ՀՀ-ն այլևս չունի ռեսուրս՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու․ միջազգային ճնշումն է մնացել․ Էդուարդ Աղաջանյան
Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 7-ին, Factor–tv-ին տված հարցազրույցում անդրադարձել էր նաև Արցախի հետագա ճակատագրին և ասել, որ արցախցիների իրավունքների, անվտանգության ապահովման իրացման համար Հայաստանի Հնարապետությունը որևէ ռեսուրս չունի, և, որ միակ ռեսուրսը միջազգային հանրության ճնշումներն են։
Մասնավորապես լրագրողի հարցին՝ եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Արցախն էլ հե՞տն է ճանաչում Ադրբեջանի մաս, Աղաջանյանը պատասխանել էր․
«Նախ ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը և ՀՀ բոլոր իշխանությունները՝ առանց բացառության, տարբեր ձևաչափերով, տարբեր մակարդակներում՝ առաջին դեմքի մակարդակով, ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը առնվազն վերբալ, դա հաստատված է։
Երկրորդ՝ դա, ինչպես տվյալ փաստաթղթում հղում է արվում Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին, տվյալ հռչակագիրն ամրագրվել է 2 պետությունների Ազգային ժողովների կողմից, վավերացվել է։ Սա փաստ է, որը որևէ կերպ չի կարելի ժխտել, հետևաբար՝ սա նոր իրողություն չէ։ Բնականաբար, քաղաքական ընթացիկ զարգացումների տեսանկյունից, հաշվի առնելով պատերազմական գործողությունները, որոնց միջով Հայաստանն անցավ 44-օրյա պատերազմի ժամանակ և հետպատերազմյան ամբողջ ժամանակահատվածը, այո՛, արդիական է դառնում ևս մեկ անգամ արձանագրել, որ 2 պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, և այս համատեքստում և այս պահին ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար սա կարևորագույն արձանագրում է, մասնավորապես այն, որ Ադրբեջանը ևս ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Խոսքը գնում է կոնկրետ վերջին էսկալացիայի արդյունքում այն ռազմական իրավիճակի հետևանքների վերացման կարևորության մասին, որի համար լավագույն հիմքերից է ահա այս փաստաթղթին հղում անելը այն հայտարարության մեջ, որը քիչ առաջ նշեցիք․․․»։
Ճշտող հարցին՝ ինչպե՞ս է սա առնչվում Արցախի խնդրին, Աղաջանյանը պատասխանեց․
«Սա ըստ էության Արցախի խնդրին ուղղղակիորեն չի առնչվում։ Ուզում եմ հիշեցնել, որ գործընթացն ըստ էության գնում է այն ուղղությամբ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացը տարանջատվում է Արցախի հիմնախնդրի գործընթացից։ Կարծում եմ, որ սա դրական միտում է և դրական զարգացման ուղղություն է հետևյալ պատճառով առնվազն։
Մենք գիտենք, որ չհաշված վերջին 25 և ավելի տարիների այն բանակցային գործընթացը, որն ըստ էության, ցավոք, որևէ քաղաքական լուծման չբերեց, և որի արդյունքում մենք ունեցանք պատերազմ, փաստացի Ղարաբաղի հարցի շուրջ դժվար է երկկողմանիորեն ընդունելի որոշման գալ, և սա իր հետևից նաև բերում է Հայաստանի նկատմամբ որոշակի, շատ կոնկրետ ոտնձգությունների առիթ է հանդիսանում Ադրբեջանի համար, և Հայաստանը կոնկրետ խնդիրների է առնչվում պայմանավորված նրանով, որ այս հարցը չի լուծվում, և հնարավոր լուծման հեռանկար, որը կտեղավորվի առնվազն մեր ավանդական պատկերացումների շրջանակներում և այն պատկերացումների, որն Ադրբեջանի իշխանությունները կամ հանրությունն ունի, մոտ ապագայում դժվար է առնվազն պատկերացնել նման սցենար և նման լուծում։
Հետևաբար՝ այս 2 գործընթացներն իրարից տարանջատելով՝ նվազագույն հարցը, որ մենք լուծում ենք, դա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի արագացումն է, որովհետև հակառակ պարագայում, եթե մենք մի գործընթացը կապում ենք մյուսով, հույս ունենալ, որ այս գործընթացը տեղի կունենա առաջանցիկ տեմպերով, առնվազն տրամաբանական չի լինի։
Երրորդը՝ ինչո՞ւ է այս գործընթացը տրամաբանական, այդ թվում՝ հաշվի առնելով արցախյան հիմնախնդիրը։ Ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով՝ Հայաստանի Հանրապետությունն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները և անվտանգությունն այդ թվում։
Դուք տեղյակ եք, որ նոյեմբերի 9-ի պայմանագրի եռակողմ հայտարարության թերևս կարևորագույն կետը՝ ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ծավալումն է այն տարածքում, որտեղ շարունակում են ապրել մեր հայրենակիցները՝ արցախցի։ Կարծում ենք, որ այս հարցում մենք պետք է ապավինենք միջազգային հանրության գործիքակազմին և անենք առավելագույնը, որպեսզի միջազգային հանրությանը հասցնենք այն խնդիրները, այն օրհասական, գոյութենական խնդիրները, որոնց առնչվում են մեր հայրենակիցներն Արցախում․․․»։
Լրագրողի հարցին՝ ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց․
«ՀՀ դիրքորոշումը, մեր իշխանությունների դիրքորոշումը՝ որպես ՀՀ կառավարություն, արցախցիների իրավունքների տեսանկյունից, որևէ կերպ չի փոխվել։ Ցավալիորեն փոխվել են օբյեկտիվ իրողությունները և իրականությունը, որով պայմանավորված՝ մենք պետք է համապատասախան հետևություններ անենք և համապատասխան ռազմավարություն և մարտավարություններ որդեգրենք։ Ըստ այդմ պետք է արձանագրել, որ այն միակ ռեսուրսն արցախցիների իրավունքների, անվտանգության ապահովման իրացման համար առկա է, միջազգային հանրության միայն ճնշումների կամ կոնկրետ դիրքրոշումների պարագայում։
Այլ, որևէ ռեսուրս՝ ռազմական, տնտեսական, քաղաքական, Հայաստանի Հանրապետությունը ցավալիորեն չունի դրանք ապահովելու։ Որպեսզի հանրությունը շատ հստակ հասկանա այս քաղաքական գործընթացների՝ Ղարաբաղին առնչվող կոնտեքստը, խոսքը գնում է այն մասին, որ մեր դիրքորոշումները պետք է առավելագույնս ներդաշնակեցվեն միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որոնք առնչվում են արցախցիներին, Արցախին և ընդհանրապես Արցախի շուրջ ընթացող զարգացումներին։ Ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունը 21-րդ դարում կարող է հանդուրժել էթնիկ զտման որևէ դրսևորում։ Հայաստանի դիրքորոշումը պետք է հստակ ձևակերպվի միջազգային հանրության մեր գործընկերների հետ շփումներում։
Դառնալով ձեր հարցին՝ ի՞նչն է մեր ակնկալիքը, մեր ակնկալիքն այն է, որ արցախցիները պետք է օժտված լինեն միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներով և հնարավորություններով և այդ իրավունքները պետք է երաշխավորեն միջազգային կազմակերպությունները, որոնց գոյությունն ըստ էության նմանատիպ գործընթացներ իրականացնելն է»։
Ճշտող հարցին՝ արդյոք Ադրբեջանը Հայաստանից պահանջո՞ւմ է տարածքային ամբողջականության ճանաչումից հետո նաև նշում անել, որ ես Արցախը ճանաչում եմ Ադրբեջանի կազմում, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, որ այս պահին նման քննարկում չկա․ «Նման նախապայման չկա․․․»։