Միրզոյանը «սուր երևակայություն ունեցող մարդ» ասելով՝ Պուտինի՞ն նկատի ուներ. փոխադարձ կսմիթներ, սառը հանդիպում, ՀՀ դիվանագիտական հերթական տապալումը

Հոկտեմբերի 12-ին Աստանայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Այս հանդիպման նշանակությունը բարդ է թերագնահատել, քանի որ այն տեղի է ունենում Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից, ՀՀ-ում գեներացված հակառուսական տրամադրություններից ու Հայաստան-Ադրբեջան Խաղաղության համաձայնագիրն Արևմուտքում և արևմտյան պլանով ստորագրելու գործընթացի, Բաքու-Ստեփանակերտ քննարկումների միջազգային մեխանիզմի մասին խոսակցությունների, հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման որոշման ֆոնին:

Հոկտեմբերի 14-ին Աստանայում ՌԴ միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպմանն ընդառաջ՝ Լավրովի հետ Միրզոյանի հանդիպման հրապարակային հատվածն անցավ բավականին ծանր ու սառը մթնոլորտում, թեև իշխանական և իշխանամերձ, արևմտամետ շրջանակները փորձում են Արարատ Միրզոյանից հերոս կերտել, քանի որ նա նշել է, թե հայկական կողմը Ռուսաստանից մի շարք հարցերի վերաբերյալ հստակ դիրքորոշում է ակնկալում:

Դասական դիվանագիտության տեսանկյունից, ինչպես վկայում են դիվանագետները, սա ոչ թե հերոսություն է, այլ դաշնակից երկրի հետ չաշխատելու, սխալ աշխատելու և դրա հետևանքով ՌԴ-ին «կորցնելու» նշան:

Արտաքին քաղաքականությունն ու հատկապես դիվանագիտությունը, ինչպես դիվանագետներն են ասում, «սիրում է լռություն», աշխատանք առավելապես ոչ հրապարակային դաշտում, ՀՀ ազգային շահերի իրացում, դրա շուրջ դաշնակիցների ու միջազգային կառույցների հետ աշխատանք, ռիսկերի կառավարում, սպառնալիքների չեզոքացում, խնդիրների հարթում․․․ այս շարքը կարելի է անվերջ շարունակել:

Սակայն Հայաստանի դեպքում դիվանագիտությունն իր խնդիրը վաղուց չի կատարում, քանի որ արտաքին գերատեսչությունը վաղուց իր տեղում չէ և չի իրականացնում իր գործառույթները հատկապես այն բանից հետո, երբ ԱԳ փոխնախարարները հրաժարական տվեցին, ու ԱԳՆ-ն ամիսներ շարունակ մնաց առանց ղեկավարի ու ղեկավար կազմի:

Նախօրեին Աստանայում կայացած հանդիպմանն ականատես դարձանք ՀՀ դիվանագիտական հերթական տապալմանը՝ հայ-ռուսական հարաբերությունների չգոյությանը:

Իհարկե, հայաստանյան որոշ շրջանակների համար (հատկապես այն շրջանակների, որոնք 44-օրյա պատերազմն անվանում են ռուս-թուրքական սադրանք, հավասարեցնում են Ռուսաստանին ու Թուրքիային) աշխարհաքաղաքական այս խառը օրերին սա ուրախալի լուր կարող է թվալ, սակայն իրականում, որպես առանձին թեմա, չեն խոսում թուրք-ադրբեջանական սպառնալիքի, Ղարաբաղյան հիմնահարցի ու թուրանական ծրագրերի մասին:

Այս ամենում իր մեղքի ոչ պակաս էական բաժինն ունի հենց ռուսական դիվանագիտությունը, որը հասարակության մի շարք շերտերի շրջանում արևմտամետ շրջանակների քարոզչությունն ընկալելի է դարձնում:

Ի դեպ, ՌԴ այդ քաղաքականության սխալների մասին խոսում են նաև ռուսաստանցի քաղաքական վերլուծաբանները: Հայ-ռուսական հարաբերությունները ոչ մի իշխանության օրոք չեն եղել կատարյալ, սակայն այդ խնդիրները երբեք նման ձևով հրապարակային դաշտում չեն հայտնվել ու հավելյալ անվտանգային խնդիրներ չեն ստեղծել, առավել ևս՝ ՀՀ-ի համար նման ծանր իրավիճակում:

Սակայն մինչ ՌԴ արտաքին քաղաքականությունը քննադատելը՝ Հայաստանը, կանգնած լինելով գոյաբանական մարտահրավերների առջև, պետք է ունենա դիվանագիտություն իր դաշնակիցների, թշնամիների հետ, հստակ արտաքին քաղաքականություն, աշխարհաքաղաքական տեսլական, վեկտոր, ոչ թե տրվի աշխարհաքաղաքական հոսանքներին՝ դառնալով աշխարհաքաղաքական գործիք գերտերությունների ձեռքում: Ուստի հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս խնդրահարույց փուլն ունի շատ ընդարձակ պատճառահետևանքային ֆոն, որոնցից գլխավորն այս պահին Երևանում է:

Վերադառնալով հանդիպմանը, նշենք, որ Միրզոյանի արարողակարգային խոսքի բովանդակային մասը հասկանալի ու հստակ էր, իսկ պահվածքը՝ անհանգիստ, Լավրովի կողմից էլ՝ ոչ մի դրական կամ հաստատող արձագանք:

Միրզոյանը մանրամասն ներկայացրեց սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը, խոսեց ՀՀ զինծառայողների սպանության կադրերի մասին.

«Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից տեղի ունեցավ լայնածավալ ներխուժում ՀՀ տարածք, ի դեպ, դրանք տարածքներ են, որոնք մարդը միայն սուր երևակայությամբ կարող է կապել դելիմիտացիայի չավարտված գործընթացի հետ: Դրանք միանշանակ, անվերապահ ՀՀ ինքնիշխան տարածքներն են»:

Նա նշեց, որ դիմել են ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին, որոշում է կայացվել տարածաշրջան ուղարկել ՀԱՊԿ առաքելություն.

«Այդ առաքելությունն ավարտեց իր առաքելությունը, նրանք ունեն զեկույց, որը, մենք հույս ունենք, որը կքննարկվի հերթական արտահերթ ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ: Կան շատ հարցեր, որոնց վերաբերյալ մենք ունենք, ցանկանում ենք տեսնել, լսել ՌԴ դիրքորոշումը, որպեսզի արդեն կողմնորոշվենք: Ընդհանուր առմամբ մենք հանձնառու ենք եռակողմ հայտարարություններին, գնահատում ենք ՌԴ նախագահ Պուտինի անձնական ներդրումը խաղաղության հաստատման հարցում, երբ եղավ պատերազմ Լեռնային Ղարաբաղում, և ընդհանրապես ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նորմալացման գործընթացում: Զուգահեռ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ախորժակը միայն մեծանում է, և ինչպես տեսնում եք՝ խոսք է գնում ոչ թե ԼՂ-ի մասին, թեև այնտեղ խնդիրները չեն լուծվել, այլ ՀՀ ինքնիշխան տարածքների մասին, և այստեղ մենք՝ Հայաստանը, ինչպես Դուք ասացիք, Սերգեյ Վիկտորովիչ, ՌԴ դաշնակիցը և ռազմավարական գործընկերը, ակնկալում ենք ՌԴ հստակ դիրքորոշումը»:

Նա նաև ակնարկել է, որ ՄԱԿ ԱԽ նիստի ընթացքում եղել են երկրներ, որոնց հետ Հայաստանը չունի համագործակցության շատ մեծ պատմություն, որոնք, սակայն, ավելի օբյեկտիվ և հստակ իրականությունն արտացոլող հայտարարություններ են արել:

Ըստ նրա, իրադարձությունները տեղի են ունենում ինտենսիվ, բանակցությունները՝ ինտենսիվ ռեժիմով, կան շատ կողմեր, որոնք առաջարկում են իրենց միջնորդական ջանքերը, հարթակները, և ՀՀ-ի համար չափազանց կարևոր է այս բոլոր հարցերի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը:

«Մենք ցանկանում ենք ՌԴ թիկունքը զգալ և շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ եռակողմ հայտարարությունների ոգով»,- ասել է Միրզոյանը:

Նա նշել է, որ Հայաստանը միջազգային աջակցության կարիք ունի և ակնկալում է ՀԱՊԿ, ՌԴ որոշումները, ինչպես նաև ԵՄ-ի, որն ուղարկելու է փաստահավաք առաքելություն ՀՀ:

Ի պատասխան՝ Լավրովն ասել է, որ կան հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն, քանի որ Միրզոյանը դրանք շոշափեց:

Լավրովի խոսքով՝ Հայաստանի դիմումից հետո անմիջապես ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողով տեղի ունեցավ, որոշում կայացվեց ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, միացյալ շտաբի ղեկավարին, նրանք այցից հետո բերել են խորհրդատվություն, դրանք իրենց ձեռքում են ամիս կամ գուցե ավելի, և դրանց էությունն այն է, որպեսզի ուղարկվի ՀՀ տարածք Ադրբեջանի հետ սահման ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելություն, դիտորդներ, միակ բանը, որը պահանջվում է, ՀԱՊԿ խորհրդի որոշում, որը պետք է ձևավորվի նախագահողի կողմից, իսկ դա ՀՀ-ն է, ուստի երբ ազատ ժամանակ կլինի՝ իրենք պատրաստ կլինեն այդ առաքելությունը ֆորմալ առումով հաստատել:

Լավրովը նշել է, որ սրանք շատ կարևոր գործընթացներ են, որոնցում պետք է հասկանալ նաև Հայաստանի տրամադրությունները:

Միրզոյանն էլ իր հերթին ասել է, թե փորձել են, որպես նախագահող, պայմանավորվել արտահերթ նիստի մասին, բայց դեռ բոլորի գրաֆիկն այնպիսին է, որ չի հաջողվում:

«Ես կոնկրետ որևէ ժամկետ չեմ ստացել, մենք պատրաստ ենք ցանկացած պահի նման նիստ անցկացնել օնլայն ռեժիմով»,- արձագանքել է Լավրովը:

Ի դեպ, մինչ Միրզոյանի խոսքը՝ Լավրովն իր բացման ելույթում ասաց, որ այսօր իրենք ցանկանում են քննարկել, թե ինչպես են ընթանում գործերն Ադրբեջանի հետ ՀՀ բանակցություններում։

«Գիտեմ, որ բոլորովին վերջերս Եվրոպայում կապեր են հաստատվել։ Լրատվամիջոցները լի են տարբեր ասեկոսեներով ու ենթադրություններով»,- նշել է Լավրովը՝ ըստ էության արձանագրելով, որ ՌԴ-ն տեղյակ չէ բանակցություններից, ու ԶԼՄ-ներից են տեղեկանում զարգացումներից, ինչը ևս դիվանագիտական խողովակների աշխատանքի բացակայության նշան է:

Այս հանդիպումը՝ նման տոնայնությամբ, բարդ է անվանել պարզապես խնդրահարույց, այն ի ցույց դրեց հայ-ռուսական հարաբերություններում այլևս առկա համակարգային ճգնաժամն ու անվստահության մթնոլորտը:

Սակայն այս բոլոր դիտարկումների մեջ ուշագրավ էր Միրզոյանի հետևյալ միտքը, երբ նա խոսեց ՀՀ տարածք ներխուժման մասին. «Դրանք տարածքներ են, որոնք միայն սուր երևակայությամբ մարդը կարող է կապել դելիմիտացիայի չավարտված գործընթացի հետ»:

Պաշտոնական հայտարարություններին, ելույթներին հետևող վերլուծաբանները կհիշեն, որ անուղղակիորեն այս երկու գործընթացները՝ հարձակումը և դելիմիտացիան, սեպտեմբեր ամսին միմյանց կապել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սեպտեմբերի 20-ին օտարերկրյա դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը, խոսելով Հայաստանի մասին, կոչ էր արել զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին և վճռականորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին։

«Վիճահարույց տարածքային խնդիրների լուծման բանալին մասնագիտական ​​համատեղ աշխատանքն է Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում»,- ասել էր նա։

Ուստի դժվար է մտածել, որ Միրզոյանի այս արտահայտությունը պատահական էր ու չէր վերաբերում հենց ՌԴ նախագահ Պուտինին:

Պետք է ընդգծել, որ Արարատ Միրզոյանի վերոնշյալ տեքստն ուներ հստակ թիրախներ Ռուսաստանում և Արևմուտքում:

Թե ինչ հետևանքներ կունենա այն՝ ցույց կտա ժամանակը:

Այնուամենայնիվ, ԱԳ նախարարի պարագայում «դժգոհություններ» հնչեցնելն առանձնապես մեծ հերոսություն չէ․ հերոսությունը «լուռ ու արդյունավետ» դիվանագիտությունն է, որը հրապարակային դժգոհության, կսմիթների տեղ չի թողնում ու դժգոհության բոլոր պատճառները վերացնում է ոչ հրապարակային դաշտում:

Տեսանյութեր

Լրահոս