«Չի բացառվում, որ Պրահայում միջանցքի այդ սեղանի շուրջ նաև այս հարցերը քննարկված լինեն և Փաշինյանին պահանջ ներկայացրած լինեն». Էդգար Ղազարյան
Հոկտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի է ունեցել ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի շրջանակում քննարկվել է Եվրոպական քաղաքական համայնքի ձևավորումը։
Մինչ այդ հանդիպումները տարածվել էր լուսանկար գագաթնաժողովի կուլիսներից, որտեղ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեղանի շուրջ շփվում էին Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների, ԱԳ նախարարների հետ: Լուսանկարում երևում էր նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
168.am–ի հետ զրույցում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը խոսելով Հունգարիայի վարչապետի ներկայությունից Փաշինյան-Ալիև-Էրդողան հանդիպման սեղանի շուրջ, ասաց, որ այն պարզապես ոչ դիվանագիտական հանդիպում է եղել միջանցքում, իսկ երկրորդը՝ սա Նիկոլ Փաշինյանի՝ Հունգարիայի հետ հարաբերություններ հաստատելու քայլերից մեկն է։
«Այդ լուսանկարից ու հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ դա ոչ պլանավորած կարճատև հանդիպում է։ Այդպես Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է ոչ միայն Ալիևին, Էրդողանին ու Օրբանին, այլև՝ Գերմանիայի Ֆեդերալ կանցլերին ու Հունաստանի վարչապետին։ Դիվանգիտական առումով պրիմիտիվության աստիճանի է հասնում այն, որ նման ոչ պաշտոնական հանդիպումները պաշտոնական հաղորդագրությամբ ներկայացնում ու ցույց են տալիս իբր հանդիպումներ։
Տեսանյութից ես հասկացա, որ Էրդողանը Ալիևի և Օրբանի հետ նստած է եղել, որոնց միջանցքում միացել է նաև Փաշինյանը։ Այն, որ Օրբանն Ալիևի վաղեմի դաշնակիցն է, նաև Թուրքիայի դաշնակիցը, սա վաղուց պարզ է։ Հենց Օրբանի կայացրած որոշման հետևանքով է խզվել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, այսինքն՝ անձամբ Օրբանի որոշման հետևանքով է Հունգարիան մարդասպան Սաֆարովին հանձնել Ադրբեջանին»,- նշեց Էդգար Ղազարյանը։
Ըստ նրա, Հունգարիայի հետ հարաբերությունների վերականգնելու գործընթացը Հայաստանը վաղուց է սկսել։ Այս տարվա սկզբին Հունգարիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը հանձնեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի խմբաքանակ, որը Հունգարիայի օդանավակայան հասցրեց Հունգարիայի ԱԳ փոխնախարարը, իսկ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց Հայաստանի փոխարտգործնախարարը։
«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վաղուց է սկսել գործընթաց, պաշտոնապես վերականգնելու սառեցված դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ Չի բացառվում, որ Պրահայում միջանցքի այդ սեղանի շուրջ նաև այս հարցերը քննարկված լինեն և Փաշինյանին պահանջ ներկայացրած լինեն։
Հունգարիան միշտ ձգտել է Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնել, իմ դիվանագիտական աշխատանքի ընթացքում էլ եմ դա զգացել, օրինակ, Լեհաստանում Հունգարիայի դեսպանի խոսույթից, վարքագծից, տարբեր միջոցառումների մեզ ուղարկած հրավերներից։ Այսինքն՝ ցանկանում են վերականգնել հարաբերությունները, քանի որ այս կարգավիճակն իրենց համար անարգանք է։ Բոլորին պարզ է, թե ինչու է նման բան եղել, նախ Հունգարիան խախտել է օրենքը՝ Սաֆարովին հանձնելով Ադրբեջանին, ընդ որում, սա արել են գաղտնի և ՀՀ իշխանություններին պաշտոնապես տվել են հավաստիացումներ, որ ցմահ դատապարտյալը պատիժը կկրի Հունգարիայում։ Այդ ժամանակ պաշտոնապես տեղեկություն հաստատվեց, որ Հունգարիան թողարկել է, եթե չեմ սխալվում, 360 մլն դոլարի եվրոբոնդեր, որը ձեռք է բերել Ադրբեջանը, այսինքն՝ ակնհայտ ֆինանսական բաղադրիչ ունեցող գործարք է եղել Հունգարիայի և Ադրբեջանի միջև»,- շեշտեց Էդգար Ղազարյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե այժմ նայեն Գերմանիայի Ֆեդերալ կանցլերի պաշտոնական էջին, ապա այնտեղ դժվար գրված լինի, որ միջանցքում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին։
«Եթե Նիկոլ Փաշինյանը «կոֆե բրեյքի» սեղանի շուրջ կանգնած է, ու Գերմանիայի ֆեդերալ կանցլերն անցնելուց իրեն բարևում է և երկու բառ են փոխանակում, դիվանագիտական առումով դա չեն կարող համարել պաշտոնական հանդիպում։
Օրինակ, Փաշինյան-Էրդողան և Փաշինյան-Մակրոն-Միշել պաշտոնական հանդիպում եղել է, ինչը եղել է առանձին սենյակում, դրոշներով և պլանավորված։ Պարզվում է, Նիկոլ Փաշինյանին Հունաստանի վարչապետից ու Գերմանիայի Ֆեդերալ կանցլերից բացի, անցնելուց որևէ մեկը չի բարևում, քանի որ այնտեղ ԵՄ 27 երկրների ներկայացուցիչներ են եղել՝ նախագահներ կամ վարչապետներ»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը։