Կառավարությունը բյուջեի փողը մի գրպանից հանել, դրել է մյուս գրպանը՝ համարելով հարկային եկամուտ

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին 9 ամիսների խոշոր հարկատուների ցանկը։ Խոշորների վճարած հարկերն ավելացել են, բայց երբեմն այդ ավելացումները զավեշտի են հասնում. կառավարությունը բյուջեի փողը մի գրպանից հանել, դրել է մյուս գրպանն ու համարել, որ հարկային եկամուտ է ստացել։ Փաստացի հարկային եկամուտ չի ստացել, բայց այնպես է ստացվել, որ ստացել է ու արտացոլել խոշորների վճարած հարկերի մեջ։

Խնդիրը կապված է եղել Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբի» հետ, որը շահագործում է «Շանգրի լա» խաղատունը։

Ինչպես հայտնի է, ժամանակին կառավարությունը հարկային պարտավորությունները չկատարելու, մասնավորապես՝ լիցենզիայի համար չվճարելու պատճառաբանությամբ, փակեց այս խաղատունը։ Հետո դատական պրոցեսներում պարզվեց, որ կառավարությունը սխալ է վարվել։

Թեև ի սկզբանե էլ պարզ էր, որ խնդիրը քաղաքական է։ Այդ պահին գործող իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի մոտ կար Գագիկ Ծառուկյանին քաղաքականապես ճնշելու նպատակ, ու որպես գործիք՝ կիրառվեց հարկային մամլիչը։

Կարդացեք նաև

Իշխանությունը հասավ իր քաղաքական նպատակներին, չնայած պետական բյուջեն մի քանի միլիարդ դրամի կորուստներ կրեց։ Ոչ միայն չստացավ այն գումարները, որոնք այս ընկերությունը տարեկան վճարում էր պետական բյուջե, այլև ստիպված եղավ պետությունն ինքը վճարել ընկերության փոխարեն։ Չհաշված, որ կառավարության հարուցած հարկադիր պարապուրդի հետևանքով հարյուրավոր աշխատողներ զրկվեցին աշխատանքից, իսկ բյուջեն՝ եկամտային հարկերի գումարներից։ Այդպես էլ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը պատասխանատվություն չկրեց այդ կորուստների համար։

Ի վերջո, կառավարությունը որոշեց հարկատուների հաշվին փակել Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող խաղատան չվճարած հարկերն ու դրա հետևանքով գոյացած տուգանքները։ Սկզբից հայտարարվեց պետական գանձարանից 4,2 մլրդ դրամ հատկացնելու մասին, բայց հետո պարզվեց, որ անհամեմատ ավելի շատ է վճարվել՝ շուրջ 5,6 մլրդ դրամ։

Դրա շնորհիվ էլ «Օնիրա քլաբը» հայտնվել է խոշոր հարկատուների առաջին 25-ի մեջ՝ վճարված 5,9 մլրդ դրամ հարկերով։ Թեև իրականում այդ գումարն ինքը չի վճարել, վճարել է պետական բյուջեն։ Բյուջեի ծախսերի ու հարկային եկամուտների ցուցանիշներն այդքանով ավելացել են, բայց բյուջեն ոչինչ չի ստացել։

Այդքան գումար, ըստ էության, կրկնակի եկամուտ է հաշվվել բյուջեի համար։

Սա կառավարության կողմից արված աճպարարություն է, որը ոչ մի կապ չունի բյուջեի իրական եկամուտների հետ։

Այդպիսի տրամաբանությամբ բյուջեի եկամուտները կարելի է կրկնապատկել՝ անընդհատ գումարները պտտելով բյուջեի խողովակով և ծախս-եկամուտ ձևակերպելով։ Բյուջեն դրանից կուռի, բայց արդյունքը կլինի զրոյական։

Կառավարության կողմից վճարված ավելի քան 13,6 մլն դոլարի հաշվին Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող խաղատունը վերադարձել է խոշորների ցանկ, չնայած 2020թ. սկզբից այս ընկերությունը փաստացի որևէ գործունեություն չի իրականացնում։ Խաղատունը փակ է ու չի գործում։ Պարտադրված հարկային պարտավորությունները կառավարության կողմից փակելուց հետո՝ այն պիտի վերսկսեր գործունեությունը երրորդ եռամսյակում կամ հոկտեմբերի 1-ից։

Եթե Գագիկ Ծառուկյանի այս ընկերության դեպքում կառավարությունը վերցրել է վերջինիս փոխարեն բյուջեի նկատմամբ կուտակված պարտավորությունները նույն բյուջեի հաշվին վճարելու պարտավորություն, ապա մեկ այլ ընկերության պարագայում գնացել է  արտոնյալ պայմաններ ստեղծելու ճանապարհով։ Խոսքը ցեմենտի արտադրության ոլորտի մասին է. ներմուծման վրա պետտուրք դնելով՝ կառավարությունը ներմուծվող ցեմենտի նկատմամբ մրցակցությունից դուրս է թողել ոլորտում գործող ներքին արտադրողներին, որոնցից ամենախոշորը Գագիկ Ծառուկյանի «Արարատցեմենտն» է։ Դրա արդյունքում էլ ավելացել են ընկերության վճարած հարկերը։ Եթե անցած տարվա 9 ամսում դրանք կազմել էին շուրջ 1,7 մլրդ դրամ, այս տարի կազմել են գրեթե 4,2 միլիարդ։ Այս աճի վրա ազդել է ոչ միայն արտադրության ծավալների ավելացումը, այլև գների բարձրացումը։

Մյուս խոշորների պարագայում աչքի են զարնում հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների վճարած հարկերը։ Մեկ ընկերություն վճարել է խոշորների վճարած հարկերի գրեթե 12 տոկոսը։ Խոսքը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» մասին է։

Ինն ամսում այս ընկերության կատարած հարկային պարտավորությունները կազմել են ավելի քան 129 մլրդ դրամ, մյուս 999-ինը՝ 953 միլիարդ։

Կոմբինատի վճարները նախորդ տարվա համեմատ 3 անգամով ավելացել են, թեև վերջին եռամսյակում նկատվում է աճի տեմպի դանդաղում։ Առաջին կիսամյակում այս ընկերությունը կատարել էր շուրջ 105 մլրդ դրամի պարտավորություն։ Երրորդ եռամսյակում վճարած հարկերն ավելացել են 24 մլրդ դրամով, ինչն անհամեմատ ավելի քիչ է, քան առաջին երկու եռամսյակներից յուրաքանչյուրում վճարած հարկերը։

Դրանով հանդերձ, կոմիբինատի վճարները 9 ամսում 87 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը։

Դրա վրա մեծապես ազդել են մետաղների միջազգային շուկաներում հաստատված բարձր գները։

Ընկերության և ընդհանրապես ոլորտում գործող մյուս ընկերությունների վճարած հարկերի վրա էական ազդեցություն է ունեցել նաև մետաղների արտահանման պետտուրքի կիրառումը։ Տարեսկզբին այդ հարկը, ասպես ասած, մաքուր էջից էր գործում։ Այն կիրառվում է անցած տարվա սեպտեմբերից։ Ուստի ազդեցությունը վճարած հարկերում զգալի է, բայց առաջիկայում կթուլանա, իսկ առավել առարկայական կարտահայտվի արդեն հաջորդ տարի, երբ տեսնենք, որ հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների վճարած հարկերը նվազում են։

Մյուս էական գործոնն էլ, որն իր ազդեցությունն է ունեցել Զանգեզուրի կոմբինատի վճարած հարկերի վրա, եղել է նախկին պարտավորությունների վերականգնումը՝ 15 մլրդ դրամի շրջանակներում։

Դրսի ու ներսի գործոնների հետևանքով՝ ավելացել են նաև հանքարդյունաբերության ոլորտի մյուս ընկերությունների վճարած հարկերը։ Իհարկե, դրանք անհամեմատելի են Զանգեզուրի կոմբինատի վճարած հարկերի հետ, բայց աճն ակնհայտ է։ Ագարակի կոմբինատը 9 ամսում բյուջե է վճարել շուրջ 11,7 մլրդ դրամ, նախորդ տարվա 3,3 միլիարդի փոխարեն։ Նախորդ տարվանից մի քանի անգամ ավելի հարկ է վճարել Վալլեքս խմբի մեջ մտնող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը»։ 

Բյուջեի մուտքերի աճին մեծապես նպաստել են ընդերքի ոլորտում գործող ընկերությունների վճարած հարկերը։ Չնայած դրա հետևանքով էլ ավելի է խորացել մուտքերի բևեռացումը։

Խոշորների վճարած հարկերի վրա այս տարի էական ազդեցություն է ունեցել ևս 3 կարևոր հանգամանք՝ հարկային բեռի ծանրացումը, գների բարձրացումը, ինչպես նաև արտաքին գործոներով պայմանավորված՝ առևտրի ու ծառայությունների շրջանառությունների աճը։ Դրանք մեծամասամբ եղել են ի վնաս սպառողների, որոնց հաշվին էլ ավելացել են բյուջեի եկամուտները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս