44-օրյա պատերազմի այս օրը. փակվեց Շուշի-Բերձոր ճանապարհը, կորցրեցինք Քարինտակը, խոստացանք «գյոռբագյոռ» անել
2 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 4-ին, Շուշի-Բերձոր ճանապարհը փակվեց:
Պաշտպանության բանակը հայտնեց, որ ժամը 10:30-ի սահմաններում Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ հարձակում են նախաձեռնել, որը ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են: Սակայն, ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկում է հերթական հարձակումը, և տեխնիկայի կորուստներ ունենալով, դարձյալ հետ է մղվում ելման դիրքեր:
Ավելի ուշ ՊԲ-ն հայտնում է Շուշի-Բերձոր ավտոճանապարհի փակման մասին՝ հայտնելով, որ ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ:
Նույն օրը առավոտյան 9.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, սակայն հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ՝ հետ է շպրտվել:
Նոյեմբերի 4-ին Արծրուն Հովհաննիսյանն Արցախում հրավիրված ասուլիսի ժամանակ հարցին՝ թշնամական ուժերը մոտեցել են Բերձոր-Շուշի ճանապարհին, Ստեփանակերտին, ինչ խնդիրների է բախվում հայկական կողմը մատակարարման երակը կտրելու գործում, և թե ինչ քանակի մարդուժ և տեխնիկա է թշնամին այդ հատվածում կուտակել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել էր.
«Մետր առ մետր առաջ գալով փորձում են լուծել իրենց գլխավոր խնդիրը, Ալիևը չի թաքցրել, որ իր համար Շուշին կենսական կարևորություն ունի: Եվ իրեն ցցուն և հնչեղ հաջողություն է պետք: Կստացվի թե չի ստացվի, բերեք այսպես չմեկնաբանեմ, բայց ամեն մի միլիմետրի և մետրի համար կռվում ենք»:
Նոյեմբերի 4-ին Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց՝ «Շուշիի հարակից տարածքներում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողությունը անվանում ենք #գյոռբագյոռ2020»:
168.am-ը գրել էր, որ «Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման ադրբեջանական զինուժին տրվել է հոկտեմբերի կեսերին, երբ, ինչպես իր հարցազրույցում նշել էր Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավար ադրբեջանցի գնդապետ Թեհրան Մենսիմովը, մարտեր էին ընթանում Հադրութում և Ջրականում: Շուշիի մասին դեռ կհիշենք առաջիկա օրերին:
Մենսիմովն ասել էր նաև՝ «կարևոր խնդիր էր դրված՝ հասնել Լաչին»:
«Մենք տեղանքի հետախուզություն ենք իրականացրել, հասել ենք մինչև Լաչինի շրջանի Գյուլաբիրդ գյուղ: Լաչինը դեռ վերցված չէր: Խնդիր էր դրված գնալ հակառակորդի թիկունք՝ 40 կմ խորությամբ, փորձել աննկատ անցնել, աջից և ձախից փակել Լաչինի միջանցքը: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհը: Գյուլաբիրդում արդեն կանգնած էր 6-րդ կորպուսը, որը հայերից «մաքրել» էր գյուղը: Հոկտեմբերի 16-17-ն էր: Մենք խորհրդակցեցինք, և հարցեր առաջացան, որովհետև հատուկ նշանակության խումբը պետք է հաղթահարեր ավելի քան 40 կմ տարածություն՝ Ջաբրայիլից մինչև Լաչինի միջանցք: Ինչպես պետք է ապահովվեր կրակային աջակցությունը, կապի ինչ միջոցներով պետք է մեզ ապահովեին: Շատ հարցեր կային նաև լոգիստիկայի և այլ խնդիրների հետ կապված: Եվ այս մարտական խնդիրը հանվեց օրակարգից՝ առանց պատճառի ամբողջական բացատրության»,- պատմել է իր հարցազրույցում Մենսիմովը:
Հարցազրույցի հեղինակը ենթադրում է, որ ադրբեջանական կողմը չի ցանկացել բախումների մեջ մտնել ՀՀ զինված ուժերի հետ ՀՀ սահմանային տարածքում, ուստի գլխավոր հարվածը եղել է լեռնային հատվածներով դեպի Շուշի:
Մենք գրել էինք, որ Ադրբեջանը փոխել է Լաչինի գրավման սկզբնական պլաններն ու ուղղությունը:
Մեր տեղեկություններով, ադրբեջանական կողմը սկզբնական պլանները փոխել է, որովհետև հետախուզությունը համոզվել է, որ այդտեղ պաշտպանությունը կազմակերպված է, ուստի որոշել են շարժվել Մեծ թաղեր-Չըդրատեղ (բարձունք է, տեղացիներն այսպես են անվանում)-Սղնախ-Քարինտակ-Շուշի ուղղությամբ, այստեղ պաշտպանություն չի եղել:
Նոյեմբերի 4-ին կորցնում ենք Քարինտակ գյուղը: Սա հաստատում են և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմերը:
«Հետքի» փոխանցմամբ, 2020թ. նոյեմբերի 4-ի կեսօրին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվում։
Հակառակորդն արդեն գրավել էր Ավետարանոցը, Սղնախը, Քարին Տակը և Նաբիլարով, Զառսլուով հասել «Իսայի աղբյուր» կոչվող տեղանք (Իսաբուլախ), որից հետո պետք է մտներ Շուշի։
Ըստ «Հետքի»՝ այս խորհրդակցությանը մասնակցել են գեներալներ։
«Շահեն Մեղրյանի անվան ջոկատի հրամանատարին Արայիկ Հարությունյանն ասում է, որ հակառակորդի ընթացքը դեպի Շուշի կասեցնելու համար պետք է Շոշ գյուղի ուղղությամբ, Սղնախի հատվածում կանգնեցնել։ Դրա համար պետք է ճեղքում իրականացնել, իսկ այդ գործողությանը մասնակցող խմբերի առաջին շարքում պետք է լինեն Շահեն Մեղրյանի անվան ջոկատի տղաները, որին կցված է մեկ գումարտակ։ Սամվել Բաբայանի ենթակայության տակ ձևավորված 2 գումարտակներն էլ (բաղկացած կամավորականներից) կողքերից պետք է առաջանային։ Առաջին խումբը պետք է դիմացից գնար, մյուս երկուսը՝ աջ և ձախ կողմերից»,- գրում է «Հետքը»:
Նոյեմբերի 5-ին Շոշ գյուղում տեղի է ունենում խորհրդակցություն, որը վարում է Սամվել Բաբայանը:
Տեսագրության մեջ, մասնավորապես, Սամվել Բաբայանն ասում է. «Սղնախն արդեն անցնում ես, դրա տակ, Սղնախի էս կողքով գալիս ես այստեղ: Դրանից այս կողմ, կիլոմետր, կիլոմետր ու կես դեպի Քիրսը: Ունե՞ք ճանապարհ, որով փայտ էիք հանում, չգիտեմ ինչ էիք անում, ճանապարհ ունե՞ք»։
Այնուհետև լսելով պատասխանը՝ այո, կարյերով, կարյերի մոտով, Բաբայանը շարունակում է.
«Դա է, հենց այդ ճանապարհը պետք է փակվի: Այս հետևում նստած ժողովուրդը, որ դու գնաս հարձակման, արդեն դառնալու են ավտոմատ ռեզերվ: Ուրեմն խնդիրը հետևյալն է. արդեն հակառակորդը Շուշին շրջափակել է: Վաղվա մեր գործողությունից կախված է ամբողջ Ղարաբաղի ճակատագիրը: Կարողանո՞ւմ եք հասկանալ, թե ինչ եմ ասում: Այսինքն՝ որևիցե մի րոպե հապաղել կամ պրոբլեմներ ստեղծել չկա: Ինչ խնդիր որ ստացել եք, ամեն մարդ իր խնդիրը կատարում է: Որ հակառակորդի թիկունքը փակվի, սնուցման մեխանիզմը փակվի, հակառակորդին կարողանանք ոչնչացնել: Հակառակ դեպքում մենք պիտի այստեղից դուրս գանք ուղիղ Երևան, ասենք՝ Ղարաբաղ, ցտեսություն, հողերը տանք, գնանք: Դեռ հարց է՝ ադրբեջանցին թողնո՞ւմ է, որ մեր զորքերը, ժողովուրդը հանենք: Այսինքն՝ էս օպերացիան ձևական չի»:
Սղնախի օպերացիան տապալվում է, Շուշին կորցնում ենք:
Ադրբեջանցի գնդապետն իր հարցազրույցում ասել էր, որ իրենց հատուկ ջոկատայինները փակել են Շուշի-Լաչին և Շուշի-Ստեփանակերտ ճանապարհը, և նշել, որ թեժ մարտեր են եղել Շուշիում:
ՌԴ ԱԴԾ (ФСБ) նախկին սպա, գնդապետ, ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը մի առիթով նշել էր, որ ՀՀ-ից աջակցություն չի եղել, երբ Ադրբեջանը ճեղքել է ՊԲ պաշտպանական գիծը:
«Այդ ժամանակ ՀՀ ռեզերվները վերահսկողության տակ չեն վերցրել կարևորագույն ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, և երբ ադրբեջանցիները դուրս են եկել Ստեփանակերտ տանող ճանապարհը, այնտեղ փաստացի ոչ ոք չի եղել: Այսինքն, ՊԲ-ն իր ռեզերվներն այդ ժամանակ արդեն սպառել էր, իսկ ՀՀ ուժերը կարող էին այդ ճանապարհին գոնե պաշտպանության նպատակով կանգնել, բայց նրանք այնտեղ նույնիսկ չեն երևացել: Գործ ունենք ռազմական դավաճանության հետ, որովհետև մտածել, որ Փաշինյանը պարզապես հիմար է, ես չեմ կարող»,- շեշտել էր նա:
Ինչպես նշեցինք, Շուշիի օպերացիային դեռ կանդրադառնանք, որի հետ կապված այսօրվա դրությամբ մեղադրանք է առաջադրված ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին, և հնարավոր է՝ մեղադրվողների շրջանակը մեծանա:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ այս շարքում կարող է լինել և՛ Սեյրան Օհանյանը, և՛ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, իսկ Սամվել Բաբայանը շատ վստահ է՝ իրեն ոչ մեկը չի մեղադրելու:
Թե որտեղից այդ վստահությունը, առանց մեկնաբանության: Ի դեպ, Սամվել Բաբայանը Օնիկ Գասպարյանի թիրախավորման հարցում շահագրգիռ է եղել, համենայնդեպս, հարցազրույցներում: