«Կամ Ձեզ սխալ են զեկուցում, կամ իրոք ճշգրիտ ինֆորմացիայի կարիք ունեք». Քաղաքացիները՝ Էկոնոմիկայի նախարարին
«Անշարժ գույքի շուկայում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել էական փոփոխություններ: Բազմաբնակարան շենքերում այս տարվա սկզբին եղել է 462,129 բնակարան, որից հունվար ամսին չբնակեցված է եղել 70,827 (15.32%), իսկ արդեն օգոստոսին՝ 62,066 (13.43%)»։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա փոխանցմամբ՝ Երևանում 266,284 բնակարանից հունվարին չբնակեցված է եղել 28,692 (10.77%), իսկ օգոստոսին՝ 23,350 (8.77%): Գյումրիում՝ 29,253-ից հունվարին՝ 9,573 (32.72%), օգոստոսին՝ 9,189 (31.41%), Վանաձորում՝ 27,175-ից հունվարին՝ 7,103 (26.13%), օգոստոսին՝ 6,553 (24.11%), Աբովյանում՝ 14,370-ից հունվարին՝ 1,619 (11.27%), օգոստոսին՝ 1,349 (9.39%):
Նախարարը նախ հիշեցրել է, որ Կառավարությունն ունի «ռենովացիայի ծրագիր», որը բնակարանների և տների վերանորոգման վարկերի սուբսիդավորման ծրագիր է, և Երևանում բնակարանների սեփականատերերը կարող են մոտ 5% էֆեկտիվ տոկոսադրույքով վերանորոգման վարկեր վերցնել ու վերանորոգել: Հետո էլ խորհուրդ է տվել, թե ցանկության դեպքում կարող են վարձով տալ բավականին բարձր գներով։ Իսկ գրառման վերջում նախարարը տեղեկացրել է, որ այլ քաղաքներում կամ գյուղերում վարկերը հասանելի են էլ ավելի ցածր տոկոսադրույքներով։
Քաղաքացիներն արձագանքել են այս առաջարկին ու իրենց գնահատականներն ու առաջարկներն արել, թե այս քայլով գնաճը չեն կարող զսպել, ու հորդորել են հոգալ վարձով ապրողի դարդը, ոչ թե բնակարան ունեցողի:
«Բայց դրանով ոչ մի գնաճ չեք զսպի, եթե, իհարկե, նպատակը դա է: Շատ լավ է, որ մեր մոտ բնակարանների վարձակալության գների աճ է տեղի ունենում, արդեն իրոք դրսից ահագին հետաքրքրվող արտասահմանցիներ կան, ովքեր ցանկանում են մեր երկրում գույք գնել՝ վարձով տալու նպատակով: Լավ է, որ օտարերկրացիները բարձր վարձավճար են վճարում մեր ՀՀ քաղաքացիներին՝ իրենց տունը վարձակալելու նպատակով, բայց հիշենք, որ ունենք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր վարձակալությամբ են ապրում, և արդեն իրենք ունեն շատ մեծ պրոբլեմներ: Գուցե այդ սուբսիդավորման միջոցները ուղղվեն նրանց համար ավելի բարենպաստ պայմաններով բնակարան ձեռք բերելու ծրագրերին: Նաև հաշվի առեք, որ մեզ մոտ հիփոթեքային վարկերի տոկոսները գրեթե 10-14% են, և կարծում եմ՝ կամ Ձեզ սխալ են զեկուցում, կամ իրոք ճշգրիտ ինֆորմացիայի կարիք ունեք»,- գրել է Անդրանիկ Հարությունովը:
«Սրա փոխարեն թող շատ հարմար վարկեր տային՝ մարդիկ տուն առնեին։ Ոչ մի լավ բան չտեսա այս գրառման մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց անշարժ գույքի գործակալներից Ալինա Մինասյանը:
Անշարժ գույքի մեկ այլ գործակալ՝ Սևակ Հովհաննիսյանն էլ նկատեց. «Թանկ գնով բնակարանը վարձով տալը լավ է, եթե վարձում են օտարերկրացիները, սակայն պետք է պայմաններ ստեղծես, որ քո երկրի քաղաքացիները կարողանան բնակարան գնել: Պետական ֆինանսավորման ծրագրերն անհրաժեշտ է ուղղել քաղաքացիների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, որպեսզի սեփականություն կարողանան ձեռք բերել: Կարծում եմ՝ նախարարությունում ինֆորմացիայի պակաս ունեն, իրական խնդիրներին խորքային չեն տիրապետում»: