«Ասֆալտչիկ Սուրոն ու Նիկոլը սրա բացատրությունն ունե՞ն». Աննա Մկրտչյան

«Քանի՞ կոպեկ արժե մեր այստեղի ապրելը, եթե չենք կարողանալու արցախահայի կյանքի իրավունքն ապահովել, երաշխավորել իր կյանքն այնտեղ: Քանի՞ կոպեկ արժե մեր գոյությունը այն իրականության մեջ, որտեղ չեն լինելու Արցախը, արցախահայությունը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ նոյեմբերի 9-ը ոչ թե ցավոտ հիշողության կամ փարատված ցավի մասին է, այլ՝ անդադար կրկնվող դավաճանության, այդ դավաճանության ահագնացող չափերի, հայրենիքը կորցնելու, կոտրված լինելու. «Նոյեմբերի 9-ը կավարտվի միայն այն պահին, երբ մենք պատժենք դավաճանությունը, վերագտնենք մեր արժանապատվությունը, երբ նորից կարողանանք զգալ և հասկանալ՝ ինչ ասել է՝ հաղթանակ: Սրանք անում են ամեն ինչ, որպեսզի մենք մոռանանք այդ զգացողությունը, որպեսզի ընդամենը 5 տարի առաջվա իրականությունները, որ ունեինք ազատ Արցախով և Հայաստանով, այլևս երբեք վերադարձնելի չլինեն մեզ համար: Պետք է չմոռանանք կատարվածի մասին, կատարողների մասին և ապրենք հաղթանակի հույսով, որ մի օր պայքարի արդյունքում վերադառնալու են Շուշին, Հադրութը, անվտանգ Ջերմուկը, անվտանգ Սյունիքը, անվտանգ Հայաստանը: Հայաստանով հիմա որ շրջում ես՝ տպավորություն է, որ ամեն տեղ երկրի ծայրամաս է: Հայաստանի տարբեր վայրեր որ գնում ես՝ այն տեղանքներում է խրամատ փորված, որ չես կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս են կարողացել այդքան խորք հասնել»:

Աննա Մկրտչյանը շեշտեց. «Մեզ ոչ միայն տարան պարտության, այլև դավաճանեցին: Մեզ դավաճանեցին այնպիսի մասշտաբներով ու չափերով, որ անգամ հնարավորություն չթողեցին որևէ կերպ վերականգնվելու: Երբ մարդիկ անդադար ասում են՝ նոյեմբերի 9-ը… Նոյեմբերի 9-ը արձանագրումն էր նրա, ինչ 2018-ին մեր թշնամիները մեր նկատմամբ իրականացրեցին, 2018-ին իրենք հաղթեցին»:

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանը գրել էր, որ 2018-ի ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում ուրախացող մարդիկ են պատվիրել 2020-ի նոյեմբերի 9-ը և դա արել են անգիտորեն. «Ու այս խոսքերը մեղադրանք չեն նրանց հասցեին, ամոթանք չեն, պարսավանք չեն՝ ընդամենը փաստի արձանագրում են՝ կյանքից դաս առնելու համար»:

Կարդացեք նաև

Աննա Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում՝ այդ մարդիկ դասեր առե՞լ են:

«Իրենք 2018-ին շղարշ են եղել Հայաստանի թշնամիների, թուրք-ադրբեջանական փողերով իշխանության եկած դավաճանների համար: Իրենք շղարշ էին, վերջին ակորդը՝ ցույց տալու, թե իբր հայ ժողովուրդն է այս ամենը որոշել, ու դրանից հետո մեկընդմիշտ փակելու դուռը որևէ բան որոշելու: Մեզ անգամ զրկել են կամարտահայտության բնական իրավունքից: Մեր կամքի արտահայտումը սրանց մոտ առաջացնում է հիստերիա: Այդ հիստերիան կարող է արտահայտվել քո ֆիզիկական անվտանգության, քո հոգեկան առողջության հետ կապված, որովհետև իրենք ամեն ինչի ընդունակ են, իրենք քո ընտանիք, քո աշխատավայր կարող են մտնել, որևէ բան սրանց չի կանգնեցնում: Սրանց գալու նպատակը պարզ էր անգամ 2018 թվականին: Մեր հասարակությունը ինչո՞ւ չի կարող 2018-ի իշխանություններին մեղադրել նրա մեջ, որ՝ այ, դուք չեք ասել, չէիք ասում՝ մենք կլսեինք, որովհետև ասում էին, ԱԺ ամբիոնից ճշմարտությունն ասվել է, լսողը լսել է: Ինքը կանգնած գոռում էր, որ ամեն ինչ հրապարակում է լինելու, հրապարակն է դատարանը, ԱԺ-ն, իմաստությունը, ճշմարտությունը, բայց ինքն իրեն նկատի ուներ: Նկատի ուներ, որ բունկերի՞ց կապիտուլյացիա կստորագրի, ուրեմն՝ այս կապիտուլյացիային կհարմարվեք, այդ կապիտուլյացիան կգնա Բաքվի կենտրոնո՞ւմ կստորագրի, դրան կհարմարվեք: Այդ նույն մարդը, որը քաղաքացիներին խոստումներ էր տալիս, այդ նույն քաղաքացիներին թողել է Բաքվի բանտերում՝ գերության մեջ, խոշտանգումների մեջ»,- ի պատասխան՝ ասաց նա:

Պատգամավորի կարծիքով՝ Փաշինյանը Ալիևի սպառնալիքներին ու հայատյաց հայտարարություններին չի արձագանքում, որովհետև Ալիևն իր մասին շատ բան գիտի. «Ալիևը Նիկոլի մասին այնքան բան գիտի, որ անգամ Նիկոլի մտերիմներն ու այս հասարակությունը իրար հետ վերցրած՝ այդքան բան չգիտեն, նույնիսկ երևի ժամանակին նրանց բժշկական օգնություն ցույց տված մարդիկ չգիտեն այդ մասին: Երեկ ինչ ասես ասեց Ալիևը՝ իր և հայ ժողովրդի մասին, մի բանի պատճառով, նա գիտի, որ այստեղից պատասխան չի լինելու, իրեն ծախել են Արցախը, ինքը առել է Արցախը: Մեր փրկության միակ ճանապարհը, նոյեմբերի 9-ը ամեն Աստծո օր չապրելու միակ գրավականը, այդ ցավը ինչ-որ մի տեղ մի քիչ բթացնելու հնարավորությունը դավաճաններին պատժելն է, դավաճանությունը արմատախիլ անելն է»:

Ըստ նրա՝ հասարակությունն այսօր կոնսոլիդացված է, և միակ խնդիրն ակտիվ գործողությունների գնալու հարցն է. «Ես հասարակությունից չեմ պահանջում այդ ակտիվ գործողությունների առաջամարտիկը լինել, որովհետև առաջամարտիկները պետք է լինեն քաղաքական առաջնորդություն ստանձնած մարդիկ: Ալիևի վախերը հենց կարող են մեզ համար լինել այդ առաջնորդության փարոսը. Ալիևը վախենում է խորհրդարանական ընդդիմությունից, որովհետև այնտեղ այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են, ում առաջնորդները նրան հաղթել են և՛ Արցախում, և՛ Հայաստանում, և՛ միջազգային հանրության աչքի առաջ, և՛ արտաքին քաղաքականության հնարավորություններն ընդլայնելով, և՛ երկրի ներքին կայունությունը պահելով»:

Անդրադառնալով հայկական կողմի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կրակոցներին, Աննա Մկրտչյանը հետևյալն ասաց. «Բա էդ ասֆալտչիկ Սուրոն իր Նիկոլի հետ ասում էր, որ նոյեմբերի 9-ը հանուն խաղաղության է, այդ ինչո՞ւ են երկու տարի անց էլի կրակում: Ինչո՞ւ են հիմա կրակում, իրենք սրա բացատրությունն ունե՞ն: Բա խաղաղություն էին բերում մեզ իբր Արցախի գնով, հիմա ո՞նց են բացատրում այս ամենը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս