26 ներկայացում՝ 14ս բեմահարթակում. HIGH FEST փառատոնը հատել է եզրագիծը
Հոբելյանական 20-րդ «Հայ ֆեստ» (HIGH FEST) կատարողական արվեստի միջազգային փառատոնը, որը կրում էր The next 20 years will be better! «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագիրը, անցկացվեց հոկտեմբերի 1-8-ը՝ հյուրընկալելով 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի և հյուրերի` հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:
Փառատոնին երևանյան 14 բեմահարթակներում ցուցադրվել է ավելի քան 26 ներկայացում: Թատերասերները հնարավորություն են ունեցել դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի հեդլայները Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնի «Ռոդեն` նրա հավերժ կուռքը» ներկայացումն է եղել, որի ցուցադրությունը մեծ հաջողություն է ունեցել: Երևանյան թատրոններից «Հայ ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես են եկել Երևանի կամերային, «Համազգային», Հ. Թումանյանի անվան տիկնիկային և «Միհր» թատրոնները:
Հիմնական ծրագրից բացի փառատոնի ընթացքում վարպետության դասեր են անցկացրել թատերագետ Անդրեյ Մոսկվինը (Լեհաստան), պրոդյուսեր Յուկկա Հիտտը (Ֆինլանդիա):
«Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» խորագրով միջազգային գիտական նստաշրջանի շրջանակներում «Հայ ֆեստ» փառատոնի հետ համագործակցությամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացել է «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թատերագիտություն» («Studia Teatralne Europy rodkowo-Wschodniej», խմբագիր՝ Անդրեյ Մոսկվին, 2021, N 2, Վարշավա) եռալեզու գիտական հանդեսի շնորհանդեսը: Հանդեսի այս համարի կենտրոնում հայ թատրոնն է, շապիկին` Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լուսանկարը և FOKUS: ARMENIA գրությունը։ Հանդեսում գիտական հրապարակումներով հանդես են եկել Արծվի Բախչինյանը (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ), Նարինե Սարգսյանը (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ), Անուշ Ասլիբեկյանը (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ), Սառա Նալբանդյանը (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ), Նազենիկ Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ), Անահիտ Բեքարյանը (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ):
Փառատոնին ներկայացումներ են ցուցադրվել նաև Գյումրիում և Վանաձորում:
«Հայ ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի հիմնադիր նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2019-2021 թվականներին Եվրոպական փառատոների ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «Հայ ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:
Հոբելյանական փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: