Իշխանությունների «սրտի դատավորի» կալանավորումը՝  մեսիջ Էրիկ Ալեքսանյանի գործով դատավոր Արշակ Մաթևոսյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռազմիկ Մարիկյանի, երեկ` ուշ երեկոյան, հեռացել էր առանձին սենյակ՝ մինչդատական վարույթի նկատմամբ օրինականությունը քննող կամ, ինչպես ընդունված է ասել, կալանք տվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ դատավոր Ալեքսանյանին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Նա որոշել է գրավի դիմաց ազատ արձակել քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին, ով հայտնի է «Ֆազ» մականունով և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալն է: Փաստաբան Ալեքսանյանին նույնպես վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել: Վերջինիս մեղադրում են դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու մեջ:

Ըստ Էրիկ Ալեքսանյանի պաշտպանների՝ նա ընդամենը միջնորդություն է ներկայացրել դատարան, որը քննել ու բավարարել է դատավոր Ալեքսանյանը: Փաստաբանն ու դատավորն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում: Էրիկ Ալեքսանյանի գործով դատավորը ևս առանձին սենյակ է հեռացել՝ որոշում կայացնելու, որը տևական ժամանակ չի հրապարակվել:

Կարդացեք նաև

Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանը մինչ կալանավորումն ազատության մեջ էր, քանի որ լրացել էր նրա ձերբակալելու ժամկետը։

Երեկ ժամը 15։30-ից ըստ էության ազատության մեջ է նաև Էրիկ Ալեքսանյանը:

Եվ ահա քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց:

«Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց Աջափնյակ 1 նստավայրի դատավորի կողմից։ Իհարկե, այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների և դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձևավորելուն (ինչպես և խոստացել էին)։

Դժվար է պատկերացնել, որ ԲԴԽ-ի կողմից դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու համաձայնություն տալը, նրան ԱԱԾ-ի կողմից ձերբակալելը և կալանավորման միջնորդություն ներկայացնելը չէր ազդելու դատավորների, առավել ևս Աջափնյակ 1 նստավայրի դատավորների վրա, որպեսզի ԱԱԾ-ին և դատախազությանը հակառակ որոշում կայացնելուց առաջ ևս 10 անգամ մտածեն ու ապահովագրվելու, շառից ու փորձանքից հեռու մնալու համար չմերժեն նրանց միջնորդությունները։

Կալանքն ինչպես կար, այնպես էլ մնում է միակ խափանման միջոցը, իսկ չկալանավորելու ցանկությունը կախված է միայն մեղադրանքի կողմից (եթե իհարկե ցանկալի ցուցմունք կտաս)»,- գրել էր նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:

Հետաքրքիր էր այն, որ Արուսյակ Ալեքսանյանի կալանքի հարցը քննում էր այդ դատարանի այն միակ դատավորը, ով քիչ թե շատ ինքնուրույնություն ուներ և կարող էր չհամաձայնեցված որոշում կայացնել։ Ռազմիկ Մարիկյանը կալանավորեց Արուսյակ Ալեքսանյանին:

Ինչ վերաբերում է Արշակ Մաթևոսյանին, ապա առնվազն տարօրինակ է, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանքի հարցը քննող դատավորը, ով անհամեմատ ավելի շուտ ու ավելի երկար է քննել հարցը, առանձին սենյակ է հեռացել որոշման հրապարակման համար, ժամ չի հայտնել, ու անհասկանալի է` երբ կհրապարակի որոշումը, իսկ Ռազմիկ Մարիկյանը հստակ ժամ էր ասել։

Սա նշանակում է, որ Արշակ Մաթևոսյանը սպասում է, թե ինչ որոշում կկայացնի Մարիկյանը, որովհետև դժվար է պատկերացնել` ինչպես է հնարավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու դեպքում չկալանավորել Էրիկ Ալեքսանյանին, թեպետ հենց սկզբից էլ պարզ էր՝ այս գործում թիրախը հենց Էրիկ Ալեքսանյանն է, և Արուսյակ Ալեքսանյանին մեկ ամսով կալանավորելը հենց Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու համար պարարտ հող ստեղծելն է:

Մի հանգամանք ևս: Ամեն ինչից բացի, անձին կալանավորելու համար պետք է բավարար լինեն կալանքի հիմքերը: Ստացվում է, որ Էրիկ Ալեքսանյանի կալանքի հարցի քննությունն ավարտվել է երեկ՝ ժամը 15։30-ին, ժամը 13։40-ի սահմաններում արդեն իսկ նրա ձերբակալման ժամկետը լրացել էր, և դատարանը, քննելով փաստաբանի կալանավորման հարցը, արդեն իսկ գիտեր, որ նա ազատության մեջ է: Բայց նա պարտաճանաչ ու պատշաճ կերպով մասնակցում էր նիստից ու դրանից հետո էլ, երբ մինչ այս պահը դատավորն առանձին սենյակում որոշում է կայացնում, Էրիկ Ալեքսանյանն ազատության մեջ է: Թաքնվելու ցանկության դեպքում այսքան ժամանակում Էրիկ Ալեքսանյանը հաստատ կարող էր թաքնվել, քննությանը խոչընդոտելու ցանկությունն այդպիսին լինելու դեպքում նույնպես լիարժեքորեն կարող էր բավարարվել, որովհետև լիովին ազատ մարդ է, և, իհարկե, նոր հանցանք կատարելու համար էլ, եթե մարդն այդպիսի վարքագծային հակումներ ունի, հերիք է մեկ ժամն էլ: Իսկ այստեղ խոսքը գրեթե 24 ժամվա մասին է:

Ու հիմա, երբ դատավորը բավարարեց Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու՝ դատախազության միջնորդությունը, դժվար չէ կռահել՝ ինչ որոշում կկայացնի դատավոր Արշակ Մաթևոսյանը:

Իսկ այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի: Արուսյակ Ալեքսանյանը հենց այնպես չի հանձնվի, և դատական համակարգի ղեկավարները, ովքեր ըստ ամենայնի ամեն ինչ արել են, որ Արուսյակ Ալեքսանյանը չկալանավորվի, բայց չեն հաջողել, հիմա մտածելու բան ունեն, որովհետև չի բացառվում՝ Արուսյակ Ալեքսանյանն ունենա քաղաքական պատվերների առկայությունը հիմնավորող բազմաթիվ ձայնագրություններ։

Ինչ վերաբերում է ԲԴԽ -ին, կառույցն այս պահին նախանձելի վիճակում է. որևէ մեկը նրանց չի մեղադրում Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու թույլտվություն տալու համար, և եթե հիշենք` ինչ էր կատարվում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի դեպքում, որը մինչ այսօր հիշեցնում են այդ կառույցին, պետք է արձանագրել, որ այս առումով ԲԴԽ-ն երանելի հանգստության մեջ է։

Իսկ Արուսյակ Ալեքսանյանը պետք է մտածի` ինչու են իրեն ու իր գործը տոտալ անտարբերության արժանացրել մասնագիտական համայնքն ու մեդիադաշտը։ Եվ եթե այս գործում չլիներ Էրիկ Ալեքսանյանի գործոնը, այս գործի նկատմամբ առհասարակ որևէ ուշադրություն չէր լինի։

Տեսանյութեր

Լրահոս