«123 պետություն կարող է աջակցել մեզ. Հայաստանը պետք է վավերացնի Հռոմի ստատուտը, ճանաչի ՄՔԴ իրավազորությունը». Գուրգեն Պետրոսյան
Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանն այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է վավերացնի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Կանոնադրությունը և ճանաչի Դատարանի իրավազորությունը:
«Թեև ՄՔԴ ներկայությունն ինչ-որ չափով զսպիչ մեխանիզմ կլինի պատերազմական հանցագործությունները կանխարգելելու առումով, բայց պետք է նաև հաշվի առնել այն դիվանագիտական գործողությունները, որոնք հիմա տեղի են ունենում, օրինակ՝ Պրահայում, և որոնք լինելու են հետագայում: Միջազգային քրեական իրավունքում կա այսպիսի հասկացություն՝ ինչքանո՞վ է միջազգային քրեական դատավարությունը օգնում խաղաղության ձեռքբերմանը: Մենք ունենք Բոսնիայի և Սերբիայի օրինակը, որոնք ինչ-որ համաձայնության եկան, բայց արդյունքում ստեղծվեց Հարավսլավիայի տրիբունալը, որը սկսեց անդրադառնալ կոնֆլիկտի բոլոր կողմերի պատերազմական հանցագործություններին: Մեր պարագայում ակնհայտ է, որ պատերազմական հանցագործությունները տեղի են ունեցել մեր աչքի առաջ՝ ադրբեջանական զինծառայողների կողմից, և դրանք բացեիբաց են: Բայց այստեղ պետք է հաշվի առնել նաև պահանջները կամ այն հայելային գործողությունները, որոնք Ադրբեջանը փորձում է անընդհատ բարձրաձայնել և դրանք ներկայացնել: Պետք է հասկանալ, թե նրանց հայելային գործողություններն ինչքանով կարող են վնասել թե՛ դիվանագիտական բանակցությունների ընթացքում, թե՛ ընդհանրապես մեր անդամակցության պարագայում:
Մեր պարագայում ես ՄՔԴ-ին անդամակցությունը կարևորում եմ, որովհետև այնտեղ գտնվում են 123 անդամ պետություններ, որոնք կարող են աջակցել քրեական գործերի շրջանակներում հայտնաբերելու, ապացույցներ ձեռք բերելու կամ պատերազմական հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ, այսինքն՝ եթե մի օր պատերազմական հանցագործություն գործած անձը հայտնվի այդ երկրներից մեկում, այսինքն՝ նրանք պարտավոր են լինելու իրեն ձերբակալել և ներկայացնել ՄՔԴ, եթե դատարանը դա պահանջի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Միջազգային իրավունքի մասնագետը նշեց, որ Աֆղանստանի գործով ՄՔԴ-ում կա այսպիսի հասկացողություն՝ interest of justice, որն ըստ նրա` նշանակում է, թե ինչքանով է արդարադատությունը հետաքրքրված այդ գործով, և ինչքանով այն կարող է նպաստել հասարակական հանգստությանը. «Դատարանը մինչև հետաքննությունը սկսելը որոշում կայացրեց, որ պետք է սկսել դատավարությունը, բայց այնուհետև ամերիկացիների քաղաքական ազդեցության արդյունքում Վերաքննիչ դատարանը հետ վերցրեց իր որոշումը՝ ասելով, որ դա չի հանգեցնի հասարակության հանդարտեցմանը, չի բխի արդարադատության հետաքրքրություններից: Այսինքն՝ պետք է հաշվի առնենք, թե ինչ ռիսկեր կան, և մեր ամբողջ հույսը չդնենք դատարանի վրա և ասենք՝ ինքը մեր բոլոր հարցերը կլուծի: Պետք է հաշվի առնել, որ այն կարող է օգնել, բայց մեր հարցերն ամբողջությամբ չի լուծի»:
ՄՔԴ Կանոնադրության դրույթները Հայաստանի ազգային օրենսդրություն ներմուծելու համար պետք է լուծվի երեք հիմնական խնդիր. վերացվեն երկրի սահմանադրական նորմերի և ՄՔԴ կանոնադրության հնարավոր հակասությունները, համապատասխանեցվեն ազգային քրեական օրենսդրությանը, և ստեղծվի համապատասխան իրավական բազա ՄՔԴ-ի հետ արդյունավետ համագործակցության համար։
Գուրգեն Պետրոսյանի խոսքով՝ վերոնշյալ փոփոխությունների որոշ մասն արդեն արվել է, որովհետև ՔՕ-ն նախորդ տարի ենթարկվել է փոփոխության, և այն դրույթները, որոնք պարունակում է Հռոմի Ստատուտը, արդեն ամրագրված են նոր ՔՕ-ով:
«Այստեղ քաղաքական մեկ այլ կարևոր դրվագ կա՝ երբ մենք բարձրաձայնում ենք պատերազմական հանցագործությունների մասին, պահանջում ենք միջազգային հանրությունից, որ դատապարտի Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, և միևնույն ժամանակ, չենք հանդիսանում ՄՔԴ անդամ, դա մեծ հարց է առաջացնում՝ ինչո՞ւ մենք չենք հանդիսանում ՄՔԴ անդամ: Դա շատ տրամաբանական հարց է:
Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը՝ դա տեխնիկական հարց է և ունի երկու լուծում՝ կամ վերանայվի ՍԴ որոշումը, կամ գնանք սահմանադրական բարեփոխումների: Մենք դրա փորձն արդեն ունենք, թե ինչ արագությամբ են այդ բարեփոխումները տեղի ունենում, դա զուտ տեխնիկական խոչընդոտ է»,- պարզաբանեց նա:
Ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան Միջազգային քրեական դատարանի անդամներ չեն, հետևաբար՝ անհրաժեշտ կլինի հատուկ իրավասություն գտնել: Հարցին՝ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում հնարավոր չէ՞ գտնել այդպիսի հատուկ իրավասություն, Գուրգեն Պետրոսյանը պատասխանեց.
«Հետաքրքիր հարց եք բարձրաձայնում. Այո, Ուկրաինան չի հանդիսանում ՄՔԴ անդամ, բայց ճանաչել է դրա իրավազորությունը դեռևս 2014թ., ու վերջին դեպքերի կապակցությամբ նույնպես ընդլայնել է իրավազորության շրջանակները: ՌԴ-ն ի սկզբանե անդամ չէր, ճիշտ է՝ ստորագրել էր, բայց հետո հետ էր կանչել այդ ստորագրությունը: Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտին, միգուցե կարելի է խոսել հատուկ տրիբունալի կամ հատուկ որևէ այլ մարմնի ստեղծման մասին, որպեսզի պատերազմական հանցագործությունները քննվեն, բայց կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև ՄՔԴ-ն կարող է իր ամբողջ ռեսուրսն օգտագործել դրա համար: Եվ հետո, հատուկ տրիբունալի համար չկա այդպիսի համագործակցություն, ինչպես ՄՔԴ դեպքում կա՝ այդ 123 պետությունների առկայությունը»:
Հետաքրքրվեցինք՝ իսկ պարտադիր չէ՞, որ Ադրբեջանը ևս ճանաչի ՄՔԴ իրավազորությունը, որպեսզի հնարավոր լինի պատժել Ադրբեջանին՝ Հայաստանի ներկայացրած փաստերի և ապացույցների հիման վրա:
«Ինչպե՞ս են ադրբեջանցի զինծառայողներն ընկնում այդ իրավազորության տակ՝ քանի որ պատերազմական հանցագործությունները կատարվում են ՀՀ տարածքում, և ՀՀ-ն ճանաչում է Դատարանի իրավազորությունը այդ տարածքի նկատմամբ, ապա ադրբեջանցի զինծառայողներն ու հրամանատարական կազմը մեխանիկորեն ընկնում են մեղադրյալների շրջանակում: Իրավազորությունն առաջանում է ոչ թե քաղաքացիության հիման վրա, այլ տարածքային, այսինքն՝ որտեղ են կատարվում հանցագործությունները: 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ միտք կար, որ քանի որ ՀՀ-ն չունի իրավազորություն՝ Արցախի տարածքների նկատմամբ, ապա նույնիսկ եթե ՀՀ-ն ճանաչեր ՄՔԴ իրավազորությունը, ապա դա չէր կարողանա անդրադառնալ հենց այդ տարածքների վրա: Միտք ծագեց, որ միգուցե ճիշտ կլինի, եթե Արցախի Հանրապետությունը ճանաչի իրավազորությունը, ըստ այդմ՝ այդ տարածքը կհայտնվի ՄՔԴ իրավասության տակ: Իհարկե, այստեղ քաղաքական հետևանքներ են առաջանում, բայց այս միտքը չօգտագործվեց»,- պարզաբանեց նրա:
Ինչ վերաբերում է դեռևս չկատարված սահմանագծմանն ու սահմանազատմանը, նա նշեց, որ ՀՀ սահմանները միջազգայնորեն ճանաչված են, և այն հատվածներում, որտեղ ադրբեջանցիներն առաջ են եկել և կատարել հանցագործություններ, դրանք ՀՀ պետական սահմաններն են. «Ադրբեջանի արգումենտացիան ոչ մի կերպ չի կարող ընդունվել»:
Գուրգեն Պետրոսյանի խոսքով՝ առանց ՄՔԴ Կանոնադրության վավերացման և առանց Դատարանի իրավազորությունը ճանաչելու՝ հնարավոր չէ ՄՔԴ-ին ներքաշել այս խնդրի մեջ:
Հետաքրքրվեցինք՝ Ադրբեջանն իր հերթին՝ Հայաստանին մեղադրում է արցախյան առաջին պատերազմի ժամանակ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, և եթե Ադրբեջանն էլ իր հերթին ճանաչի ՄՔԴ իրավազորությունը, վավերացնի Կանոնադրությունը, արդյո՞ք մտավախություն չկա, որ ՄՔԴ-ին կդիմի այդ հարցով, թե՞ քանի որ նման բան չի եղել, Ադրբեջանը փաստեր չի կարող ներկայացնել, և արդյո՞ք Արցախի վրա ևս տարածվելու է այդ իրավազորությունը:
«ՄՔԴ-ն կարող է անդրադառնալ միայն այն գործերին, որոնք կատարվել են 2001թ. հետո: Սակայն, այստեղ կա մի բայց ՝ այն պատերազմական հանցագործությունները, որոնք ունեն շարունակական բնույթ, այսինքն՝ պատերազմական հանցագործությունը չի ավարտվում միայն մարդկանց սպանելով, այլ ունենում է շարունակություն, օրինակ՝ ադրբեջանցիները բարձրաձայնում են, որ ինչ-որ քանակի անհայտ կորածներ ունեն, և անհայտ կորածի մասին տեղեկություն չհայտնելը շարունակական պատերազմական հանցագործություն է, դա նշանակում է, որ դատարանը միգուցե հնարավորություն կունենա այդ հարցին անդրադառնալ: Բայց այստեղ ուրիշ հարց է առաջանում՝ իսկ արդյո՞ք Ադրբեջանն ունի այնպիսի ապացուցողական բազա, որպեսզի կարողանա անհատների նկատմամբ ներկայացնել որևէ մեղադրանք: Մեկ այլ հարց էլ է առաջանում՝ եթե Ադրբեջանը նույնիսկ ընդունում է իրավազորությունը Արցախյան պատերազմի դեպքում, ապա ինքը ոչ միայն 90-ականների իր կատարած հանցագործություններն է բերում ՄՔԴ, այլ նաև 2016թ. գլխատումները, 2020թ. պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ մարդկության դեմ հանցագործությունները, որովհետև այն գործողությունները, որ նրանք կատարում էին, ոչ միայն պատերազմական հանցագործություններ էին, այլ մարդկության դեմ հանցագործություններ: Ինքն իրեն ավելի շատ է դնելու խնդիրների մեջ ՄՔԴ առաջ»:
Նա չի բացառում, որ Հայաստանի համար ռիսկեր կարող են լինել, բայց դրանք պետք է կառավարել. «Պետք է գնանք համապատասխան գործողությունների, իրենց դեմն առնենք, հասկանանք՝ ինչում են մեզ մեղադրում, հասկանանք դրանց մասշտաբներն ու փորձենք այդ ռիսկերը կառավարել»:
Պետրոսյանի մոտ այնպիսի տպավորություն է, որ շատ դեպքերում Հայաստանը չգիտի, թե որ ուղղությամբ է ուզում գնալ. «Ծրագրի բացակայություն կա: Այո, կան անհատներ, որոնք իրենց ամբողջ էներգիան ներդնում են պատերազմական հանցագործությունների հավաքագրման, արձանագրման, տուժողների հետ առանձին աշխատանքի մեջ, բայց պետության դերն այս պարագայում դանդաղում է՝ նախ ապացույցների հավաքագրումը պետական մասշտաբով հաստատելու, որ դրանք հետագայում օգտագործվեն: Եթե այդ ապացույցները կորեն, մենք որևէ բան չենք կարողանա անել, իսկ ժամանակն այնպիսին է, որ ապացույցները վերանում են: Պետական հստակ հայեցակարգ է պետք, մասնավորապես՝ ապացույցների առումով: Մենք հիմա բոլոր ապացույցները շատ իմպուլսային ենք հավաքագրում, այսինքն՝ ինչ որ հայտնվում է տելեգրամյան ալիքներում, միանգամից հավաքագրում ենք, բայց դրա հավաքագրման առանձին մեխանիզմ կա, թե ոնց պետք է դրանք հավաքագրվեն, որպեսզի հետագայում դատարաններում ընդունելի լինեն»:
Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոսը վստահ է, որ պետությունը պետք է դառնա այն կենտրոնական օղակը, որտեղ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ապացույցները կհավաքագրվեն:
«2020թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը պետք է լրջորեն մոտենար ՄՔԴ վավերացման գործընթացին: Դա ինչ-որ չափով պաշտպանական օղակ է ստեղծելու միջազգային իրավունքի տեսանկյունից՝ ՀՀ շուրջ: Պետք է ստեղծվեր ընդհանուր բազա, որը կհավաքագրեր բոլոր պատերազմական հանցագործությունները թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո: Միայն անհատների էներգիային չմնար: Մենք պատմությունից փորձ ունենք. Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ամերիկյան ինստիտուտներ կային, որոնք զբաղված էին զուտ պատերազմական հանցագործությունների ապացույցների հավաքագրմամբ, որոնք հետագայում իրենք օգտագործում էին Նյուրնբերգի տրիբունալում և տարբեր հաստատություններում, բայց դա շատ կենտրոնացած էր, և միայն պետությունն ուներ հնարավորություն տնօրինելու, թե որտեղ ինչ նպատակով պետք է դրանք օգտագործվեն»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում