«Էդքանից հետո դու գետինը չե՞ս մտնում, Լևոն». ասել է Հրանտ Խաչատրյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

«Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին հարցրեցինք՝ ինչպիսի՞ն էր ՀՀ իշխանությունների դիրքորոշումը Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ:

«Լևոն Տեր-Պետրոսյանի գիծն ակնհայտ էր: Դեռ 1991թ. ամռան-աշնան շրջանում տեղի ունեցան Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընտրություններ: Մեզ մոտ տեղի է ունենում  նիստ, չհեռարձակվող, որովհետև Գերագույն խորհրդի բոլոր նիստերը հեռարձակվում էին, ու ժողովուրդը նայում էր, փակեցին… Եվ այդտեղ այն ժամանակ դեռ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկեց՝ Արցախը պետք է մասնակցի Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընտրություններին և պատվիրակություն ուղարկի Բաքու, որպեսզի համաձայնեցվեն: Ես հիշում եմ, այդ նիստի ներկաները քարացել էին, նույնիսկ՝ ՀՀՇ-ի հատվածը»,- 30 տարվա վաղեմության իրադարձությունները հիշեցրեց Շավարշ Քոչարյանը:

Արտաքին գործերի նախարարի նախկին երկարամյա տեղակալը հիշեց Հրանտ Խաչատրյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ ըստ էության սկանդալային հայտարարությանը:

«Մոտեցավ խոսափողին և Լևոն Տեր-Պետրոսյանին ու բառացի ասաց՝ «Էդքանից հետո դու գետինը չե՞ս մտնում, Լևոն»: Սրանից հետո ըստ էության էլ քննարկում չեղավ: Տեր-Պետրոսյանը հասկացավ, որ սա չի անցնի: Բայց միտումը միանշանակ էր»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Կարդացեք նաև

Նա նաև նկատեց՝ ամեն դեպքում այն ժամանակ Գերագույն խորհուրդը բավականին հզոր էր, և վերապահումով ընդունվեց: Հենց Բաբկեն Արարքցյանն էր նիստը վարում և ըստ էության չխոչընդոտեց, որ այդ վերապահումով գնա քվեարկության:

Փոխարտգործնախարարի դիտարկմամբ՝ կարելի է ձևակերպել, որ այն, ինչ չհաջողվեց Լևոն Տեր-Պետրոսյանին, հաջողվեց Նիկոլ Փաշինյանին:

«Ավելին, եթե առաջին իշխանությունը չլիներ զիջողական, երևի մենք արդեն կունենայինք անկախ Արցախ: Դրանք նույնիսկ կոպիտ սխալներ չէին: Այնքան միտումնավոր քայլեր արեցին դրան խոչընդոտելու համար, որ դրանից հետո դիվանագիտությունը տարիներ շարունակ փորձում էր այդ կառուցված պատը հաղթահարել»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս