Բաժիններ՝

«Հող, քար բարձած, կբերենք շուռ կտանք շոշի մեջտեղը ու կփակենք»․ բեռնատարների վարորդները բողոքում են բեռնվածության համար սահմանվող տուգանքներից

Տրանսպորտային միջոցների բեռնվածության թույլատրելի առավելագույն զանգվածի փոփոխությունից դժգոհող բեռնատարների վարորդները կրկին ճանապարհ կփակեն։

2 օր առաջ՝ հոկտեմբերի 17-ին, որպես բողոքի նշան՝ Էջմիածին-Երևան մայրուղին փակած վարորդներից մի քանիսը 168.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենց այսօրվա վրդովմունքը պայմանավորված է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հնչեցրած մտքերով, որոնց համաձայն՝ տուգանքները ոչ թե 200.000 դրամից նվազելու են, այլ հակառակը՝ յուրաքանչյուր 1 տոննա ավելի բեռի համար են 200.000 դրամով տուգանվելու։

«Հոկտեմբերի 17-ին, երբ մենք ճանապարհ փակեցինք, մեր վարորդներից մի քանիսին ասֆալտին ծեփելով բերման ենթարկեցին, ասացին՝ կարգն էդպես չի, գնացեք, խոսեք, իշխանության հետ լեզու գտեք։ Նույն օրն Արմավիրի մարզպետի հետ հանդիպեցինք, խոստացավ՝ Կառավարության անդամների հետ հարցը քննարկել, մի լուծում առաջարկել, որ մի կտոր հացից չզրկվենք։ Բայց ի՞նչ արեցին, ավելի վատ փոփոխություններ են արել, որոնց համաձայն՝ խեղճ վարորդները պետք ա հարյուր-հազարավոր դրամների տուգանքներ վճարեն։ Փոխանակ ի օգուտ մեզ մի բան որոշեին, ի վնաս են որոշել։ Եթե էդպես են ուզում, ուրեմն մենք էլ մեր քայլերը կանենք, ավելի մեծ չափերի ցույցեր կանենք։ Էս իշխանություններն էնպես են անում, որ Հայաստանից գնանք, իրենց այդ քայլերով, մշակած օրենքներով, ասում են՝ հելեք գնացե՛ք Հայաստանից, պարանը գցում՝ ժողովրդին խեղդում են․․․»։

Վարորդները բացատրեցին, որ ինչքան էլ ցանկանան, չեն կարող ավազն այնպես բարձել, որ առջևի և ետևի սռնիների ծանրաբեռնվածությունը համապատասխանի պահանջվող ցուցանիշին։ Նշում են՝ իրենց ասվել է՝ ընդհանուր բեռը՝ մեքենան էլ հետը, չգերազանցի 48 տոննան, իրենք դա պահպանում են, իսկ այս փոփոխությունները համարում են շարքային քաղաքացուց «փող պոկելու» միջոց․

Կարդացեք նաև

«Մեր պես շարքային քաղաքացին էդ տուգանքը չի կարողանալու մուծի, վերջին տարբերակ՝ մարդիկ ուղղակի մեքենաները կանգնեցնելու են ու չաշխատեն, գործազրկությունն է շատանալու, երևի իրենց նպատակն էլ դա է։ Եթե մենք չաշխատենք, շինարարությունն էլ է կանգնելու, մենք չենք կարողանալու ավազ բերել, քյասիբ ժողովուրդն էլ չի կարողանալու իր հայաթը, իր ոտքի տակը, իր բաղնիքը սվաղ անի, որ կարողանա մի քիչ մաքուր տեղ լողանա։ Տարվա մեջ 50-100 հոգի մարդ ա լինում, որ ասում են՝ կլինի՞ էդ ավտոյի կեսով ավազ բերես, մյուս կեսն ուրիշն առնի, ստիպված մարդ ենք ճարում, էս փոքր զլի գռուզը 2 տեղ ենք կիսում, որ մարդիկ կարողանան վճարել։ Պատկերացնո՞ւմ եք, մարդը էս հիմիկվա պայմաններում չի կարողանում ամբողջ մեքենայի բեռն առնի, էլ ուր մնաց՝ թանկացման դեպքում։ Մարդիկ մի կերպ երկու կոպեկ հետ են գցում, ասում են՝ էսօր միս չուտեմ, էն չուտեմ, որ կարողանամ  ավազ առնեմ, ցեմենտ առնեմ, մի քիչ ոտքիս տակը սվաղ անեմ՝ ցեխը վերանա, դա էլ չեն կարողանալու։ Էս քայլով իշխանությունը մտնում է մեր գրպանը, էնքան են անելու, որ վերանա էս աշխատանքը, ու դաշտում մնան խոշոր խաղացողները։

Հավատացե՛ք, սա բերելու է մենաշնորհի, միայն իրենց մեքենաներն են աշխատելու։ Բայց մի բան էլ ասեմ՝ իրենց մեծ մեքենաները չեն կարողանալու գյուղում ապրանք բերեն դատարկեն, որովհետև համ էդքան մեծ քանակությամբ ապրանք առնող չի լինում, համ էլ փողոցներ կան, որ էնքան նեղ են, որ չեն կարողանալու էդ ավտոները մտնեն․․․»։

Հարցին՝ ի՞նչ եք պատրաստվում անել, քանի որ մինչև այս պահը ձեզ առաջարկել էին  սպասել Կառավարության արձագանքին, մեր զրուցակիցներն ասացին, որ առաջիկայում  կրկին ճանապարհ կփակեն, բայց արդեն այլ տարբերակներով։

«Նորից ակցիա պետք է անենք, շոշ փակենք, եթե էն անգամ միայն մեր մարզի վարորդներն էին, այս անգամ նաև ժողովուրդն է փողոց դուրս գալու։ Էս անգամ ոչ թե ավտոյով կփակենք, որ ոստիկանները գան խոդ տան հանեն, այլ գռուզը բարձած՝ հող, քար, կբերենք շուռ կտանք շոշի մեջտեղը ու կփակենք, տեսնենք՝ ոստիկանները նույն  արագությամբ կկարողանա՞ն ճանապարհը բացել։ Հավատացեք, մեզ համար էլ հաճելի չէ նման բան անել, բայց մենք դրանով ենք ապրում․․․»։

Նշենք, որ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանն անդրադառնալով տրանսպորտային միջոցների բեռնվածության թույլատրելի առավելագույն զանգվածի փոփոխություններին՝ ներկայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծով նախատեսվում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքարշ կամ 1 սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար սահմանված պատասխանատվության միջոց՝ 200.000 դրամը փոխարինել և սահմանել մինչև 1 տոննա և ավելի յուրաքանչյուր տոննայի համար 200.000 դրամ։

«Այս պահին առկա կարգավորումներով՝ թույլատրելի զանգվածը գերազանցի 1 տոննայով, թե 5 տոննայով, պատասխանատվության միջոցը նույնն է, չնայած ճանապարհին հասցվող վնասն անհամեմատ տարբեր է, և նպատակն է՝ ճանապարհին հասցվող վնասին համաչափ պատասխանատվության միջոց կիրառել»,- ասաց Արմեն Դանիելյանը, ապա նշեց, որ նախագծով նաև նոր կարգավորում են սահմանել, ըստ որի՝ տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագիրը չկատարելու կամ գործունեությանը խոչընդոտելու դեպքում ևս պատասխանատվության միջոց կկիրառվի․

«Ֆիզիկական անձի համար՝ 150.000 դրամ, պաշտոնատար անձի համար՝ 250.000 դրամ»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին բեռնատարների տասնյակ վարորդներ փակել էին Էջմիածին-Երևան մայրուղին և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպում էին պահանջում։

Վարորդները դժգոհում էին տրանսպորտային միջոցների բեռնվածության թույլատրելի առավելագույն զանգվածի փոփոխությունից։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեռ մայիսի 17-ին էր իրազեկել տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի և մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերի վերաբերյալ տեղեկությունը։

Ըստ այդմ՝

2 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 18 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների դեպքում՝ 25 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցը, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 26 տոննա։

4 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 ուղղորդող սռնիներով և որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 32 տոննա։

2 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 3 սռնի ունեցող կցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 կամ 3 սռնի ունեցող կիսակցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա։

Տեսանյութեր

Լրահոս