Ինչո՞ւ է Սամվել Բաբայանը վստահ, որ պատերազմի համատեքստում ինքը չի լինելու հաջորդ մեղադրվողը
Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն ասել է, որ պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է ողջ պատասխանատվությունն իր վրա դնել:
«Մարդը, որը ձեզ հաղթանակ էր բերել, հոկտեմբերի 19-ին մտել էր ՀՀ վարչապետի կաբինետ, 20 րոպե խոսել, առաջարկել, խնդրել, որ գոնե մինչև պատերազմի ավարտ ինձ նշանակեք, պատասխանատվությունն ամբողջովին գցեք ինձ վրա: Պարտվեմ՝ ես մեղավոր եմ։ Ասում է՝ «մտածենք»․․․ դե, պարզ է՝ ինչ են մտածում․․․ զանգում են, փորձում հին ու նոր հասկանալ, ասում են՝ ախպեր, չենք դնի, լավ չի լինելու։ Այնպես որ, իմ հոգին էլ է մաքուր, իմացածս էլ։ Ես չեմ փախել պատասխանատվությունից։ Վերջին րոպեին էլ ասել եմ՝ տվեք, անեմ։ Չեն տվել»,- նշել է Բաբայանը:
Հավելենք, որ այդ օրը՝ 2020-ի հոկտեմբերի 19-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում, ինչպես Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր լրատվամիջոցներին ասել, առաջին անգամ պատերազմի դադարեցման թեմայով քննարկում է եղել:
«Որտեղ նշվել է՝ 2-3 օր ունենք, նույնիսկ այդ խոսքերը, որ 2-3 օր ունենք, մենք այլևս չենք կարող, միայն 2-3 օր ունենք, որից հետո պատերազմը մոտ 20 օր շարունակվել է: Դա եղել է հոկտեմբերի 19-ին, 4-րդ օրն ԱԽ նիստում պատերազմը դադարեցնելու որևէ առաջարկ չի հնչել: Ավելին ասեմ՝ նույնիսկ էնպիսի միտք չի հնչել ամբողջ ԱԽ նիստի ընթացքում, որը կարող է երկիմաստություն ունենալ»,- ասել է Արմեն Գրիգորյանը՝ շարունակելով, թե հոկտեմբերի 19-ին ամեն գնով պատերազմը դադարեցնելու առաջարկին ԱԽ բոլոր անդամները համաձայնություն են տվել»,- «Սիվիլնեթին» տված իր հարցազրույցում մանրամասնել էր նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հակամարտող կողմերին հրադադարի առաջարկ է արել, որը Նիկոլ Փաշինյանը մերժել էր:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր ռուսական առաջարկները մերժելու պատճառներին:
Նույն օրը նա մեկ այլ գրառման մեջ, մասնավորապես, նշել էր.
«1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։
2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները և համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։
3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որևէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետև դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին, Կազանում։
4. Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձևով։
5. Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։
6. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը և անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»,- գրել էր Փաշինյանը:
Սամվել Բաբայանը, միգուցե, մի օր ավելի հստակ ասի՝ եթե ինքն ի վիճակի էր պատերազմի կեսից հաջողություններ ապահովել ռազմադաշտում, ապա ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի տվել իր համաձայնությունը՝ չի՞ վստահել իրեն, թե՞ չի հավատացել, որ հնարավոր է հաջողություն ապահովել:
Երկրորդ՝ ինչո՞ւ Սամվել Բաբայանը մեղադրական հիմնական սլաքը չի ուղղում պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար և իր առաջարկը մերժած Նիկոլ Փաշինյանին, այլ միայն զինվորականությանն է թիրախավորում, որոնք, իհարկե, սխալներ թույլ տվել են, և ոչ ոք դա չի հերքում:
Ի դեպ, տարբեր լրատվամիջոցների Սամվել Բաբայանը ասել էր նաև, որ երբ նշանակվել է Արցախի ԱԽ քարտուղար, Անվտանգության խորհրդով փորձում են պարզել՝ հակառակորդն ունի այն, ինչից ինքը տեղյա՞կ է, թե՞ ավելին ունի։
«Փորձել ենք այդ հարցով զբաղվել, նամակ ենք հղել Պաշտպանության բանակին։ Պաշտպանության բանակն ասել է, որ պիտի դիմենք Հայաստանի պաշտպանության նախարարին։ Ես զանգել եմ Հայաստանի պաշտպանության նախարարին [Դավիթ Տոնոյան], նա խուսափողական պատասխան է տվել՝ «դա գաղտնիք է, բան»։
Մենք ուզում էինք ճշտել զենքի, զորամասերի մասին, հասկացրին, թե այդ տվյալները չենք կարող ձեզ տրամադրել։ Երկրորդ՝ մենք չէինք կարող գնալ դիրքեր։ ԱԽ-ն խորհրդակցական մարմին է, բայց չունենալով հակառակորդի մասին տվյալները, պիտի ծրագիր մշակեինք։ Դավիթ Տոնոյանն ասում էր, որ ինքը պիտի գա Ղարաբաղ, երբ գա՝ կխոսենք այդ մասին։ Հետո պարզվել է, որ եկել է, ու ինչպես եկել, այնպես էլ գնացել է։ Հասկացել եմ, որ փորձում են ամեն ձևով խանգարել»,- «Մերոնք» կայքին տված իր հարցազրույցում մանրամասնել էր նա:
Ինչ վերաբերում է Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղարի պարտականությունները կատարած Սամվել Բաբայանը ծիծաղելի է համարել խոսակցությունները, թե ՊԲ նախկին հրամանատարներ Ջալալ Հարությունյանից և Միքայել Արզումանյանից հետո հաջորդ մեղադրվողը 44-օրյա պատերազմի համատեքստում ինքն է լինելու:
Ըստ նրա՝ այս պահին քննություն է ընթանում, և իր բոլոր ասածները քննության առարկա են:
«Բոլոր մասնակիցները գնում են ցուցմունքներ գրելու, և՛ Քյանդ-Հորադիզի ուղղությամբ կատարվածը, և՛ Շուշիի օպերացիան, և՛ դրա թիկունքը փակելը։ Ես գիտեմ, որ նրանք, ովքեր գնում են, շատ վատ կարգավիճակում են։ Ինձ հարցրել են, ես նկարագրել եմ, թե ոնց է եղել։ Հետո այդ անձերին են կանչել, և ստացվել է, որ իմ ասածն է իրականությունը։ Իրենց ասածն իրականության հետ չի բռնում։ Վկայի կարգավիճակ ունեմ։ Մենք 1000 տոկոսով ճիշտ ենք։ Այստեղ մարդիկ կան, որոնք լրատվականներով ասում են, թե հես ա հերթն իմն է․․․ ժողովուրդ, մի ծիծաղեցրեք։ Խայտառակ վիճակ է եղել»,- շեշտել է նա:
Ավելի վաղ Սամվել Բաբայանը հայտարարություն էր տարածել, որում նշում էր, թե կանխակալ մեդիահրապարակումներով իրեն մեղսագրվող արարքների ապացուցման դեպքում պատրաստ է կրելու պատասխանատվություն։
Հիմա արդեն շատ ավելի վստահ է՝ պատասխանատվություն կրելու որևէ խնդիր չի լինելու: Արդյո՞ք նրա այդ վստահությունը միայն գալիս է, իր խոսքերով ասած՝ 1000 տոկոս ճիշտ լինելուց, թե՞ ինչ-ինչ երաշխիքներ է ստացել, ժամանակը ցույց կտա…
Ի դեպ, Սամվել Բաբայանը մինչ օրս չի պատասխանել հարցին՝ արդյոք պարզե՞լ է՝ ԳՇ-ում փաստաթղթեր փոխելու մասին իր հայտարարությունն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ. ի վերջո, դա լուրջ մեղադրանք է: