Եթե տարածաշրջանի որևէ անկյունում միջադեպ տեղի ունենա և մեր շահերը վտանգվեն, ապա մենք չեզոք չենք մնա. ԻՀՊԿ հրամանատարը դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը ուղղաթիռով և պարաշյուտով թռիչք են իրականացրել երկրի հյուսիսարևմտյան սահմանային շրջաններում զորավարժությունների երրորդ օրվա ընթացքում: Ինչպես գրում է tasnimnews.com-ը, գործողություններն իրագործվել են Mil Mi-17 ուղղաթիռներով:

Ադրբեջանի հետ սահմանին անցկացվող զորավարժությունների մասնակիցները գրավել են նաև պայմանական հակառակորդի կողմից վերահսկվող երթուղիներն ու բարձունքները։ Երկուշաբթի մեկնարկած զորավարժությունների ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերն առաջին անգամ փորձարկել են գետերի վրա պոնտոնային կամուրջների տեղադրումը զորքերի և մեքենաների տեղաշարժի համար:

Զորավարժությունների ֆոնին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հիշեցրել է հարևան պետություններին, որ Իրանը հավատարիմ է մնում բարեկամության և եղբայրության քաղաքականությանը, քանի դեռ թշնամիների կողմից իր դեմ դավադրություն չկա:

«Մեզ հետ ճիշտ փոխգործակցող ցանկացած երկրի և ուժի հետ մենք եղբայր ենք։ Կոչ ենք անում մեր հարևաններին լուծել իրենց խնդիրները փոխգործակցության և ոչ ռազմական մոտեցումների միջոցով։ Մենք շահեր ունենք այս տարածաշրջանում, ուստի, եթե տարածաշրջանի որևէ անկյունում միջադեպ տեղի ունենա և մեր շահերը վտանգվեն, ապա մենք չեզոք չենք մնա և կպաշտպանենք մեր շահերը»,- ասել է գեներալը։

Տեսանյութեր

Լրահոս