականացնելու նպատակով ներքաղաքական դաշտ բերված երկու թեզերը՝ Ալմա Աթայի համաձայնագիրը և նրա կողմից եղած ցնդաբանությունը՝ 2010 թվականի վարչատարածքային բաժանման վերաբերյալ, վաղ թե ուշ դառնալու է Ադրբեջանի կողմից հերթական կեղծ կռվանը։
«Գագաթնակետն ուրբաթ օրը Փաշինյանի տված ինքնահարցազրույցի ժամանակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերի հիշատակումն էր, բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի թիվ մեկ կեղծ կռվանը ՄԱԿ-ի 4 բանաձևերն են, որոնք այս պահին ռելևանտ չեն և առհասարակ այդ բանաձևերով Հայաստանն ունի մեկ հանձնառություն, որը ժամանակին կատարել է։ Նա արել է մի շարք հայտարարություններ, որոնք համալրելու են Ադրբեջանի կեղծ փաստաթղթերի զինանոցը։ ՄԱԿ-ի 4 բանաձևերի հիշատակումը լսելիս, չգիտեի՝ Փաշինյանի՞ն եմ լսում, թե՞ Ալիևին»,- նշեց Հայկ Մամիջանյանը։