Հայաստանի իշխանական օլիգարխի ներդրումն Ադրբեջանում
Վառելիք ներմուծող «ՄեգաԹրեյդ» ընկերությունն ադրբեջանական բենզին է ներկրել Հայաստան ու պատրաստվում է սպառողներին վաճառել իրեն պատկանող «Ran Oil» ցանցի բենզալցակայաններում։ «ՄեգաԹրեյդը» ՔՊ-ական պատգամավոր, իշխանությանը սերտաճած օլիգարխ-գործարար Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերություն է։ Հենց նա է ադրբեջանական բենզինը ներմուծել Հայաստան։
Դժվար է ասել, վառելիք ներմուծող մյուս ընկերությունները հետաքրքրություն ցուցաբերե՞լ են ադրբեջանական բենզինի նկատմամբ, թե՞ ոչ, բայց փաստն այն է, որ ադրբեջանական բենզինը ներկրել է մեկ ընկերություն ու այդ ընկերությունը փոխկապակցված է իշխանությանը սերտաճած օլիգարխի հետ։ Սրա համար էին երևի ժամանակին կուրծք ծեծում, որ պետք է ամեն ինչ անել օր առաջ հարևանների հետ սահմանները բացելու ու առևտուր անելու համար, որպեսզի իբր զարգացնեն մեր տնտեսությունը։ Հիմա սրանով Խաչատուր Սուքիասյանը Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի տնտեսությունն է զարգացնում, Հայաստանի տնտեսությունն է զարգացնո՞ւմ, թե՞ սեփական բիզնեսը։
Ադրբեջանական բենզին ներկրելով՝ Խաչատուր Սուքիասյանը կամ նրան փոխկապակցված ընկերությունն ուղիղ ներդրում է անում Ադրբեջանի տնտեսության մեջ։ Այն Ադրբեջանի, որը կործանեց Արցախի Հանրապետությունն ու հազարավոր հայորդիների մահվան պատճառ դարձավ։
Մի՞թե Հայաստանի հասարակությունն այնքան է ընկել, որ պատրաստ է նրանց թափած արյունը փոխանակել ադրբեջանական բենզինով, որպեսզի որոշ մարդիկ մեծացնեն իրենց բիզնես կայսությունն ու ավելի շատ կապիտալ կուտակեն։ Մի՞թե ամեն ինչ այդքան շուտ մոռացվեց, թե՞ այնուհանդերձ հասարակությունը վեր կկանգնի կենցաղային մակարդակից ու կբոյկոտի ադրբեջանական բենզինի սպառումը։
Ժամանակը կտա այս հարցերի պատասխանը։
Մինչ այդ՝ ուզում են կաշառել հասարակությանը։ Ասում են՝ ադրբեջանական բենզինի ներմուծումը շոշափելիորեն կնպաստի գների նվազմանը։ Բայց մի՞թե այդ 10, 20, նույնիսկ 50 դրամն ավելի կարևոր է, քան սեփական արժանապատվությունը։
Եթե անգամ ադրբեջանական բենզինն ավելի էժան է վաճառվելու, ապա դա բխելու է, առաջին հերթին՝ ներմուծող ընկերության շահերից։ Դրանով այն առավելություն է ստանում վառելիքի ներմուծում-իրացումով զբաղվող մյուս ընկերությունների նկատմամբ ու հնարավորություն՝ ընդլայնելու սեփական բիզնեսը։ Այստեղ է ադրբեջանական բենզինի ներմուծման շահը։
Նաև այն, որ դրանով Ադրբեջանն ինչպես հասանելիություն, այնպես էլ՝ ուղղակի ազդեցություն է ստանում վառելանյութի հայաստանյան շուկայի նկատմամբ։ Դրա համար մեծ բան չէ, եթե այս փուլում նույնիսկ էժան բենզին մատակարարեն Հայաստան, այնքան ժամանակ, մինչև ամուր տեղավորվեն շուկայում։ Հետո արդեն կսկսեն թելադրել իրենց պայմաններն ու ազդեցությունը։
Ադրբեջանական բենզինի ներմուծումն առաջին հայացքից գուցե շուկայի դիվերսիֆիկացիայի տպավորություն է թողնում, ինչպես փորձում են ներկայացնել ՔՊ-ականներն ու նրանց մոտ կանգնած գործարարները, բայց դա իրական դիվերսիֆիկացիայի հետ բացարձակ կապ չունի։ Դրանով ոչ թե թուլանում է Հայաստանի կախվածությունը, այլ շատ ավելի վտանգավոր է դառնում։ Եթե մինչև հիմա այն կախված էր ռազմավարական գործընկեր ու բարեկամ երկրներից, այսպես շարունակվելու դեպքում՝ կախված է լինելու թշնամի երկրից, որն աչք ունի Հայաստանի նկատմամբ ու հարմար պահի է սպասում այն յուրացնելու համար։
Ռազմավարական գործընկերոջ դերը թուլացնելու համար որոշել են Ադրբեջանից բենզին ներմուծել ու Հայաստանը դնել թշնամի երկրից կախվածության մեջ։ Այս ամենի մեջ շատ ավելի շատ քաղաքականություն կա, քան տնտեսություն։ Տարօրինակ չէ՞, որ լինելով բենզին ներմուծող երկիր, Ադրբեջանը բենզին է արտահանում Հայաստան։ Ադրբեջանը երբեք էլ բենզին արտահանող երկիր չի համարվել։ Ավելի շատ ներմուծել է, քան արտահանել։
Ադրբեջանական բենզինն իրեն չի բավարարում, բայց Հայաստանին է վաճառում։
Սա քաղաքականություն է, որն ուղիղ կապ ունի Հայաստանն Ադրբեջանից կախվածության մեջ դնելու հետ։ Ու ինչքան էլ իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված ընկերությունը փորձի արդարացնել ադրբեջանական նավթամթերքը ներմուծելու իր նախաձեռնությունը, տպավորություն ստեղծել, որ դա ի շահ Հայաստանի տնտեսությանն ու վառելիքի շուկայի է, որ ներմուծման նոր աղբյուրների ներգրավումը կնպաստի շուկայի հավասարակշռությանը, կամրապնդի մեր երկրի էներգետիկ ու տնտեսական դիմակայունությունը, այդպես չէ։ Հակառակը՝ սրանով թուլանում է Հայաստանի տնտեսության ու էներգետիկ շուկայի դիմադրողականությունը։
Վաղը-մյուս օրն էլ, բնականաբար, այլ էներգակիրներ կարտահանեն ու այսպես կավելացնեն կախվածությունը։ Երբ կուզենան՝ կփակեն «ծորակն» ու կկանգնեցնեն փաստի առաջ։
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ ուղղակի կախվածություն թշնամաբար տրամադրված երկրից։
Այն, ինչ այսօր անում են Հայաստանի կառավարիչներն ու նրանց փոխկապակցված օլիգարխները, դրան է տանում։ Հայաստանի տնտեսությունը ներծծում են ադրբեջանական նավթի բույրով։ Փոխարենը, ինչպես տեսնում ենք, ոչ մի խոսք չկա ադրբեջանական շուկայում հայկական ապրանքների արտահանման մասին։ Ինչպես միշտ, շահողն Ադրբեջանն է, բայց առիթը բաց չեն թողնում խոնարհվել ու իրենց սիրառատ խոսքերը շռայլել Ադրբեջանի ղեկավարության հասցեին, որ ադրբեջանական բենզին են ուղարկել Հայաստան կամ թույլ են տվել իրենց տարածքով 1-2 անգամ ցորեն տեղափոխեն։
Պարզ է, չէ՞, թե ինչու նույն հաջողությամբ թույլ չեն տալիս հայկական ապրանքները մատակարարել ադրբեջանական շուկա կամ Ադրբեջանով արտահանել այլ երկրներ։ Դա կլիներ Հայաստանի տնտեսության շահը, դրա համար էլ թույլ չեն տալիս։
Հավանաբար «Ran Oil»-ի բենզալցակայաններում դեռ չի սկսվել ադրբեջանական բենզինի իրացումը։ Բայց ենթադրվում է, որ շուտով կսկսվի։
Ինչպե՞ս կարձագանքի դրան հասարակությունը, կբոյկոտի՞ ադրբեջանական բենզինի սպառումը, թե՞ կգերադասի մոռանալ ադրբեջանական հրոսակների վայրագությունները, ցույց կտա ժամանակը։
Մի բան ակնհայտ է, այսօր էլ, երբ Հայաստանի իշխանությունները չեն դադարում իրենց երախտագիտությունը հայտնել Ադրբեջանի իրենց երբեմնի «կիրթ ու կառուցողական» գործընկերոջը՝ մի քանի վագոն ցորեն կամ ադրբեջանական բենզին Հայաստան մատակարարելու համար, Արցախում ոչնչացնում են հայկական ինքնությունը, քանդում եկեղեցիներն ու ջնջում հայկական պատմական ժառանգությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
