Բաժիններ՝

Չաշխատել՝ աշխատանքային լավ պայմաններում. Կառավարությունը հերթական ծախսն է անում գույքի գնման ու վերանորոգման համար

Վարչապետի աշխատակազմի վարչական շենքի՝ ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, գլխավոր մուտքի նախասրահի կահավորման համար կառավարությունը որոշում է կայացրել ձեռք բերել գույք և սարքավորումներ, իսկ նիստերի դահլիճի համար՝ տեսակոնֆերանսի համակարգ։

Այս մասին հայտնի դարձավ այսօր կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկից։ Կառավարությունն այսօր որոշեց թույլատրել վարչապետի աշխատակազմին՝ ավելացնել «ՍԱՄ-ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի հետ ս.թ. սեպտեմբերի 1-ին կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալները՝ պայմանագրի գինն ավելացնելով 40 տոկոսից ոչ ավելի չափով։ Նախագծի 3-րդ և 4-րդ կետերը հույժ գաղտնի էին։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ լրացուցիչ աշխատանքների կատարումը ի հայտ է եկել վարչապետի աշխատակազմի վարչական շենքի վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում՝ պայմանավորված սարքերի և սարքավորումների նպատակահարմար տեղադրման, էլ. մալուխների մոնտաժման, ինչպես նաև նախասրահի հարակից տարածքի և աստիճանների վերանորոգման անհրաժեշտությամբ։ Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ նախատեսվող աշխատանքները հնարավոր չէ տեխնիկապես առանձնացնել սկզբնական պայմանագրից, պետք է ավելացնել կատարվող աշխատանքների ծավալը։

Նախագծի կից ամփոփաթերթում գրված է, որ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի գլխավոր մուտքի նախասրահի կահավորման համար գույք և սարքավորումներ, ինչպես նաև նիստերի դահլիճի համար՝ տեսակոնֆերանսի համակարգ ձեռք բերելու նպատակով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագծով նախատեսված էր վերաբաշխում կատարել «ՀՀ շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» միջոցառման գծով հատկացումներից և 114.6 մլն դրամ հատկացնել վերոնշյալ ծախսերին, սակայն ՀՀ ֆինանսների նախարարությունը նշել է, որ տվյալ միջոցառման մասով նվազեցումը հնարավոր չէ կատարել նույն միջոցառման պայմանագրային պարտավորություններով ծանրաբեռնվածության և համապատասխան կարգադրիչի կողմից գնումների անվանացանկում պակասեցումները չկատարելու պատճառով։ Ստացվում է, որ «ՀՀ շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» միջոցառման տնտեսված գումարներից գույքի ձեռք բերելն առավել կարևոր է, մինչդեռ վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած միջադեպերից ելնելով՝ նմանօրինակ միջոցառումներին հատկացվող ծախսերը, ընդհակառակը, պետք է ավելացվեն և ոչ թե վերաբաշխվեն։

Կարդացեք նաև

Արայիկ Հարությունյանի ներկայացրած նախագծով նախատեսվում է նաև Կրթության տեսչական մարմնի համար ձեռք բերել համակարգիչներ, քանի որ մարմնում առկա համակարգիչների մեծ մասը հին ու դանդաղագործ են, իսկ մարզերում տեսչական մարմնի ծառայողների կողմից իրականացվող ստուգումների ժամանակ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով՝ ձեռք բերել նաև դյուրակիր համակարգիչներ։

Այստեղ ՀՀ ֆինանսների նախարարությունը նույնպես հանդես է եկել իր առարկությամբ։ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ամփոփաթերթում նշվում է նաև, որ վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով ՀՀ կրթության տեսչական մարմնի պահպանման ընթացիկ ծախսերի գծով տնտեսված միջոցների նվազեցման հաշվին նախագծով նախատեսվում է հատկացնել շուրջ 9.0 մլն դրամ, մինչդեռ ՀՀ 2023թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված Կրթության տեսչական մարմնի պահպանման կապիտալ ծախսերի գծով հաշվարկվել և նախատեսվել է շուրջ 4.7 մլն դրամ՝ օգտակար գործողության ժամկետում գտնվող սարքավորումներով և գույքով 70% հագեցվածություն ապահովելու միասնական սկզբունքին համապատասխան, ինչից ելնելով Կրթության տեսչական մարմնի պահպանման ծախսերի գծով տնտեսված միջոցների վերաբաշխումը նախարարությունը գտնում է ոչ նպատակահարմար և առաջարկում է հանձնարարականին համապատասխան ներկայացնել առաջարկություն՝ նշված միջոցները ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու վերաբերյալ: Հարկ է նշել, որ տվյալ առաջարկը, ըստ ամփոփաթերթի, չի ընդունվել։

Ստացվում է, որ գործող իշխանական վերնախավը, անտեսելով Ֆինանսների նախարարության եզրակացությունը, որ տվյալ ծախսը համարում է ոչ նպատակահարմար, սեփական աշխատանքային պայմանների բարելավման նպատակով հերթական անգամ դիմում է հավելյալ ծախսերի՝ կատարելով վերանորոգումներ և ձեռք բերելով նոր սարքավորումներ։

Տեսանյութեր

Լրահոս