«Կարիք չկար, որ Արմեն Գրիգորյան կոչվածը սրա համար հասներ Վաշինգտոն». Արտակ Զաքարյան
«ՀՀ-ն գտնվում է պատմականորեն ամենածանր ժամանակահատվածներից մեկում, երբ պետականության գոյության պայմաններում՝ մեր շահերը և առաջնահերթությունները միջազգային օրակարգում ներառված չեն։ Դա պայմանավորված է նրանով, որ ՀՀ իշխանությունները չեն վարում սեփական արտաքին քաղաքականությունը, որ ՀՀ-ում 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա իշխանափոխությունը» բոլորովին այլ նպատակներ է ունեցել, և նրանով, որ այսօր Հարավային Կովկասում նոր աշխարհակարգի վերադասավորումների ձևավորումը իրականացվում է ՀՀ հաշվին՝ որպես զոհ պետություն»,- «Հենարան» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ այս ամենը տեղի է ունենում հայ ժողովրդի լռության և անտարբերության ներքո:
Արտակ Զաքարյանը շեշտեց՝ ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված և նոր ոտնձգությունների ռիսկերով:
Այս համատեքստում քաղաքական գործիչն անդրադարձավ օրերս գաղտնազերծված վաշինգտոնյան հանդիպման արդյունքներով փաստաթղթի կետերին՝ չբացառելով, որ առաջիկա բոլոր գործընթացները, կնքվելիք փաստաթղթերը տեղի են ունենալու այդ շրջանակներում:
Հիշեցնենք՝ «Силовики» տելեգրամ ալիքն օրերս հրապարակել էր մի փաստաթուղթ, որն, ըստ ալիքի, քննարկվել է 2022 թվականի սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հանդիպման ժամանակ։
Այս փաստաթղթի համաձայն՝ կողմերը պարտավորվել են սկսել ժամանակի մեջ սահմանափակված, փաստաթղթային հենքով բանակցություններ՝ խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու նպատակով՝ մինչև օրացուցային տարվա վերջը, ավարտին հասցնել հայ-ադրբեջանական միջազգային սահմանի սահմանագծումը, Ադրբեջանում առաջադրել ներկայացուցիչ, որը կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված ԼՂ-ի Հայկական էթնիկ համայնքի կողմից՝ ԼՂ-ի բնակիչների իրավունքների և անվտանգության քննարկումեր անցկացնելու համար, ներգրավված մնալ քննարկումների մեջ, որպեսզի հաստատվի Ադրբեջանը Նախիջևանին միացնող երթուղի՝ ներառելով փոխադարձ մուտք Հայաստանի համար՝ Ադրբեջանով, ազատ արձակել 2022 թվականի սեպտեմբերին բռնության ժամանակ ձերբակալվածներին:
Արտակ Զաքարյանը նշեց՝ անդրադառնում է փաստաթղթին, քանի որ դրա հանրայնացումից ի վեր՝ Հայաստանում պաշտոնապես չի հնչել որևէ հերքում:
Իսկ առաջին հարցը, որ հնչեցնում է քաղաքական գործիչը, այն է, թե ինչո՞վ է պայմանավորված մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու՝ փաստաթղթում ամրագրված Ադրբեջանի շտապողականությունը:
«Բնականաբար, Թուրքիան և Ադրբեջանը շատ լավ հաշվել են, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո ՌԴ-ն արագ վերադառնալու է Հարավային Կովկասով զբաղվելու, և Արևմուտքի հետ հիմա գնում են գործարքի՝ ՌԴ-ին դուրս մղելու միջոցով տեղավորվել ՀՀ տիրույթում նաև, և խաղաղության պայմանագրի անվան տակ վերջնական կապիտուլյացիայի ենթարկել ՀՀ-ն՝ ապագայում նրա վերականգնման, նրա դերի բարձրացման որևէ հնարավորություն բացառելով,- պարզաբանեց ՀՀԿ ԳՄ անդամը, ապա անդրադառնալով գաղտնազերծված փաստաթղթի հաջորդ՝ սահմանազատման մասին կետին, նշեց,- Ի՞նչ սկզբունքով է տեղի ունենալու սահմանազատումը, ո՞ր կոմիտեի մասին է խոսքը. եթե դա այն կոմիտեն է, որն իր պարտավորությունները ստանձնել է 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ՝ ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի միջև, ապա այս դեպքում ո՞ւր է ՌԴ-ն, և որտե՞ղ են այն պարտավորությունները, որ նոյեմբերի 26-ի համաձայնագրով ստանձնել է»:
Արտակ Զաքարյանը նկատեց, որ այս արձանագրումներով պարզ չէ՝ Հայաստանը շարունակո՞ւմ է ՌԴ ջանքերն ընդունել սահմանազատման և սահմանագծման հետագա աշխատանքներում, թե՞ այսուհետ ԱՄՆ և ԵՄ քաղաքացիական ներկայացուցիչների ջանքերով է դա իրականացնում, արդյոք հնարավո՞ր է այդ ջանքերը համատեղել, թե՞ ոչ: Ըստ նրա՝ այս փաստաթղթով նոր հարցեր ու նոր խնդիրներ են ստեղծվում:
«Կարիք չկար, որ Արմեն Գրիգորյան կոչվածը սրա համար գնար-հասներ Վաշինգտոն. կարող էին խնդրել՝ ադրբեջանցիները մի թուղթ գրեին-ուղարկեին. երևի ավելի խղճով բան կգրեին, քան այս խայտառակությունը, լիարժեք կապիտուլյացիան, որ սրանք գնացել բանակցել էին:
Հայաստանն աշխարհին հետաքրքիր էր չորս հիմնական պատճառով՝ առաջինը Արցախյան խնդիրն էր, որի միջոցով ՀՀ-ն ստացել էր միջազգային քաղաքական օրակարգում լինելու իրավունք, երկրորդը՝ Սյունիքի առկայությունն է, որով ՀՀ-ն աշխարհաքաղաքական շահերին մասնակցելու հանգուցային նշանակություն ունի, երրորդը՝ ատոմակայանն է, և չորրորդը՝ Ցեղասպանության միջազգային խնդիրը:
Այսինքն՝ չորսն էլ ՀՀ ձեռքից վերցնում են. կապիտուլյանտները եկել են Արցախը տան, Սյունիքը հասցնել այն իրավիճակին, որ դադարի գործոն լինել, հաջորդ հարցը Ցեղասպանությունից հրաժարվելն է լինելու, և վերջապես, գալու են-ասեն՝ Ատոմակայանն ինչների՞դ է պետք՝ 1.5 միլիոն ժողովուրդ եք. յոլա գնացեք հէկ-երով, արևային էներգիայով (իսկ Ատոմակայանը մեզ միայն էներգիա չի տալիս, է՞):
Հետևաբար, նորից եմ ասում ժողովրդին՝ նստեն ու նորմալ մտածեն. մենք սերունդներին պետք է հայրենիք թողնենք՝ ոչ թե գաղթականի անձնագիր»,- եզրափակեց քաղաքական գործիչը:
Մանրամասները՝ տեսանյութում