Կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ առևտրի հետվճարման գումարը սեպտեմբերին կազմել է 120 մլն դրամ
Կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակառուների, նպաստառուների անկանխիկ գործարքներից գոյացող հետվճարների համակարգին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել գործընթացի վերաբերյալ.
«Ծրագրի մեկնարկի համեմատ սեպտեմբերին ծավալները եռապատկվել են. արդեն ունենք շուրջ 1 մլրդ 200 մլն անկանխիկ գործարքներ: Այսինքն՝ ամփոփելուց հետո 120 մլն դրամ մենք կվերադարձնենք մեր թոշակառուներին և նպաստառուներին: Սակայն ցանկանում եմ ևս մեկ հանգամանքի վրա մեր ուշադրությունը սևեռել: Իրականում, անկանխիկ գործարքների թիվն ավելի մեծ է, ավելի քան 1 մլրդ 400 մլն: Անկանխիկ այս գործարքները մեր թոշակառուների և նպաստառուների կողմից հավանաբար կատարվել են ինտերնետային որոշակի ծառայությունների դիմաց՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Ես ցանկանում եմ հիշեցնել, որ հետվճարը տարածվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրի և սպասարկման կետերից, POS տերմինալների միջոցով անկանխիկ գործարքների, ինչպես նաև տվյալ քարտը սպասարկող բանկի «online banking» հավելվածի միջոցով կոմունալ վճարների դեպքում: Մյուս տպավորիչ հանգամանք այն է, որ, ըստ էության, բոլոր ցուցանիշները 50 տոկոսով աճ են գրանցում՝ և՛ շահառուների թվաքանակի մեծացման առումով, և՛ գործարքների, ինչպես նաև միջին հետվճարի թվի առումով: Հիմա կարող ենք արձանագրել, որ 3000 դրամ ամսական միջին հետվճար է տրամադրվում»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է POS-տերմինալների թվի բավարար չլինելու հարցին և նշել, որ ՀՀ-ում չպետք է լինի առևտրային կետ, որտեղ POS-տերմինալ չլինի:
«Այստեղ ես պետք է նորից Կենտրոնական բանկի և ՊԵԿ-ի ուշադրությունը հրավիրեմ, որպես տեղեկատվությանը տիրապետող մարմին. այս հարցում մենք պետք է առաջընթաց ունենանք: Հաջորդը՝ ես հերքում այն խոսակցությունները, որ համակարգը պիտի գործի մինչև 2022 թվականի վերջ: Այն պետք է շարունակվի, որովհետև, կարծում եմ, որ դա մեր սոցիալական քաղաքականության հասցեականությանն ուղղված շատ մեծ, կարևոր նշանակություն ունեցող համակարգ է: Ընդ որում, պետք է այդ տվյալների մշակում իրականացվի, որպեսզի մենք սոցիալական քաղաքականությունն ավելի հասցեական դարձնենք: Մենք ոչ թե մարդկանց, այլ խավի վարքագիծն ենք վերլուծում, որպեսզի տեսնենք, թե մարդիկ հատկապես ինչի վրա են ավելի շատ ծախսում, որպեսզի մեր հետագա սոցիալական ծրագրերը նախագծելիս, ավելի հասցեական և արդյունավետ դարձնենք դրանք»,-ընդգծել է վարչապետը: