Դատախազությունից հերքում են. Գագիկ Ջհանգիրյանի փեսայի թեկնածությունը չի քննարկվել և չի քննարկվում
Երևան քաղաքը Սևակ Հովհաննիսյանի հրաժարականից հետո դեռևս դատախազ չունի: Երևանի դատախազի պարտականությունների ժամանակավոր կատարումը շարունակում է դրված մնալ Երևանի դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ուսերին:
Քաղաքի դատախազի պաշտոնի նման կարևորագույն պաշտոնը, իհարկե, չի կարող երկար թափուր մնալ:
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի դատախազի աթոռին հավակնում է Քննչական կոմիտեի Երևանի վարչության նախկին պետ, ներկայումս Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի տեղակալ Անրի Վարդանյանը:
Վերջինս, հիշեցնենք, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պարտականությունները կատարող ու սկանդալային ձայնագրությունից հետո հրաժարականի դիմում գրած Գագիկ Ջհանգիրյանի փեսան է:
Մեր տեղեկություններով՝ դեռևս Երևանի քննչականի պետի պաշտոնում եղած ժամանակ Անրի Վարդանյանը բավականին սերտորեն համագործակցել է այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի հետ, և նրանք բավականին լավ հարաբերություններ ունեն, ինչը նշանակում է, որ այս նշանակումը բավականին հավանական է:
Հիշեցնենք՝ 2021թ. մարտի 10-ին 168.am-ն իր էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էր ստացել։ Դրանցում հստակ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով օգնական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։
Այս հրապարակումից հետո մեծ աղմուկ բարձրացավ, ավելի ուշ ևս մեկ սկանդալային ձայնագրություն տարածվեց, որում ընդհանուր չաթում ՔԿ պաշտոնատար անձը քննիչներին հիշեցնում էր՝ վաղը Վարդապետյան Աննան է գալու ժամը 10:00-ին, չուշանաք:
«Բարի լույս բոլորին. մի րոպե ուշադրություն։
Էն գործերով, որով վարչապետի խորհրդական Աննան էն անգամ եկել էր ստեղ, ու քննարկումներ ա եղել, երեքշաբթի նորից քննարկում ա լինելու, ինքը գալու ա՝ ժամը 10-ին։ Ու նենց չլինի, որ էդ գործերով հանկարծ որևէ բան արված չլինի»,- ասում է ՔԿ ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալը։
Այդ ժամանակ Երևանի քննչական վարչության պետը Անրի Վարդանյանն էր, և բնական է, որ նման հանդիպումներն ու քննարկումները առանց նրա գիտության և անմիջական համակարգման տեղի չէին ունենում:
168.am-ի հարցին, սակայն, Անրի Վարդանյանի՝ Երևան քաղաքի դատախազի պաշտոնում հնարավոր նշանակման մասին, դատախազությունից տվեցին բացասական պատասխան:
«Գլխավոր դատախազությունում նման թեկնածություն չի քննարկվել և չի քննարկվում»,- ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը: