Բաժիններ՝

Վերանորոգվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը. Գյումրիում աշխատանքներից դժգոհողներ կան

Վերանորոգվում է Գյումրիի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը: Էքսպոզիցիոն պլանով և համալրված ցուցանմուշներով հուշատուն-թանգարանը նախատեսվում է բացել հոկտեմբերի 30-ին՝ Վարպետի ծննդյան օրը, սակայն վերանորոգումը Գյումրիում շատերի դժգոհության պատճառն է դարձել: Խոսքը հենց այն նույն տան մասին է, որտեղ 1875 թվականին ծնվել է Ավետիք Իսահակյանը:

Նոր էքսպոզիցիոն պլանն իրականացվում է ԿԳՄՍՆ դրամաշնորհային ծրագրով՝ 2 մլն 300 հազար դրամի շրջանակում։ Շինաշխատանքների համար պահանջվող 700 հազար դրամը տրամադրվում է համայնքային բյուջեից: Կատարվում է 4 սրահի էքսպոզիցիայի փոփոխություն։

Հարցն ավագանու նիստի ժամանակ բարձրացրել է «Զարթոնք» խմբակցության անդամ Սվետլանա Ադամյանը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հուշատուն-թանգարանի կարգավիճակը խոսում է այն մասին, որ վերանորոգման աշխատանքների փոխարեն պետք է իրականացվեն վերականգնման աշխատանքներ: Այս պարագայում, ըստ ավագանու անդամի, վերականգնում իրականացնում են հատուկ արտոնագիր ունեցող կազմակերպությունները, մինչդեռ այստեղ աշխատանքները կատարվում են սովորական շինարարական կազմակերպության կողմից: Սվետլանա Ադամյանը նաև իր դժգոհությունն է հայտնում աշխատանքի որակից: «Տարբերությունը վերանորոգման ու վերականգնման մեջ է: Տուն- թանգարաններում իրավունք չկա վերանորոգում կատարելու, պետք է լինի վերականգնում: Մենք չենք կարող կառույցը փոփոխությունների ենթարկել, իսկ այստեղ խոսքը դռների հեռացման մասին է, որոնք հեռացվել են ոչ թե վերականգնման նպատակով, այլ՝ հիմնովին, ինչի իրավունքը չկա»,- նշում է Սվետլանա Ադամյանը։

Գյումրիի քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը զարմացած է, թե ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել: Նրա խոսքով՝ հիմնովին փոփոխություններ չեն արվել, իսկ դռները հանվել են ներքին հարդարման ժամանակ ու, եթե հանձնաժողովը որոշի, որ դրանք հետ պետք է տեղադրվեն, կտեղադրվեն: Կառույցի պատմաճարտարապետական տեսքի խեղում չկա:

«Շինաշխատանքների ընթացքում թանգարանի շենքում որևէ բան չի փոխվում, միջամտություն պատմաճարտարապետական շենքում չի կատարվում։ Զուտ կոսմետիկ նորոգումներ են: Այստեղ օրենքի հետ ոչ մի հակասություն չկա: Մեմորիկալ հատվածին որևէ կերպ ձեռք չենք տալիս»,-նշում է պատասխանատուն:

Տարածքը վերանորոգվում է, որից հետո հուշատուն-թանգարանը շուտով կհամալրվի գրականագիտության մեջ մինչ այժմ անհայտ համարվող եզակի ցուցանմուշով, որը թանգարանին կտրամադրի Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, երբ ավարտին հասած կլինեն հուշատուն-թանգարանում նոր էքսպոզիցիոն պլանով մեկնարկած աշխատանքները։ Բացառիկ ցուցանմուշը Շուշիկի նամակն է Ավետիք Իսահակյանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս