Հովնան սրբազանի իրական դեմքը բացահայտվեց․ նա պետք է պատասխան տա ազգի առաջ․ Տեր Սերոբ
Տեր Սերոբ քահանա Ազարյանն (ԱՄՆ) այն կարծիքին է, որ գործող իշխանությունը հայկական չէ, ծառայում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին, և այդ համատեքստում է դիտարկում հարձակումը Հայ Առաքելական եկեղեցու վրա։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա ցավալի համարեց որոշ հոգևորականների մասնակցությունը հակաեկեղեցական գործընթացներին․
«Շատ ցավալի է, որ հայ եկեղեցականը, որը երդում է տվել հավատարիմ լինել իր Աստծուն ու հայրենիքին, նման բաներ է անում։ Հանուն ինչի՞ եք սա անում, եթե գիտեք, որ այնտեղ նստած է մեկը, որը եկել է քանդելու, պառակտելու, կործանելու, թալանելու համար։ Թե որոնք են նրանց դրդապատճառները, երևի իրենց պետք է հարցնել»։

Վեհափառին դավաճանած և հայտնի թղթի տակ ստորագրած հոգևորականներից է նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։
Տեր Սերոբի խոսքով՝ Հովնան սրբազանը միշտ կապի մեջ է եղել Լիլիթ Մակունցի հետ․
«Լիլիթ Մակունցի գործունեությունը, նրա կործանարար ընթացքն ԱՄՆ-ում բոլորիս հայտնի է։ Նա չէր եկել այստեղ մեր ազգային օրակարգերն առաջ մղելու համար, այլ՝ մեր ազգի մեջ կաթեցնելու այն օրակարգերը, որոնք տարվում են Փաշինյանի կառավարության կողմից։ Եթե Մակունցն այն կառավարության ներկայացուցիչն է, որն ասում է՝ Արցախ չկա, Արցախը մեր չէ, պետք է մոռանալ, սրբազանը նույնն է ասո՞ւմ։
Բոլորս լսեցինք, որ նա Փաշինյանի կառավարության սրտի թեկնածուն է, և եթե այդպես է, դա նշանակում է դանակով հարված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մեջքին։
Մարդն իր հավատարմությունը պետք է ցուցաբերի ոչ թե իր խոսքերով, այլ գործերով։ Ես չեմ ուրանում նրա տարած աշխատանքն այս թեմից ներս, բայց այդ բոլորը ոչինչ են, երբ հանկարծ ինքը ներկայանում է ուրիշ դեմքով, և այս պարագայում՝ փորձում է գահը հափշտակել։ Այն մարդիկ, որոնք փորձում են գահը հափշտակել, երբեք տեղ չունեն Հայ եկեղեցու մեջ»։

Ինչ վերաբերում է «Վեհափառին հանգստի ուղարկելու» այդ հոգևորականների կոչերին, նա շեշտեց, որ նույն տրամաբանությամբ թեմի քահանաներն էլ պետք է թեմի առաջնորդին, այս դեպքում՝ Հովնան սրբազանին հանգստի ուղարկելու կոչերով հանդես գան․
«Որևէ թեմի առաջնորդ կատարյալ չէ, հետևաբար, ի՞նչ իրավունք ունեն իրենք մատնանշել Վեփահափի «մեղքերը», ասել՝ Վեհափառը սա է արել, նա է արել։
Ներողություն, դուք ձեր մեղքերին չեք նայո՞ւմ։ Վեհափառի «կործանարար ընթացքը» ո՞րն է, ես 15 հատ կործանարար ընթացք կարող եմ տեսնել որևէ անձի գործունեության, խոսքերի մեջ, բայց ահավոր ցավալի է, որ այսպիսի բան տեղի է ունենում այսօր․․․ Ես՝ որպես քահանա, խորհուրդ կտայի իրենց վերադառնալ ճեմարան և զրոյից սովորել, թե ինչ է նշանակում քրիստոնեական խոնարհությունը։ Եթե քահանան այսպես աներ, նրան հերետիկոս չէիք հռչակի՞, կարգալույծ չէիք անի՞։ Իրենց արածը կարգալուծելի ընթացք է։
Երբ դուք ըմբոստանում եք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ընտրյալ Վեհափառի դեմ․․․ Եվ հիմա մի քանիսը վեր են կացել, ասում են՝ ընտրյալ չէ, ո՞նց ընտրյալ չէ, 26 տարի ընտրյալ էր, հիմա ընտրյալ չէ՞։ Երբ 2024-ի Մյուռոնօրհնեքին Փաշինյանը ներկայացավ Էջմիածին, այդ ժամանակ Վեհափառ էր, հանկարծ մի քանի ամսի անց դարձավ Կտրիճ Ներսիսյա՞ն։
Փաշազադեն հրահանգ է տալիս Բաքվից, և հանկարծ սրանք կատարո՞ւմ են։ Դա է պատասխանը, և ոչ մի ուրիշ բան։ Ամիսներ առաջ հավատարմություն էր ցույց տալիս և հանկարծ, ամիսներ անց, 180 աստիճան կերպարանափոխվում է»։

Նա նշեց, որ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում շատ քահանաներ դեմ են գործող իշխանությունների քաղաքականությանը, բայց չեն բարձրաձայնում այդ մասին՝ ի տարբերություն իրեն․
«Այս թեմում որևէ աղմուկ չկա, որովհետև հոգևոր ղեկավարներն այստեղ զանազան պատճառներով լռեցվել են։ Դրա համար էլ Հովնան սրբազանը, որը համամիտ է այս իշխանությունների հետ, այս ընթացքը ընտրեց և ինչպես ասում են՝ իր իրական դեմքը բացվեց։ Աստծուն պատասխան տալուց առաջ նա պետք է այս ազգին պատասխան տա, թե ինչ իրավունքով է այս տեսակ գործունեություն մղում և միևնույն ժամանակ, առաջնորդն է ամենամեծ թեմերից մեկի»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
