«Մենք պահանջում ենք արդարացնել Վազգեն Մանուկյանին. Նրա արարքում հանցակազմ չկա». Էրիկ Ալեքսանյան

Երևանի քրեական դատարանի Նոր Նորքի նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը, որի ընթացքում մեղադրող դատախազ Արմեն Գևորգյանն ընթերցեց մեղադրական ճառը՝ պնդում է մեղադրանքը, նշեց՝ այն հիմնավոր է և փաստարկված։

Դատախազը մեջբերեց 2020թ․-ի դեկտեմբերին և փետրվարին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի երկու ելույթները։

Հիշեցնենք, որ այդ ելույթներից մեկում Վազգեն Մանուկյանն ասել էր․ «Ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վազգեն Մանուկյանը, հանրության առաջ կատարելով պատգամավորների, բարձրաստիճան ոստիկանների տեղաշարժը սահմանափակելու, բանակին ուղղված ընդվզելու հայտարարություններ, կատարել է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Կարդացեք նաև

Դատախազը պահանջեց Վազգեն Մանուկյանին դատապարտել տուգանքի` 500 հազար դրամի չափով։ Նա նշեց, որ պատիժը մեղմացնող հանգամանք է այն փաստը, որ Վազգեն Մանուկյանը եղել է ՀՀ 3-րդ հանրապետության նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, զբաղվում է գիտությամբ։

168.am-ի հետ զրույցում Վազգեն Մանուկյանի պաշտպանական թիմի անդամ Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը, այն է՝ սահմանադրական կարգը բռնի ձևով տապալելուն և իշխանությունը զավթելուն ուղղված կոչերն անհիմն են, որովհետև Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում ելույթ է ունեցել փետրվարի 12, 20-ին և 26-ին, և դրանցում բռնության որևէ կոչ չկա:

«Վազգեն Մանուկյանը հանդիսանում է քաղաքական դերակատար, հետևաբար՝ նրա ելույթը կառուցված է եղել քաղաքական կոմպոնենտի հիման վրա: Իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ նրա սուր քննադատությունը, վիրավորական խոսքը պաշտպանված են ազատ խոսքի տիրույթում»,- ասաց պաշտպանը՝ հավելելով՝ Եվրոպական դատարանը հստակ ընդգծում է, որ քաղաքական դերակատարի կողմից այս կամ այն իրավիճակներում արված հայտարարությունները ավելի են գտնվում ազատ խոսքի դաշտում, քան սովորական, մասնավոր անձանց դեպքում:

Ըստ նրա՝ պաշտպանական թիմի դիրքորոշումն այն է, որ Վազգեն Մանուկյանը խոսել է քաղաքական հենարանների և դրանց նկատմամբ հանրային ճնշման ու պարսավանքի մասին:

«Այդ ելույթների իմաստը, դրանց ողջ բովանդակությունը եղել է այն, որ այս իշխանությունները պետք է հեռանան, որովհետև նրանք ամեն ինչ ձախողել են: Սա իշխանության քննադատություն է և նրա հրաժարականի անհրաժեշտության հիմնավորում: Եվ ամենակարևորը՝ Վազգեն Մանուկյանի խոսքում բռնության վերաբերյալ որևէ կոչ չի եղել»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ Վազգեն Մանուկյանի խոսքի խնդրո առարկան եղել է 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմը, Նիկոլ Փաշինյանի կողմից պատերազմը սադրելը, Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը:

«Մենք պահանջում ենք արդարացնել Վազգեն Մանուկյանին. Նրա արարքում հանցակազմ չկա»,- եզրափակեց Էրիկ Ալեքսանյանը:

Տեսանյութեր

Լրահոս