Նիկոլի աջակիցը, նրանից դժգոհած, հետո նրա գիրկը վերադարձած Տիգրանը՝ «նորահայտ» դպիր
Նիկոլ Փաշինյանը տարին սկսեց հակաեկեղեցական պայքարի մեկնակետ Հովհաննավանքում «պատարագի» մասնակցելուց։ Այս վանքում հենց Նիկոլ Փաշինյանի սատարմամբ կարգալույծ հոգևորականը շարունակում է ինքնիրավչությունը՝ Մայր Աթոռին չհանձնելով եկեղեցու բանալիները, ավելին՝ նույնիսկ Վեհափառի կողմից իրեն հանձնված տան բանալիները։
Ինչևէ, 168.am-ը վերջին դրվագին անդրադառնալու առիթ դեռ կունենա. այս անգամ կներկայացնենք Նիկոլ Փաշինյանի համար կազմակերպված «պատարագի» երկրորդական դերակատարներին։
Փաշինյանի համար մատուցվող «պատարագների» ժամանակ եկեղեցու խորանում մենք արդեն տեսել ենք ՔՊ-ական, օրիգինալ տատուով դպիրի, Կառավարության դիմաց բողոքի ակցիա արած ատամնատեխնիկի, իսկ այս անգամ արդեն տեսանք Երևանի քաղաքապետարանի դիմաց ու քաղաքապետարանի դեմ ակցիա արած 2018 թվականի մի հեղափոխականի, որը նաև «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» հակաեկեղեցական շարժման նվիրյալ է եղել։


Իսկ ո՞վ է քաղաքապետարանի դեմ ակցիայով աչքի ընկած «նորահայտ դպիր» Տիգրան Քուրաջյանը, և արդյո՞ք նրա՝ հերթական հակաեկեղեցական պրոցեսի մասնակցելը պատճառներ ունի։
Նախորդ տարի Երևանի քաղաքապետարանն ապօրինի շինության քանդման աշխատանքներ էր իրականացնում Նոր Նորք վարչական շրջանում, ու երբ հերթը հասել էր Լվովյան փողոցի «զավթած» տարածքների ապամոնտաժմանը, մի քանի բնակիչներ որոշել էին գնալ քաղաքապետարան՝ թույլ չտալու իրենց շինությունների ապամոնտաժումը։ Բողոքողների թվում էր նաև Տիգրան Քուրաջյանը, որը հայտարարում էր, թե՝ «սա ժողովրդավար երկիր է, չենք ուզում այդպես խուլիգանավարի գան, ջարդեն, քանդեն մեր տները»:
Այսպես, տեղեկանում ենք, որ Տիգրանը դեռ շարունակում է ապրել Լվովյան փողոցի վրա կամայականորեն կառուցված իր տանը և որոշել է արդեն մաս կազմել Փաշինյանի «բարենորոգման» ծրագրին։
Հովհաննավանքի «պատարագից» հետո նա նույնիսկ մասնակցել է Փաշինյանի կողմից կազմակերպված «ուղտաերթ»-ին, որի ժամանակ իր հետ էր վերցրել 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ ատրիբուտ դարձրած փայտյա մեծ խաչը։
