ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է` ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԲՅՈՒՋԵԻ ԿՐՃԱՏՈՒՄԸ ԱԼԻԵՎԻ ՈՒՂԻՂ ՊԱՀԱՆՋՆ Է. ԱՎԵՏԻՔ ՔԵՐՈԲՅԱՆ

ՀՀ կառավարության շենքում տեղավորված խմբավորումը N 1641-Ն որոշումով նոյեմբերի 20-ին որոշում է ընդունել 2025 թ. պետբյուջեով ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը հատկացված ֆինանսական միջոցները 5.7 միլիարդ ՀՀ դրամից մինչև 3.2 միլիարդ ՀՀ դրամ կրճատելու մասին։ «ՀայաՔվե» միավորման խորհրդի անդամ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ (2018-2020թթ.) Ավետիք Քերոբյանը 168 TVի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց՝ Հայաստանում այսօր ռազմարդյունաբերության զարգացման համար նախատեսված բյուջեն չծախսելը հանցագործություն է։

«Մենք գիտենք, որ ունենք լուրջ տեխնոլոգիական խզվածք մեր և հակառակորդ երկրների միջև, ունենք սպառազինությունների, զինամթերքի մասով լուրջ խզվածք, ունենք արտադրական կարողությունների, արտադրական տեխնոլոգիաների մասով խզվածք, և պետք է անենք ամեն ինչ, որ այդ խզվածքը փոքրացնենք, բերենք նոր տեխնոլոգիաներ, օգնենք ընկերություններին այդ տեխնոլոգիաները յուրացնելու և նորագույն տեխնոլոգիաներով արտադրանք թողարկելու համար։

Հիմա այս կառավարություն կոչվածը վերցրել ու 5.7 միլիարդը տնտեսությունից հանել է, իսկ պետական բյուջեն նախապես տնտեսությունից հանված փող է, մեր բոլորիս հաշվին ձևավորված բյուջեն է, սրանք այդ ամենը վերցնում են, բայց չեն ծախսում»,- մեկնաբանեց Ավետիք Քերոբյանը։

Կարդացեք նաև

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին ղեկավարը հիշեցնում է՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը, որը հանդիսանում է ռազմարդյունաբերության ոլորտի լիազոր մարմին, ունի պարտավորություն կատարելու բյուջեով իրեն հատկացված միջոցներով նախատեսված ծրագրերը։

Քերոբյանի խոսքով՝ այդ 5.7 միլիարդ դրամը, որը հատկացվել է 2025 թվականի պետական բյուջեով, իր մեջ ներառում էր 1.5 մլրդ դրամ՝ փորձանմուշների արտադրություն, ինչպես նաև՝ 4.2 մլրդ դրամ՝ ռազմական նշանակության փորձակոնստրուկտորական և գիտահետազոտական աշխատանքների համար։

Ավելի պարզ ասած՝ դա նոր սպառազինությունների, զինամթերքի, զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշների մշակումն է, այսինքն՝ այն, ինչ պետք է մեզ ապագայի համար։

Մինչդեռ, ինչպես փաստում է Ավետիք Քերոբյանը, փորձանմուշների համար հատկացված 1.5 միլիարդը կրճատել են 1.4 միլիարդով, դրանից առաջ էլ 35 միլիոնով էին կրճատել, ինչը նշանակում է, որ 1.5 մլրդ նախատեսված միջոցներից թողել են ընդամենը 65 մլն դրամ։

Քերոբյանը համոզված է, որ մինչև տարեվերջ դա էլ չեն կատարելու։

Իսկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների համար հատկացված 4.2 միլիարդը կրճատվել է մինչև 2.3 միլիարդ դրամ և ծախսված է 1.3 միլիարդը։

«Եթե Հայաստանում այսօր չես ծախսում ռազմարդյունաբերության զարգացման բյուջեն, դա հանցագործություն է։ Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք Ադրբեջանի պահանջների ուղիղ կատարման հետ։ Այդ պահանջները մեկ անգամ չէ, որ հնչեցվել են, մեկ անգամ չէ, որ նաև ասվել է ինչ-որ մարդկանց բերանով, որ դրանք նախապայմաններ են, հետո կարող է պարզվի, որ դրանք պայմաններ են, բայց ամեն դեպքում Ադրբեջանը պահանջները հնչեցրել է և՛ Հայաստանի զինված ուժերի կրճատման, զինաթափման, և՛ ռազմարդյունաբերության մասով՝ հայտարարելով, թե՝ «եթե խաղաղություն եք ուզում՝ զինվելը ձեր ինչի՞ն է պետք»։ Եվ տարատեսակ հարթակներում բողոքում են Հայաստանի դեմ»,- եզրակացնում է փորձագետը։

Հարցին՝ ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան անհանգստացած Հայաստանի զենքի գնումներով, ի վերջո՝ Հայաստա՞նն է իրականում ռազմական սպառնալիք Ադրբեջանի համար, թե՞ ընդհակառակը՝ Ադրբեջանն է ռազմական սպառնալիք Հայաստանի համար, Ավետիք Քերոբյանը պատասխանում է.

«Զինված հայ զինվորը մշտապես դիտարկվելու է որպես սպառնալիք, զինված հայ ժողովուրդը դիտարկվելու է որպես սպառնալիք, իր հողի վրա ապրող հայ ժողովուրդը թյուրքական պետությունների համար դիտարկվելու է որպես սպառնալիք»։

Ավետիք Քերոբյանի կարծիքով՝ Ռազմարդյունաբերության կոմիտեն պետք է ունենա առանձնացված կարգավիճակ և չպետք է ենթարկված լինի որևէ նախարարության, իսկ սպառազինության և զենք-զինամթերքի առումով ինքնաբավ լինելը հրամայական է Հայաստանի համար։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտնի հայտարարությանը, թե Հայաստանի ավելացած պետական պարտքի 8 մլրդ դոլարով զենք են գնել, Ավետիք Քերոբյանը նշեց, որ գործ ունենք առնվազն երեսպաշտության, իսկ իրականում՝ ստախոսության հետ։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս