
Ռայիսին Բայդենին պատասխանել է, որ Իրանն ազատագրել են 43 տարի առաջ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ի պատասխան «Իրանն ազատագրելու»՝ Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենի՝ վերջերս արած խոստման, հայտարարել է, որ իր երկիրն ազատություն է ստացել 43 տարի առաջ Իսլամական հեղափոխության շնորհիվ: Այս խոսքով նոյեմբերի 4-ին նա հանդես է եկել Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը գրավելու 43-րդ տարեդարձի առթիվ կայացած հանրահավաքում: «ԱՄՆ-ի նախագահը պետք է իմանա, որ Իրանն ազատագրվել է 43 տարի առաջ եւ լի է վճռականությամբ պայքարելու հանուն իր ազատության»,- մեջբերում է Ռայիսիի խոսքը Tasnim գործակալությունը:
Նոյեմբերի 3-ին Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շուտով «կազատագրի Իրանը»: Բայդենը Կալիֆոռնիայում հանդես է եկել Դեմոկրատական կուսակցությունից տեղի թեկնածուի աջակցության միջոցառմանը եւ պատմել ամերիկացի վետերանների համար առողջապահության ծառայություններից օգտվելու հնարավորության վիճակի մասին, սակայն շեղվել է եւ անսպասելիորեն դիմել իրանական խնդիրներին՝ արձագանքելով դահլիճում ներկաներից մեկի կոչին՝ անդրադառնալու Իսլամական Հանրապետությունում իրադրության հարցին: «Մի անհանգստացեք, մենք կազատագրենք Իրանը: Նրանք շատ շուտով կազատագրեն իրենք իրենց»,- ասել է Բայդենը՝ չհայտնելով մանրամասնություններ:
Իրանցի ուսանողները Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը գրավել են 1979 թվականի նոյեմբերի 4-ին՝պատանդ վերցնելով 66 դիվանագետների: Դեսպանության աշխատակիցներին ուժով ազատելու փորձերը ձախողվել են: Նրանք Թեհրանից հեռացել են միայն 1981 թվականին՝ Մեծ Բրիտանիայի եւ Ալժիրի միջնորդությամբ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ մի շարք բանակցություններից հետո: Դեսպանատան գրավումը տեղի է ունեցել Իսլամական հեղափոխությունից եւ Մոհամեդ Ռըզա Փեհլեւի շահի տապալումից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: