ԶՈՒ 7–ամյա պլանը գործող իշխանությունները ձախողեցին միտումնավոր. Արտակ Զաքարյան
Դեռ 2017 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հանձնարարել էր մշակել ԶՈՒ արդիականացման 2018-2025 թթ. նոր յոթնամյա ծրագիրը՝ 7 հիմնական ուղղություններով՝
– օրենսդրական դաշտի ձևավորում,
– զինված ուժերի զարգացման, մարտունակության բարձրացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման համալիր ծրագիր,
– կառավարման արդյունավետության բարձրացում,
– մասնագիտական գրավչության բարձրացում (այդ թվում՝ ռազմական կրթություն),
– զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիր. բնակարանավորում, բուժսպասարկում,
– վետերանների և զորացրվող զինծառայողների հարցեր,
– զոհվածների և հաշմանդամների կողքին կանգնելու կարողություն:
«Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ» թեմայով քննարկման ժամանակ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն անդրադառնալով այդ ԶՈՒ զարգացման 7–ամյա պլանի չիրագործման պատճառներին՝ նշեց. «Կատարվեց այն, ինչ կատարվեց Արցախի հետ, ինչ կատարվում է ՀՀ-ի հետ, այսինքն՝ ձախողվեց. գործող իշխանությունները, իմ կարծիքով, ձախողեցին միտումնավոր:
Իսկ այդ արդիականացման ծրագիրը, որը համապարփակ փաստաթուղթ էր, և անցել էր երկարատև, լայն փորձաքննություն, ընդունվել էր նաև Ազգային Անվտանգության խորհրդի կողմից՝ որպես կոլեգիալ փաստաթուղթ, որի դրույթները հետագայում ԱԺ-ում են օրենսդրական ճանապարհ անցել»:
Արտակ Զաքարյանը հավելեց, որ այս փաստաթղթի հիմնական նպատակն ապրիլյան մարտական գործողություններից հետո հաշվի առած թերությունները, բացթողումները, խնդիրները լուծելն էր։
ՊՆ նախկին փոխնախարարն այս փաստաթութը որակեց քաղաքական ուղերձ՝ ուղղված՝ ինչպես դաշնակից պետություններին, տարածաշրջանի երկրներին, այնպես էլ՝ թշնամական տրամադրված երկրներին:
«Եվ եթե ամեն բան գնար արդիականացման ծրագրի ներքո, այդ ծրագրով դրված ուղղությունների վրա, ապա մենք 2020 թվականին մեր և՛ օդային, և՛ հակաօդային, և՛ ցամաքային կարողությունները մի քանի անգամ ավելի արդիական տեսքի բերած կլինեինք»,- մանրամասնեց նա:
Արտակ Զաքարյանը շեշտեց՝ բանակը, Զինված ուժերը կենդանի օրգանիզմ են և ունեն հստակ խնդիրներ, իսկ անորոշության և բառակույտերի մեջ փորձել տեսլական տալ ԶՈւ զարգացման համար, այն, ինչ անում են «իշխանությունները», անիրատեսական են:
Ի դեպ, նախկին փոխնախարարը նկատեց՝ պաշտպանական գերատեսչությունն այսօր չի ստեղծել որևէ նմանատիպ առաջնորդող փաստաթուղթ:
«Հեշտ է հայտարարել՝ աննախադեպ ավելացրեցինք ռազմական բյուջեն և ռազմական կարիքներին ուղղվող ծախսերը, երբեք այսպիսի բյուջե չի եղել: Այո, եթե 2009 թվականի բյուջեն վերցնենք, այդ ժամանակ հանգիստ կարող էին ասել՝ երբեք այսպիսի բյուջե չի եղել, 2018 թվականին՝ 24 տոկոսով ավելացել է բյուջե. երբեք այդպիսի տոկոսով չէր ավելացել: Բայց դա թմբկահարելն իմաստ չունի, քանի դեռ իրական կյանքում այդ միջոցները, որոնք հանրությունը, պետությունը տրամադրում է իր իսկ պաշտպանության համար, կենսական կիրառում չստանան. 2021 թվականին էլ էր բյուջեն ավելացել, ի՞նչ եղավ. ՀՀ տարածքը չօկուպացրի՞ն»,- ամփոփեց Արտակ Զաքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում