Սաադիի անվան գրական մրցանակի է արժանացել պարսից գրականության ժամանակակից թարգմանչական դպրոցի հիմնադիր Էդուարդ Հախվերդյանը

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան Մշակույթի կենտրոնի սահմանած Սաադիի անվան գրական մրցանակը հանձնվել է պարսից գրականության ժամանակակից թարգմանչական դպրոցի հիմնադիր ու ռահվիրա Էդուարդ Հախվերդյանին:

ԻԻՀ դեսպանատնից հայտնում են, որ մրցանակաբաշխությունը տեղ է ունեցել նոյեմբերի 3-ին Հայաստանի ազգային գրադարանում:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի ղեկավար Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային շեշտել է, որ մրցանակաբաշխության կազմակերպումը թարգմանչական դպրոցի պատմության մեջ լուսավոր նոր էջ բացելու, և այն թարգմանչական գործունեությունը խթանելու և երիտասարդ թարգմանիչներին ոգևորելու նպատակ ունի:

Անդրադառնալով առաջին մրցանակակրի ընտրությանը`Թաբաթաբային պատմել է՝ երբ հիմնվել է մրցանակի հանձնման հանձնաժողովը, հանձնաժողովում ընդգրկված բոլոր իրանագետները, հրատարակիչները, գրականագետները միաձայն նշել են Էդուարդ Հախվերդյանի անունը` իբրև առաջին մրցանակակրի:

Մշակույթի կենտրոնի ղեկավարն ասել է, որ համակարծիք է հանձնաժողովի հետ, քանի որ Հախվերդյանը մի ամբողջ կյանք է նվիրել պարսից հարուստ պոեզիան հայ ընթերցասեր հասարակությանը ճանաչելի դարձնելուն, և նրա ավանդի գնահատումը Իրանի պարտքն էր: Տեղեկացնելով, որ հաջորդ տարվանից մրցանակը հանձնվելու է թարգմանիչների երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին՝ Թաբաթաբային հույս է հայտնել, որ այն նոր թարգմանչական ալիք կառաջացնի, որը, հիմնված լինելով ավագ դպրոցի որակյալ ավանդույթների վրա, լի կլինի երիտասարդական ավյունով ու էներգիայով:

Մրցանակի հանձնման արարողությանը ներկա մյուս հրավիրյալները, Էդուարդ Հախվերդյանի թարգմանչական անցած ուղին ներկայացնելով, նրան անվանել են հայ-իրանական գրական կապերի պահպանման ու զարգացման գործում մեծ ներդրում ունեցած մերօրյա հերոս և մանրանկարիչ-թարգմանիչ:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, ԻԻՀ-ում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Իրանի ազատ համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Անդրանիկ Սիմոնյանը, իրանահայ թարգմանիչ, հայ պատմագրությունը պարսկերեն թարգմանած և իրանցի գիտական համայնքին ճանաչելի դարձրած Գարուն Սարգսյանը, բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի նախագահ Արևշատ Ավագյանը, ԻԻՀ ազգային ժողովի իրանահայ համայնքի ներկայացուցիչ Կարեն Խնալարյանը:

Միջոցառման ավարտին իր ավագ ընկերոջն անակնկալ տեսաուղերձով ԱՄՆ-ից ողջունել է իրանահայ արձակագիր Խորեն Արամունի Քեշիշյանը:

Մրցանակաբաշխության ավարտին շնորհակալագիրը հանձնելով` ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի ղեկավար Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային նշել է, որ մրցանակը ներառում է դեպի Շիրազ 10-օրյա մշակութային փաթեթ՝ հագեցած կարևոր մշակութային հանդիպումներով ու միջոցառումներով:

Տեսանյութեր

Լրահոս