Զգացողությունը, որ մենք արհավիրքում ենք գտնվում, կա և մնում է. Արամ Փախչանյան
«Պարզ, պրագմատիկ պատասխանը, որ կարող եմ տալ, «Այբի» նպատակը, առաքելությունն է՝ ձևավորել պատասխանատու սերունդներ՝ ինքնության զգացումով, ովքեր կստանձնեն Հայաստանի ապագայի ստեղծումը և պատասխանատվությունը դրա նկատմամբ»,- Համաշխարհային հայկական գագաթնաժողովի նիստի ժամանակ ասաց «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:
Ըստ նրա՝ երբ խոսում ես գեղեցիկ, վեհ բաների մասին, պետք է նախ գիտակցես՝ ինչ ես դու անում, և այդ տեսանկյունից ամենաբարդն այն է, որ որոշես՝ քո արածն ինչ չափանիշների պիտի համապատասխանի, ինչ ճանապարհով դա պետք է անես, ու որտեղ պետք է գտնես այն մարդկանց, ովքեր կմիանան քեզ:
«Ամենակարևոր բանը, որ մենք կառուցել ենք, անգամ դպրոցը չէ, այլ այն համայնքը, որը կանգնած է դպրոցի հետևում, և կանգնած կլինի մեր ստեղծած շատ այլ բաների հետևում»,- ասաց Արամ Փախչանյանը:
Ըստ նրա՝ եթե դու մի բան ես ստեղծում, դու չես կարող չկայացնել կյանքի որոշում, իսկ դա նշանակում է, որ դու նախ կորցնում ես, շատ բաներից հրաժարվում ես ու գնում ես մի ճանապարհով, որը պարտադիր չէ, որ քեզ բերի հաջողության:
«Իմ պարագայում ես ունեի հաջողված կարիերա, մեծ ընկերության սեփականատեր էի և հարուստ: Ես դա ընդամենը հանձնեցի այլ մարդկանց և եկա Հայաստան, որ ղեկավարեմ դպրոցը: Ես դպրոց ղեկավարելու փորձ չունեի, բայց չգիտես ինչու՝ համոզված էի, որ դա ինձ մոտ կստացվի»,- ասաց Արամ Փախչանյանը:
Նախկին տնօրենի ու հիմնադրամի գործող նախագահի խոսքով՝ Հայաստանը տարբեր պահերի տարբեր մարտահրավերների առջև է եղել, և դրանք շատ վտանգավոր էին:
«Մենք հիմա զգում ենք անմիջական վտանգ, մեր մաշկի վրա ենք զգում հրթիռների հարվածնները, բայց այն ժամանակ էլ, երբ 2006թ. հիմնադրեցինք հիմնադրամը, մեր պատկերացումը՝ ինչի է մեջ է գտնվում Հայաստանը, շատ կարճ կարելի է կոչել արհավիրք: Կրթության վիճակն այնպիսին էր, որ մենք, նայելով այդ ամենին, հասկացանք, որ Հայաստանն ապագա չունի: Եթե մի բան չփոխվի, այս երկիրն ուղղակի ապագա չունի, վաղ թե ուշ կկործանվի: Այն ժամանակ մենք սխալ էինք գնահատում, կարծում էինք՝ մեր գոյաբանական անմիջական վտանգները կլինեն մոտ 30 տարի հետո, բայց դրանք սկսեցին 15 տարի հետո»,- ասաց Արամ Փախչանյանը:
Նա նշում է, որ եթե շուտ սկսեին, երևի այս խնդրի առջև չէինք կանգնի:
«Այնպես որ, այդ առումով, այո, զգացողությունը, որ մենք արհավիրքում ենք գտնվում, կա և մնում է»,- եզրափակեց Արամ Փախչանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում