«ԼՂ-ի մասին որևէ ակնարկ չպիտի լինի. այն ազգային, պետական կազմավորում է եղել, նույն տրամաբանությամբ դուրս է եկել Ադրբեջանի կազմից, ինչպես Ադրբեջանը՝ ԽՍՀՄ կազմից». Աշոտ Մելքոնյան

Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև երկու փուլով հանդիպումներից հետո հայտարարություն էր ընդունվել, ինչի մասին ՀՀ կառավարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ ընդգծելով, որ հանդիպման ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը  ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

«Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով՝ սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,- նշված էր հաղորդագրության մեջ:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի  միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու համաձայնությանը և այս համատեքստում Արցախին սպասվող ճակատագրին,  պարզաբանեց, որ այն կարող է երկակի ընկալում և բացատրություն ունենալ։

Ադրբեջանի պատկերացմամբ տարածքային ամբողջականություն նշանակում է, Հայաստանը պետք է նրա տարածքային ամբողջականությունը ճանաչի Արցախով հանդերձ։ Սակայն այդպես չպետք է լինի։

Կարդացեք նաև

«Խորհրդային տարիներին, բացի Միութենական հանրապետություններից, ազգային ու տարածքային միավորներ են եղել նաև ինքնավար հանրապետությունները, մարզերը և օկրուգները։ Նման կարգավիճակ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, նման կարգավիճակ Արցախն ունեցել է 1923 թվականի հուլիսի 7-ից։ Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղն ազգային, պետական կազմավորում է եղել, ճիշտ է, Ադրբեջանի կազմում, սակայն ունեցել է որոշակի իրավունքներ՝ որպես ազգային, պետական կառույց։ Դրանք, իհարկե, սահմանափակ իրավունքներով էին, բայց բոլոր դեպքերում դրանք եղել են։

Ամբողջ խնդիրն այն է, որ երբ Ադրբեջանը 1991 թվականի օգոստոսի վերջին հռչակեց իր անկախությունը և հայտարարեց  իր դուրս գալը Խորհրդային Միության կազմից, նույն թվականի սեպտեմբերի 2-ին նույնն անմիջապես արեց նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ Շահումյանի շրջանային խորհրդի հետ համատեղ նիստում։ Այսինքն՝ Ղարաբաղն էլ դուրս եկավ Ադրբեջանի կազմից։ Խորհրդային օրենսդրությամբ, եթե միութենական հանրապետությունը իրավունք ուներ դուրս գալու Խորհրդային պետության կազմից, նույն տրամաբանությամբ իրավունք ուներ դուրս գալու մեկ այլ պետական կազմավորում, որն այս դեպքում ԼՂԻՄ-ն էր»,- նշեց Աշոտ Մելքոնյանը։

Ըստ պատմաբանի, այս իմաստով հայկական կողմը գրեթե չի վիճարկել այն փաստը, որ կողմերի տարածքային ամբողջականության ճանաչումը բացարձակապես չի ենթադրում Արցախի Հանրապետության միացում Ադրբեջանին կամ նրա կազմում։

«Վերջին 30 տարվա ընթացքում հայկական կողմը մշտապես ասել է, որ տարածքային ամբողջականությանը դեմ չեն, սակայն տարածքային ամբողջականությունը հասկանում են գոնե առնվազն 4,4 հազար քկմ  տարածքի մեջ, որպիսին եղել է ԼՂԻՄ-ը։ Եթե Ադրբեջանի հետ կնքվելիք պայմանագրի մեջ Ադրբեջանը կպահանջի, որպեսզի Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը  Արցախով հանդերձ, այ սա բացարձակապես անընդունելի կլինի։ Լեռնային Ղարաբաղի մասին այնտեղ որևէ ակնարկ չպիտի լինի, որովհետև այն ազգային, պետական կազմավորում է եղել և նույն տրամաբանությամբ դուրս է եկել Ադրբեջանի կազմից, ինչպես Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից»,- հավելեց Աշոտ Մելքոնյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ հայկական կողմը չպետք է ենթարկվի Ադրբեջանի ճնշումներին և չստորագրի մի պայմանագիր, որն արմատապես հարվածում է հայկական շահերին՝ Արցախին ու Հայաստանին։

Տեսանյութեր

Լրահոս