Ազատության հրապարակում հանդիսավորությամբ բացվեց Օհան Դուրյանի արձան- հուշակոթողը

Ականավոր դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանի առթիվ նոյեմբերի 4-ին Ազատության հրապարակում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում, տեղադրվեց մաեստրոյի արձան-հուշակոթողը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձան-հուշակոթողի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, նախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և մշակութային գործիչներ:


Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ երբ տեսել է քանդակի լուսանկարը, ցնցվել է: «Ինձ համար Օհան Դուրյանը հենց այսպիսին էր: Նա այսպիսին չէր երևում բեմում: Հիշում եմ Ստաս Նամինի՝ Օհան Դուրյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը, որում Դուրյանը փորձի ժամանակ կարճաթև շապիկով է: Նրա բազուկների, այդ մկանուտ, տպավորիչ բազուկների աշխատանքից ու տեսքից ես ցնցվեցի, որովհետև ֆրակով Դուրյանը տեսանելի և ամբողջությամբ հասկանալի չէ: Այդ մերկացած, բազուկոտ ձեռքերի անհասկանալի, բայց միևնույն ժամանակ գրավող շարժումն է Օհան Դուրյանը: Եթե Օհան Դուրյանն այլ արձան ունենար, համարեք, որ դա Օհան Դուրյանի արձանը չէ»,-նշեց Փաշինյանն ու շնորհավորեց մտահաղացման հեղինակին և գաղափարն իրականացնողներին:

Գաղափարի հեղինակ Վահան Վարդապետյանն էլ հանդիսությունը վերնագրեց «Օհան Դուրյանի երրորդ վերադարձը»: «1957 թվական՝ վերադարձ Խորհրդային Հայաստան, 1991 թվական՝ վերադարձ անկախացած Հայաստանի Հանրապետություն և այսօր՝ 2022 թվականի նոյեմբերի 4՝ վերադարձ երրորդ կամ հավերժական: Աշխարհահռչակ դիրիժոր, մեծ քաղաքացի և մտավորական, իմ իսկ բնութագրմամբ՝ Հայաստանի ամենաազատ և ամենաանկախ քաղաքացի Օհան Դուրյանին ժողովրդի իշխանությունը հավերժ վերադարձրեց Ազատության հրապարակ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածք»,-շեշտեց Վարդապետյանն ու ընդգծեց, որ տեղի ընտրությունը խորհրդանշական է:

Նրա խոսքով՝ կատարողական արվեստի համաշխարհային մեծությունն օպերայի և ֆիլհարմոնիայի մոտ պետք է լիներ: Նա շեշտեց՝ մինչև կյանքի վերջին շունչը Դուրյանը հանուն ժողովրդի ազատության, ինքնիշխանության և անկախության համար էր պայքարում և համաժողովրդական շարժման դիրիժոր էր: «Ֆրանսիայի քաղաքացին, արվեստի և գրականության պատվո ասպետը Ֆրանսիայի հրապարակին այսքան մերձ է և ամենակարևորը, կարծում եմ՝ փառավորվում է Օհան Դուրյանի հոգին, քանի որ այսքան մոտ է իր պաշտելի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմին»,-ասաց նա:

Օհան Դուրյանի այրին երախտագիտություն հայտնեց նախաձեռնողներին ու աջակիցներին գաղափարի և դրա իրագործման համար: Նա խաղաղություն մաղթեց երկրին, իմաստություն՝ ժողովրդին ու նվաճումներ՝ մշակութային և այլ ասպարեզներում:

Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը Օհան Դուրյանին մեր ազգի սյուներից է համարում, կարծում է, որ նա մշակույթի մեծ վարպետ էր: «Հենց այնպես չէ, որ նրան ասում ենք մաեստրո: Շատ քիչ մարդկանց է հնարավոր այդպես ասել: Ցանկացել եմ գլխի, ձեռքերի, ապակե սյուների միջոցով երաժշտություն, ռիթմ ցույց տալ, ներկայացնել Դուրյանի էությունը: Հենց այդպես եմ պատկերացնում Դուրյանին: Անհամեստ թող չհնչի, սակայն, կարծում եմ, ստացվել է: Կարևոր էր, որ Թումանյանի, Սպենդիարյանի կողքին Օհան Դուրյանը ո՛չ մեծ, ո՛չ փոքր երևա»,-նշեց քանդակի հեղինակն ու շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին:

Օհան Դուրյանի որդի Նարեկ Դուրյանը նշեց, որ Օհան Դուրյանը խիստ հայր է եղել: «Դաստիարակությունն այսօր վերածվել է երկխոսության, որը երեխան է վարում ծնողների հետ: Այդպես չպետք է լինի: Մի ծայրահեղությունից մյուսն ընկնել պետք չէ: Ծնողը պետք է երեխային դաստիարակի ու խիստ լինի: Դա շատ լավ պտուղներ է տալիս: Այդպես եմ կարծում՝ նայելով ինձ: Օհան Դուրյանը շատ խիստ հայր էր, ինչի համար շնորհակալ եմ նրան ու երախտապարտ»,-ասաց դերասանը:

 

Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց՝ Դուրյանի կյանքը կապված էր Հայաստանի ոչ միայն մշակութային, այլև քաղաքական կյանքի հետ: «Այս հրապարակում օպերային թատրոնն է, որտեղ իր կյանքի մի զգալի մասն է անցկացրել Դուրյանն ու հիացրել է բոլորիս իր արվեստով: Արձանի մեջ շատ էքսպրեսիա կա, ինչը բնորոշ էր մեծ մաեստրոյին: Քաղաքակիրթ է դառնում այն հանրությունը, որը հասկանում է՝ մշակույթն իր կյանքի կարևորագույն մասն է, և ես հույս ունեմ, որ այս արձանն ու երաժշտությունը, որն այստեղ հնչում է, մեզ բոլորիս կդարձնեն ավելի կիրթ, ավելի հանդուրժող, մարդկային, իսկ մաեստրոն կապրի»,-հավաստիացրեց Բաբայանը:

Քանդակագործը Գետիկ Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Սահակ Սաֆարյանը, ապակե պատվանդանի հեղինակն Արսեն Պետրոսյանն է:

Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ: Հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնով:

Տեսանյութեր

Լրահոս