Ծիծեռնակաբերդի բարձունքում տնկվելու է մոտ 3000 ծառ, նույնքան էլ՝ թուփ
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջանքերով Ծիծեռնակաբերդի բարձունքում կյանքի է կոչվում աննախադեպ ծրագիր՝ հիմնվում է անտառ-տնկարկ: Ներկայում տարածքում իրականացվում է սանիտարական էտ եւ ծառատունկի նպատակով խրամուղների փորման աշխատանքներ: Ծառատունկն այստեղ նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին:
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ 8.5 հա տարածքում նախատեսվում է տնկել մոտ 3000 ծառ և նույնքան էլ թուփ:
«Մեր կազմակերպության և քաղաքային իշխանության խնդիրներից է՝ որտեղ հնարավոր է՝ վերականգնել Երևանի երբեմնի անտառները: Ունեցել ենք անտառհիմնման աշխատանքներ Փարոսի բարձունքում, մի փոքր մաս հիմնվել է Եռաբլուրում, Սարալանջում: Երբեք չի եղել մեր պատմության մեջ, որ անտառհիմնման աշխատանքները մեկ սեզոնի ընթացքում ընդգրկեն 10 հա տարածք»,-ասաց նա:
Արմեն Բեգոյանի խոսքով` նրանց հիմնական խնդիրն է համայնքապատկան հողերում երբեմնի անտառների` Երևանի թոքերի վերականգնումը: Նա նշեց, որ առաջին անգամ տնկանյութը աճեցվել է «Երևանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ջերմոցատնկարանային վարչությունում:
« Ձախակողմյան հատվածում անցկացվել է 1.2 հա-ի վրա նոր ոռոգման համակարգը: Ամբողջ ոռոգման ցանցը փորձարկված, պատրաստ է, ոռոգման ջրի խնդիր էլ չունենք»,-ասաց նա:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվիկ Գրիգորյանն էլ նշեց, որ դեռևս գարնանից նախագիծը կազմվել է, ամեն ինչ նախօրոք քարտեզագրվել: Տնկանյութն էլ համապատասխանում է անտառային տնկարկների համար նախատեսված բոլոր պայմաններին:
«Քանի որ սա անտառպուրակ է` շեշտը դրվել է անտառային տեսակների վրա, դրանց մեջ նաև ներառել ենք այնպիսի տեսակներ` գեղեցիկ ծաղկող, գեղեցիկ տերևներ ունեցող, որպեսզի ընդհանուր տեսքի մեջ տնկարկների գեղազարդությունը ևս ապահովվի»,-նշեց Գրիգորյանը:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի բույսերի պաշտպանության գծով փորձագետ Արմենակ Տեր- Գրիգորյանն էլ փաստեց, որ նման մասշտաբային ծառատունկ Երևան քաղաքում եզակի է իրականացվում: Նա նշեց, որ մեկ խնդիր է ծառատունկի իրականացումը, մեկ այլ խնդիր է դրանց խնամքը, բույսերի պաշտպանության աշխատանքները, հիվանդությունների, վնասատուների հայտնաբերումն ու կանխարգելումը:
«Մինչև ծառերի տեղափոխումը տնկելու նպատակով իրականացվելու է ֆիտոսանիտարական դիտարկում, ամբողջությամբ դիտարկելու ենք բույսերի արմատային համակարգը, սաղարթները` բացահայտելու համար առկա հիվանդությունները և վնասատուներին: Մենք կիրականացնենք նաև բուժման աշխատանքներ»,-ասաց նա:
Մասնագետները վստահեցնում են՝ տնկելու համար օգտագործվելու են միայն առողջ, համապատասխան ֆիտոսանիտարական սերտիֆիկատ ունեցող տնկիներ: Տարածքը լինելու է իրենց ուշադրության կենտրոնում, շեշտադրված աշխատանքներ են կատարվելու բույսերի պաշտպանության ուղղությամբ: