«Ինքը կոտրվող տեսակ չէ. իմ ամբողջ պրակտիկայի ընթացքում նման աբսուրդային կալանք չեմ տեսել». Գարիկ Գալիկյան
Հոկտեմբերի 21-ին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի շրջանակներում «կալանք տվող» դատավոր Դավիթ Արղամանյանը կալանավորեց դատավորի՝ 22-ամյա օգնական երիտասարդ աղջկան՝ Թ.Պ.-ին (անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում։- Գ. Ս.), հայեցողական պաշտոն զբաղեցնող մեկին, որը միայն Դավիթ Արղամանյանի, գործը հսկող դատախազի և կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչի վառ երևակայության պարագայում կարող էր աջակցել դատավորի լիազորությունների վերազանցմանը:
Երեք տղամարդ քրեակատարողական հիմնարկ են ուղարկում երիտասարդ աղջկա, ում պաշտոնապես առաջադրված մեղադրանքը մինչ այժմ հրապարակված չէ: Եվ այդ փաստը չի հետաքրքրում իրավապաշտպան կառույցներին, հատկապես՝ Մարդու իրավունքների պաշտպանին:
168.am-ի հետ զրույցում դատավորի օգնականի պաշտպան, փաստաբան Գարիկ Գալիկյանը նշեց՝ վերաքննիչ բողոքը երեկ արդեն մուտք են արել դատարան:
Պաշտպանը տեղեկացրեց՝ իր պաշտպանյալը մեղքը չի ընդունել:
«Ես էլ՝ որպես փաստաբան, գործում որևէ հիմնավոր բան չեմ տեսել: Այսինքն՝ մարդուն իր պարտականությունները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել:
Գարիկ Գալիկյանի խոսքով՝ ինքն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեսակցել է իր պաշտպանյալին ու կարող է փաստել՝ վերջինս շատ նորմալ հոգեբանական վիճակում է:
«Երբ մարդը որևէ խնդրի մեջ որևէ մեղավորություն չունի, ու ինքը դա գիտակցում է, հեշտ է կառավարել հոգեկան աշխարհը: Ինքը կոտրվող տեսակ չէ: Մարդը կարող է ընկճված լինել, եթե իմանա՝ ինքն ինչ-որ սխալ բան է արել, ինչի համար իրեն պատժում են: Բայց երբ մարդը գիտակցում է, որ ինքը որևէ սխալ թույլ չի տվել, այլ «բեսպրեդելով» իրեն փորձում են կալանավորել, ու կալանավորում է այն դատավորը, ով նույնպես ունի օգնական ու քաջատեղյակ է դատավորի օգնականի գործառույթներից, բնականաբար, իր պայքարը տանում է առաջ»,- ասաց Գարիկ Գալիկյանը:
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալն Աջափնյակ-1 դատարանում աշխատում է դեկտեմբերից:
«Ասում են՝ օրենքն ու բարոյականությունը տարբեր կատեգորիաներ են, բայց մարդուն մեղադրանք են առաջադրում ապօրինի դատական ակտ կայացնելուն օժանդակելու մեջ այն դեպքում, երբ լավ գիտակցում են՝ դատավորի օգնականի պաշտոնը հայեցողական պաշտոն է, և նա ընդամենը դատավորի կարգադրություններն է կատարում: Այսինքն՝ դատավորի օգնականի պարտականությունների մեջ մտնում է, օրինակ, որոշման կամ որևէ դատական ակտի նախագիծ պատրաստելը, որն իր բացառիկ պարտականությունն է: Եվ մարդու նկատմամբ կարելի է իր պարտականությունը կատարելու համար հանրային քրեական մեղադրա՞նք հարուցել»,- տարակուսում է Գարիկ Գալիկյանը:
Հարցին՝ արդյո՞ք դատավորի օգնականի կալանավորումն ահազանգ չի կարող հանդիսանալ հայեցողական պաշտոն զբաղեցնող այլ անձանց համար, ովքեր կարող են վախենալ զբաղեցնել այդ պաշտոնը, փաստաբանը պատասխանեց՝ ինքն այդ առնչությամբ դատարանում հայտարարություն է արել:
«Ցանկացած պարագայում թիրախավորելով դատական համակարգի օղակներից յուրաքանչյուրին՝ լինի դատավորի օգնական, գործավար թե նիստերի քարտուղար, արդարադատության համակարգին թթվածին ներարկող վերջին խողովակն ենք կտրում: Ես բազմաթիվ քրեական գործերով եմ զբաղվել, բայց իմ կյանքում, իմ ամբողջ պրակտիկայի ընթացքում նման աբսուրդային կալանք չեմ տեսել: Երբ հրապարակվի դատական ակտը, հավատացեք՝ պարտադիր չի լինել իրավաբան, որ դա կարդաս ու չասես՝ ողբամ քեզ, իմ հայ ազգ»,- եզրափակեց Գարիկ Գալիկյանը: