«Կարող է և այդ հանդիպումը չլինի՝ Կրեմլից ձեզ են ասել, մեզ որևէ բան չեն ասել». ՔՊ-ական պատգամավորը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանին զիջելու բան չունեն, քանի որ նրա հետ գնում են խաղաղության։
«Մենք ուզում ենք 1991 թվականի մեր սահմաններով երկիրն ունենանք, որպեսզի խաղաղություն կնքվի։ Խնդիրը դրված է, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքենք, բայց հիմա դա կլինի, թե չէ, ոչ մեկը չգիտի։ Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչև տարեվերջ այդ պայմանագիրը պետք է կնքենք։ Բայց երբ Ալիևը սկսեց հոխորտալ, այդ ամենից երևում է, որ մինչև տարվա վերջ շատ դժվար կլինի, որպեսզի մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք։ Պետք է հասկանանք, որ մենք ենք կռվելու մեր երկրի համար, ոչ մեկը չի գալու այստեղ մեր երկրի համար կռվի»,- նշեց Գագիկ Մելքոնյանը։
Նա լրագրողներին կոչ արեց՝ որպեսզի իրենք էլ ժողովրդին կոչ անեն համախմբվել և երկիրն այս վիճակից հանել։
Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Ռուսաստանի և Արևմուտքի առաջարկներին՝ Գագիկ Մելքոնյանն ասաց, որ այդ առաջարկներից բարենպաստն այն է, որ Հայաստանը կարողանա թշնամուն քշել Հայաստանի սահմաններից։
«Միջագային կառույցներն արդեն իրենց ստիպում են, որ դուրս գան։ Իմացեք, քանի դեռ մենք այս խելքին ենք՝ պատերազմ էլ կլինի, ամեն ինչ էլ կլինի»,- շեշտեց իշխանական խմբակցության պատգամավորը։
Ինչ վերաբերում է առաջիկայում նախատեսված Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը, Գագիկ Մելքոնյանն ասաց, որ դրանից որևէ լավ սպասելիք չունի։
«Չգիտեմ էլ՝ այդ հանդիպումը կլինի՞, թե՞ չի լինի, կարող է և այդ հանդիպումը չլինի։ Կրեմլից ձեզ են ասել, մեզ որևէ բան չեն ասել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ երբ Ալիևը գնում է Մոսկվա, իրեն լավ է զգում՝ ինչպես ձուկը ջրում, իսկ երբ գնում է Բրյուսել՝ գլուխը կախում է. «Դուք չե՞ք զգացել, որ Մոսկվան Հայաստանի հանդեպ կողմնապահություն է անում։ Ես տեսնում եմ, որ Ռուսաստանն է «միջանցքի» խնդիր դրել, որ իրենք «միջանցք» ունենան Ադրբեջանի հետ»։