Չարենցի ստեղծագործություններն արդեն հասանելի են ֆրանսերենով. տեղի ունեցավ ««Ծիածանը» և…» երկլեզու գրքի շնորհանդեսը

Եղիշե Չարենցի ծննդյան 125 և մահվան 85-ամյակներին նվիրված ««Ծիածանը» և ․․․» գիրքը իր առանձնահատուկ տեղը կգտնի ընթերցասեր հասարակության, հատկապես ֆրանկոֆոն մշակույթի դաշտում:

Հոկտեմբերի 28-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում կայացավ Եղիշե Չարենցի ««Ծիածանը» և…» երկլեզու գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն նշեց, որ ուրախ են, որ աջակցել են Եղիշե Չարենցի տուն-թանգարանին՝ թարգմանել ու խմբագրել գիրքը: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի դեսպանատան համար շատ կարևոր է հնարավորություն տալ ֆրանսախոս հասարակությանը ճանաչել Չարենցի գործերն ու բանաստեծությունները:

«Ունենալով ուժեղ կապեր Հայաստանի և հայերի հետ՝ Ֆրանսիայի դեսպանատան կողմից ուզում եմ ասել, որ Չարենցը՝ որպես բանաստեղծ, գրող, մշակութային մարդ, կարևոր է նաև Ֆրանսիայի դեսպանատան համար»,- ասաց Գիյոմ Նարժոլեն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը նշեց, որ դեռևս 2021 թվականին հանձնաժողովի կողմից առանձնակի նշանակություն է տրվել թարգմանչական ծրագրերի իրականացմանը:

«Ուրախ եմ, որ տարվա ավարտին մեր ձեռքին է երկլեզու ««Ծիածանը » և ․․․» գիրքը, որն արդեն 5-րդն է 2022 թվականի թարգմանական ծրագրերի շրջանակում: Վստահ ենք, որ գիրքը իր առանձնահատուկ տեղը կգտնի ընթերցասեր հասրակության, հատկապես ֆրանկոֆոն մշակույթի դաշտում»,- ասաց Մարաբյանը:

Գիրքը վերնագրված է ««Ծիածանը» և…», քանի որ այնտեղ զետեղված են Եղիշե Չարենցի «Ծիածանը» շարքը, ինչպես նաև բանաստեղծություններ «Ողջակիզվող կրակ», «Ութնյակներ արևին», «Զանազան բանաստեղծություններ» շարքերից, ընդհանուր` 74 ստեղծագործություն (հայերեն և ֆրանսերեն լեզուներով):

«Գրքի թարգմանության նախաձեռնությունը ծնվել է դեռևս նախորդ տարի, երբ Ֆրանսիայի դեսպանատան աշխատաիցներն այցելել են թանգարան: Թանգարանի ռազմավարական ուղղություններից մեկն է Չարենցի կերպարի միջազգայնացումը: Նրա գրական ժառանգությունների թարգմանությունը այդ նպատակի իրականցման ճանապարհն է: Սա շատ կարևոր է թանգարանի այցելուների համար, քանի որ մենք հյուրընկալում ենք ոչ միայն հայերի, այլև այլազգիների»,- ընդգծեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը:

Ֆրանսերեն թարգմանության հեղինակն է լուսահոգի Արամ Բարլեզիզյանը: «Ծիածանը» և…» գիրքը թարգմանչի կյանքի վերջին ամիսների աշխատանքն է ու նրա հիշատակի հավերժացումը: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև գրքի թարգմանության ընթացքում Արամ Բարլեզիզյանի՝ ձեռագրով արված նշումների թուղթը, որը պահվել է Ե․ Չարենցի տուն-թանգարանում:

Տեսանյութեր

Լրահոս