«Հագեր» մակնիշի ավտոբուսների պահեստամասերն ո՞ւր են հասել. Քաղաքապետ
«Նախորդ շաբաթ 2219 շարժակազմ գտնվել է շահագործման մեջ, որից 1149-ը՝ «ժոնգտոնգ» մակնիշի, 650-ը՝ «Հագեր» մակնիշի, և «Գազել» մակնիշի 426 ավտոբուս: Միաժամանակ եղել է 16 ճանապարհատրանսպորտային պատահար՝ առանց լուրջ հետևանքների»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հարցին, թե «Հագեր» մակնիշի ավտոբուսների պահեստամասերն ո՞ւր են հասել, ՓԲԸ տնօրենը պատասխանեց. «3 «կանտեյներ» արդեն ժամանել է. մեկը «Փոթի» նավահանգստում է, մյուսը դեռ Ինդոնեզիայի ջրերում է: Վերջին «կանտեյներ»-ը կունենանք մինչև Նոր տարի: Սկզբի 3-ը եկել էին, մնացած պահեստամասերը շատ դժվարությամբ հավաքեցինք»:
Քաղաքապետի ճշտող հարցին՝ կապիտալ վերանորոգման համար նաև պահեստամասե՞րն են անհրաժեշտ, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը դրական պատասխան տվեց՝ միտքը լրացնելով, որ շուտով մրցույթ է լինելու, հունվարին կունենան հաղթող: