Սևանա լճի հատակին առաջին անգամ հոսքաչափ է տեղադրվել
Նորագույն գիտատեխնոլոգիական մոտեցումներ՝ հանուն Սևանա լճի: Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը մեծ և փոքր Սևանների խառնման մասում, լճի հատակին հոսքաչափ է տեղադրել, որն իրական ժամանակում իրականացնում է հոսքի պրոֆիլային անընդմեջ չափումներ: 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի Կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գոռ Գևորգյանը:
Նրա փոխանցմամբ՝ սարքը հատակից հանել են, որպեսզի ելքագրեն գրանցած տվյալները, փոխարինեն մարտկոցն ու նորից տեղադրեն լճի հատակին:
Հարցին՝ արդյո՞ք նման սարք նման սարք առաջին անգամ է տեղադրվել և չափումների տվյալներն արդեն կա՞ն, Գոռ Գևորգյանը պատասխանեց. «Այո, առաջին անգամ է նման տեխնոլոգիա կիրառվում, այս պահին առաջին տվյալներն ենք փորձում գրանցել, բայց դրանք դեռ պետք է մշակվեն»:
Հավելենք, որ Սևանա լճի էկոլոգիական վիճակի գնահատման համար տարբեր խորություններով տեղադրվել են նաև ջերմաստիճանային սենսորներ՝ ճշգրիտ տվյալներ ստանալու համար: Մեկ այլ սարքով հնարավորություն կա չափելու լճի տարբեր խորություններում լուծված թթվածինը: Մշակվել է նաև ջերմային ռեժիմի գնահատման մեթոդ: