«Մենք հասկացել ենք՝ իրականում գուցե Ղարաբաղի հարցն ամբողջ պատմությունը չէ, պատմության մնացած մասը վերաբերում է ՀՀ-ին, նրա անկախությանը, ինքնիշխանությանը». Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում Նիկոլ Փաշինյանն ասել է, թե իրեն քննադատողներից մեկն ասում է՝ երբ Ադրբեջանը հույսը կտրեց, որ բանակցային ճանապարհով կկարողանա հասնել նրան, ինչին ուզում է, պատերազմը տեղի ունեցավ:

«Եվ ոմանք սա կրկնում են, բայց սա ինչ է նշանակում, որ ՀՀ իշխանություններն իրենց ողջ գործունեության ընթացքում մի գիծ են տարել՝ Ադրբեջանին շարունակաբար հույս տալ, որ իրենք առանց պատերազմի կկարողանան հասնել նրան, ինչին ուզում են: Առաջին հայացքից սա կարող է թվալ շատ խելացի քաղաքականություն՝ հույս ես տալիս և ուղարկում, հույս ես տալիս և ուղարկում: Այո, դա կարելի է անել մեկ, երկու, տասը, քսան անգամ, բայց դա պետք է ավարտ ունենա: Եվ 2018-ին այն ժամանակ իշխանության բարձրագույն ներկայացուցիչ ընտրվելու հավակնություն ունեցող անձը, ըստ էության, արձանագրեց այդ ավարտը՝ 2018-ի ապրիլին»,- շարունակել է Փաշինյանը:

Այնուհետ հղում տալով ՔՊ կուսակցության հիմնադիր ծրագրին, նա նշել է, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Արցախի՝ բանակցային լիարժեք կողմի վերականգնմամբ, առանց որի՝ հարցի կարգավորման որևէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված:

«Իմ վարչապետ ընդունվելուց հետո իմ առաջնային ջանքերն ուղղված են եղել Լեռնային Ղարաբաղի՝ բանակցողի կարգավիճակի վերականգնմանը, և մենք այստեղ էլ հավատարիմ ենք մնացել մեր տեքստերին: Բայց ի՞նչ պարզվեց արդյունքում: Պարզվեց, որ այս բոլոր պատմություններն այլևս դուրս են ՀՀ վերահսկողությունից, որովհետև ՀՀ-ն շուրջ 30 տարվա բանակցությունների արդյունքում կորցրել է ամբողջ վերահսկողությունը ԼՂ խնդրի վրա:

Կարդացեք նաև

Պարզվեց, որ ՀՀ-ն այլևս որևէ բան այդ համատեքստում չի որոշում, և միակ բանը, որ կարող է որոշել, հլու-հնազանդ կատարել կայացված որոշումները: Եվ, այո, եթե մենք սխալ ենք արել, այս սխալը հետևյալի մեջ է՝ մենք չենք հնազանդվել այդ որոշումներին, բայց այդպես վարվել ենք ոչ միայն ԼՂ խնդրի համատեքստում, այլ՝ որովհետև հասկացել ենք՝ դրանով կկորցնենք ինքնիշխանությունը և պետականությունը:

Մենք հասկացել ենք, որ իրականում գուցե Ղարաբաղի հարցն ամբողջ պատմությունը չէ, և պատմության մնացած մասը վերաբերում է ՀՀ-ին, նրա անկախությանը, ինքնիշխանությանը և սուվերենությանը»,- շեշտել է Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս