Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի երազանքները, դառն իրականությունն ու անակնկալ «հեփփի էնդը»

Երեկ երեկոյան, ինչպես և ակնկալվում էր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) իրավաբան-գիտնական անդամի՝ Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականից հետո առաջացած թափուր տեղի համար առաջադրեց Քննչական կոմիտեի (ՔԿ) նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը:

Հայկ Գրգորյանը, հիշեցնենք, գլխավոր դատախազի տեղակալ,  զինվորական դատախազի պաշտոնի թիվ մեկ թեկնածուն էր մինչ իր համար ստեղծված իրավիճակում երանելի այս թափուր հաստիքի առաջացումը:

168.am-ին հետաքրքիր ու զվարճալի մանրամասներ են հասանելի դարձել Հայկ Գրիգորյանի՝ մինչև ԲԴԽ մաքառումներով լի ճանապարհից:

Ողջ կյանքում զինվորական գործեր քննած Հայկ Գրիգորյանի քննչական կարիերան ընդհատվեց 2021թ. հուլիսի 12-ին, երբ վերջինս ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից: Իր պաշտոնավարման ընթացքում, սակայն, Նիկոլ Փաշինյանի համար խնդիրներ չստեղծած ՔԿ նախագահին կառավարող ուժը չէր ցանկանում անգործ թողնել, և երբ Աննա Վարդապետյանը նշանակվեց գլխավոր դատախազ, քաղաքական որոշում կայացվեց՝ Հայկ Գրիգորյանը պետք է դառնա գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ, մի պաշտոն, որն ըստ էության հարմար էր Հայկ Գրիգորյանին՝ հաշվի առնելով նրա աշխատանքային կենսագրությունը:

Կարդացեք նաև

Պարզվում է, սակայն, Հայկ Գրիգորյանի սրտով ի սկզբանե չի եղել զինդատախազի պաշտոնը. վերջինս ցանկացել է դատավոր դառնալ, իսկ ավելի կոնկրետ՝ գնալ Վճռաբեկ դատարան: Նիկոլ Փաշինյանին, սակայն, շատ հստակ բացատրել են, որ Վճռաբեկի ծանրաձողը հաստատ անհաղթահարելի է Հայկ Գրիգորյանի համար, և, որ վերջինս չունի այնքան գիտելիք այդ ոլորտում, որպեսզի կարողանա Վճռաբեկում պաշտոնավարել: Հետևաբար, որոշվում է՝ Հայկ Գրիգորյանը կդառնա զինդատախազ: Բնականաբար, այդ տեղի համար այլ դիմորդ չի լինում, և մրցութային ընթացակարգերն անցնելուց հետո ՔԿ նախկին նախագահը պետք է դառնար գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ:

Իրավիճակը, սակայն, փոխվում է այն բանից հետո, երբ «Կոլա» մականունով զինդատախազի թեկնածուն հանդիպում է իր ապագա վերադասին՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:

Թե ինչ է տեղի ունենում գլխավոր դատախազի հետ առանձնազրույցում, կիմանան իրենք երկուսով, բայց այդ հանդիպումից հետո, մեր տեղեկություններով, Հայկ Գրիգորյանի մոտ իսկական խուճապ է սկսվում: Վերջինս կատեգորիկ հրաժարվում է  իրեն առաջարկվող պաշտոնից, հայտարարում, որ ինքը չի կարողանալու որևէ պարագայում աշխատել Աննա Վարդապետյանի հետ, անգամ միջնորդներ է գտնում, ովքեր իր վախերը պետք է հասցնեին Նիկոլ Փաշինյանին: Նրան, ի վերջո, հաջողվում է հանդիպել Փաշինյանի հետ և վերջինիս խնդրել ազատել իրեն այդ «դժոխքից»: Անգամ հայտարարում է, որ ավելի լավ է՝ անգործ մնա, քան աշխատի Աննա Վարդապետյանի հետ:

Իրավիճակին անակնկալ կերպով լուծում է տալիս Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականը, և Հայկ Գրիգորյանը գործուղվում է ԲԴԽ: Զինդատախազի մրցութային հայտը Հայկ Գրիգորյանը հետ է վերցնում վերջին պահին:

Բայց քանի որ Հայկ Գրիգորյանը դատական իշխանությունից հեռու է ճիշտ այնքան, որքան մի քանի բիզնեսներ սնանկացրած Վահան Քերոբյանը էկոնոմիկայի նախարարությունից, հիմա գիշեր-ցերեկ պարապում է, որ կարողանա ներկայանալ Ազգային ժողովում, ելույթ գրել, հարցերի պատասխանել:

Տեսանյութեր

Լրահոս