Սա վախի նշան է. Շարունակե՛ք փնտրել, մեկ էլ տեսաք` մի բան գտաք, էս մեկը լուրջ չէ, որովհետև մեր ֆինանսավորման աղբյուրները բաց են. «Միասնության թևեր»

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը հայտարարարություն է տարածել, որում մասնավորապես նշում է. «Այսօր իշխանական և պրոիշխանական մի շարք «լրատվական» հարթակներով տարածվել է բացահայտ սուտ, մանիպուլյատիվ պատվիրված հերյուրանք՝ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ֆինանսավորման և վերջինիս ղեկավար Արման Թաթոյանի մասին։

Տարածված նյութը դասական սուտ քարոզչություն է, որի միակ նպատակը քաղաքական վարկաբեկումն է, ներքին խժդժության սերմանումը և հասարակության մեջ անվստահության մթնոլորտի ձևավորումը։ Երբ իշխանությունը կատարելապես ձախողված է, այլևս չունի գաղափար, ծրագիր կամ պատասխան, սկսում է կեղծ «բացահայտումներ» հորինել և մարդկանց պիտակավորել։

Սա վախի նշան է։ Իսկ իրականությունն այն է, որ «Միասնության թևերն» անկախ նախաձեռնություն է, որը չի ենթարկվում որևէ նախկին համակարգի կամ արտաքին կենտրոնի ազդեցության։ Այս փաստը չի փոխվելու մեդիա աղմուկով կամ կեղծ մեղադրանքներով։ Շարունակեք փնտրել, մեկ էլ տեսաք` մի բան գտաք։ Էս մեկը լուրջ չէ, որովհետև մեր ֆինանսավորման աղբյուրները բաց են և օրինական։ Մեր համակիրներին և աջակիցներին հայտնում ենք հստակ․ մեզ շեղել, բաժանել կամ վախեցնել չի հաջողվելու։

Մենք գիտակցված ենք ընտրել այս ճանապարհը և շարունակելու ենք այն բաց, ինքնիշխան և պատասխանատու քաղաքականությամբ։ Քաղաքական մրցակցությունը ենթադրում է բանավեճ և ծրագրեր, զրպարտությունը միայն պարտության ընդունում»:

Տեսանյութեր

Լրահոս