Բաժիններ՝

Բեռնատարների վարորդները մեքենայի յուրաքանչյուր սռնու վրա ընկած յուրաքանչյուր 1 տոննա ավելի բեռի համար 200.000 դրամ տուգանք կվճարեն․ նոր նախագիծ

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանն անդրադառնալով տրանսպորտային միջոցների բեռնվածության թույլատրելի առավելագույն զանգվածի փոփոխություններին՝ ներկայացրեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծով նախատեսվում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքարշ կամ 1 սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար սահմանված պատասխանատվության միջոց՝ 200.000 դրամը փոխարինել և սահմանել մինչև 1 տոննա և ավելի յուրաքանչյուր տոննայի համար 200.000 դրամ։

«Այս պահին առկա կարգավորումներով՝ թույլատրելի զանգվածը գերազանցի 1 տոննայով, թե 5 տոննայով, պատասխանատվության միջոցը նույնն է, չնայած ճանապարհին հասցվող վնասն անհամեմատ տարբեր է և նպատակն է ճանապարհին հասցվող վնասին համաչափ պատասխանատվության միջոց կիրառել»,- ասաց Արմեն Դանիելյանը, ապա նշեց, որ նախագծով նաև նոր կարգավորում են սահմանել, ըստ որի՝ տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագիրը չկատարելու կամ գործունեությանը խոչընդոտելու դեպքում ևս պատասխանատվության միջոց կկիրառվի․

«Ֆիզիկական անձի համար՝ 150.000 դրամ, պաշտոնատար անձի համար՝ 250.000 դրամ»։

Կարդացեք նաև

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Կառավարության ներկայացուցչից հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ են հասկանում՝ որքան բեռնվածքը շատ է, այնքան տուգանքը շա՞տ է լինելու։ Դրական պատասխան լսելուց հետո, պատգամավորը նաև օրինակ բերեց․

«Այսինքն, եթե 1 տոննայով է գերազանցել՝ 200.000 դրամ, 3 տոննայով՝ 600.000 դրամ»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն էլ Կառավարության ներկայացուցչից հետաքրքրվեց, եթե, օրինակ, 2 սռնի ունեցող մեքենայի յուրաքանչյուր սռնին գերազանցում է 400 կիլոգրամը, յուրաքանչյուր սռնու համար առանձին 200.000 դրամով է տուգանվո՞ւմ, այսինքն՝ 400.000 դրամո՞վ, թե՞ սա համարվում է մինչև 1 տոննա բեռ և տուգանքը լինում է 200.000 դրամ, Արմեն Դանիելյանը պատասխանեց՝ յուրաքանչյուր սռնու համար տուգանքն առանձին է կիրառվում։ Ստացվում է՝ 800 կիլոգրամ ավելի բեռ կշռող մեքենան տուգանվելու է ոչ թե 200.000 դրամ, այլ՝ 400.000։

Իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ անդրադառնալով նոր կարգավորումների վերաբերյալ տնտեսվարողների դժգոհություններին՝ ասաց․

«Տնտեսվարողները հիմնականում բողոքում են, գտնում են, որ երբեմն կարգավորումները չափից դուրս խիստ են ու պետք է մեղմացնել։ Էստեղ ուզում եմ մեր համաքաղաքացիներին ասել, որ, եթե օրենքի կարգավորումները խիստ չեն, ու պատշաճ վերահսկողություն չկա, մենք վերջում բոլորս միասին դրա համար ավելի թանկ ենք վճարելու, որովհետև, եթե ճանապարհը շարքից դուրս եկավ, էդ շարքից դուրս եկած ճանապարհը բոլորի մեքենաներն ավելի շատ է վնասելու, իսկ էդ ճանապարհը շարքից դուրս գալու համար գումարը բոլորի վճարած հարկերի հաշվին է լինելու։ Այսինքն՝ էս դեպքում ավելի լավ է կանխարգելիչ միջոցներ կիրառել, որքան էլ դա կարող է տնտեսվարողների համար որոշակի բեռ լինել․․․»։

Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին նախագծին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին բեռնատարների տասնյակ վարորդներ փակել էին Էջմիածին-Երևան մայրուղին և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպում էին պահանջում։

Վարորդները դժգոհում էին տրանսպորտային միջոցների բեռնվածության թույլատրելի առավելագույն զանգվածի փոփոխությունից։

Նշենք որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեռ մայիսի 17-ին էր իրազեկել տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի և մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերի վերաբերյալ տեղեկությունը։

Ըստ այդմ՝

2 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 18 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների դեպքում՝ 25 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցը, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 26 տոննա։

4 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 ուղղորդող սռնիներով և որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 32 տոննա։

2 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 3 սռնի ունեցող կցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 կամ 3 սռնի ունեցող կիսակցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա։

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս