Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց։ Դատավոր Ռազմիկ Մարիկյանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Ալեքսանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց Աջափնյակ 1 նստավայրի դատավորի կողմից։ Իհարկե, այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների և դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձևավորելուն (ինչպես և խոստացել էին)։
Դժվար է պատկերացնել, որ ԲԴԽ-ի կողմից դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու համաձայնություն տալը, նրան ԱԱԾ-ի կողմից ձերբակալելը և կալանավորման միջնորդություն ներկայացնելը չէր ազդելու դատավորների, առավել ևս Աջափնյակ 1 նստավայրի դատավորների վրա, որպեսզի ԱԱԾ-ին և դատախազությանը հակառակ որոշում կայացնելուց առաջ ևս 10 անգամ մտածեն ու ապահովագրվելու, շառից ու փորձանքից հեռու մնալու համար չմերժեն նրանց միջնորդությունները։
Կալանքն ինչպես կար, այնպես էլ մնում է միակ խափանման միջոցը, իսկ չկալանավորելու ցանկությունը կախված է միայն մեղադրանքի կողմից (եթե իհարկե ցանկալի ցուցմունք կտաս)»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություններ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ, որը բավարարվել էր։ Այնուհետև դատարան միջնորդույթուն էր ներկայացվել նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանի գործով անցնում է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ում խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը կհրապարակվի այսօր, ժամը՝ 14։00–ին։