«Առհասարակ անվտանգությունը նորմալ չէ, բայց այս պահին նորմալ է». Վերիշենի վարչական ղեկավար

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա տարբեր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով ամենաշատ վնասներ կրած գյուղերից մեկը Սյունիքի մարզի Վերիշեն գյուղն էր։ Բազմաթիվ տներ էին վնասվել։

168.am-ի հետ զրույցում Վերիշենի վարչական ղեկավար Արտակ Զադայանը փոխանցեց, որ  տվյալ պահին գյուղում վերականգնման աշխատանքներ են ընթանում։

«Կառավարությունը փոխհատուցում է տվել, վնասված տների մի մասը վերականգնել ենք, մյուսներն էլ վերականգնման ընթացքի մեջ են։

Ադրբեջանի հարձակման ժամանակ գյուղից 10-12 ընտանիք էր ժամանակավորապես դուրս եկել, որից 5-ն ունեին անչափահաս երեխաներ, նրանք Գորիս էին գնացել։ 3-4 օր հետո բոլորն էլ գյուղ են վերադարձել, մնացածը գյուղում են եղել։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա առհասարակ անվտանգությունը նորմալ չէ, բայց այս պահին նորմալ է»,- նշեց Արտակ Զադայանը։

Խոսելով գյուղատնտեսական աշխատանքներ  կատարելու մասին, Վերիշենի վարչական ղեկավարը փոխանցեց, որ գյուղը վարելահողեր չունի, որպեսզի մարդիկ աշնանացան անեն։

«Մեր գյուղը բացարձակ վարելահող չունի, միայն խոտհարքներ են, Վերիշենը սակավահող է, առհասարակ հող չունի։ Այսինքն՝ եթե գյուղից վերև կա, ամեն մի տեղ 5,8 հարյուր մետր  է»,- շեշտեց Արտակ Զադայանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով Վերիշենում նաև խաղաղ բնակիչ էր վիրավորվել։

Սյունիքի մարզի ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում փոխանցեց, որ տվյալ պահին գյուղում իրավիճակը հանգիստ է։

«Մարդիկ սպասում են, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքներն ավարտին հասցնեն, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տալիս, անձրևներ են»,- եզրափակեց Խաչատուր Բաղդասարյանը։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս